Շարժման տոկունությունը. 10-րդ Ծիածան ֆորում

24-06-2025

2025 թվականի հունիսի 19-21-ը Երևանում կայացավ հոբելյանական՝ 10-րդ Ծիածան ֆորումը։ Ֆորումը ԼԳԲՏ+ համայնքի համար կարևորագույն ակտիվիստական միջավայրն է, որը տարիների ընթացքում ձևավորել է հիշողություն, սոլիդարություն և նոր հնարավորությունների դաշտ։ Այս տարվա խորագիրը՝ «Շարժման տոկունությունը», սերտորեն կապված էր մարտահրավերների, ինչպես նաև կայունացման ու վերաիմաստավորման գործընթացների հետ։ 

Ֆորումը մեկնարկեց ոչ միայն տոնական, այլև՝ անցած ճանապարհին անդրադարձ կատարելու մթնոլորտով։ Միջոցառման բացման արարողության ժամանակ ներկաները դիտեցին և լսեցին նախորդ տարիների մասնակիցների ուղերձները, որին հաջորդեցին ակտիվիստների ելույթները, տաղանդավոր արտիստի դրեգ կատարումը և անդրադարձ կատարվեց ԼԳԲՏ+ շարժման պատմությանը Հայաստանում։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպանը  և ազդարարվեց 10-րդ ֆորումի բացումը։

Ֆորումի քննարկումների առանցքում էին ապահով քվիր տարածքներ ունենալու, դրանց անվտանգության և հասանելիության հարցերը։ Մեկ այլ կարևոր թեմա էր համայնքի ներսում բռնության դեպքերը՝ հատկապես սեռական ոտնձգությունները, համաձայնության բացակայությունը, դիրքի չարաշահումը և լռության մշակույթը։

Սեռական առողջության և ծառայությունների հասանելիության թեմայի մասին քննարկելիս՝ մատնանշվեցին հատկապես բժշկական գաղտնիության խախտման, քվիր համայնքի նկատմամբ ոչ զգայուն մոտեցման և սեռական կրթության պակասի հետ կապված խնդիրները։ Իսկ տրանս անձանց վերաբերող քննարկման ընթացքում ներկայացվեց Հայաստանում իրականացված մի կարևոր հետազոտություն, որն անդրադառնում է գենդերի վերահաստատման գործընթացի իրավական, բժշկական և բյուրոկրատական շերտերին։

Ֆորումի ընթացքում հանդես եկան նաև աջակցող մասնագետներ, որոնք տարիներ շարունակ շարժման կարևոր գործընկերներ են եղել։ Մասնագետները՝ հոգեբան, հոգեթերապևտ, սեքսոլոգ և սոցիալական աշխատող, ոչ միայն կիսվեցին իրենց մասնագիտական փորձով, անձնական մոտիվացիայով, սահմանների պահման և խոցելի խմբերի հետ զգայուն աշխատանքի բարդություններով, այլև՝ կարևորեցին կոնվերսիոն փորձերի դատապարտման իրենց դերի մասին։

Հուզիչ քննարկում տեղի ունեցավ՝ ամուսնություն, զուգընկերային միավորում, երեխաներ ունենալու ցանկության և դրա իրավական խոչընդոտների վերաբերյալ։ Ընդգծվեց, որ այս թեմաները մշտապես մնում են անտեսված, մինչդեռ դրանք ուղղակիորեն առնչվում են արժանապատիվ կյանքի հնարավորությանը։

Տարածաշրջանի անկայունությունը, ժողովրդավարական ինստիտուտների թուլացումը, և իրավունքների սահմանափակումը՝ հատկապես խոցելի խմբերի համար, պահանջում են կայուն համախմբում, քաղաքական գիտակցություն և ակտիվություն։ Այդ պատճառով հատուկ ուշադրության արժանացավ ֆորումի միջազգային բաղադրիչը, որտեղ ԼԳԲՏ+ հավասարության Արևելյան Եվրոպայի կոալիցիայի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց երկրներում գործադրած ջանքերը, պայքարի փորձը և համագործակցության մեխանիզմները։ Նրանք կիսվեցին այն օրինաչափություններով, որոնք տարբեր երկրներում սահմանափակում են ԼԳԲՏ+ անձանց հնարավորությունները, և թե ինչպես են տարբեր կազմակերպություններ դիմակայել այդ մարտահրավերներին։

Քննարկումներին զուգահեռ գործում էր բաց տարածք, որտեղ մասնակիցները կարող էին շփվել, ծանոթանալ և կիսվել իրենց պատմություններով։

Մեկ այլ հիշարժան պահ դարձավ ֆորումի «Բերնեբերան» պատմությունների երեկոն, որի ընթացքում մասնակիցներն ու համախոհները կիսվեցին իրենց անձնական, հաճախ՝ շատ խորը պատմություններով։ Դրանք պատմվում էին սիրով, հումորով, վերապրումներով, սրտի կսկիծով ու հույսով։ Ոմանք պատմում էին քաջության մասին, ոմանք՝ կորուստների, բայց բոլոր պատմություններն էլ հագեցած էին արժանապատվությամբ ու մարդկային անկեղծությամբ։

Ֆորումի վերջին օրը կազմակերպվեց նաև «Փինք Փեն» գրքի շնորհանդեսը, որն ի ցույց դրեց համայնքի մտավոր և ստեղծագործ ներուժը։ Շնորհանդեսի ընթացքում նշանավոր գրող Արմեն Հայաստանցին և գործընկերները ներկայացրին պատմվածքների նոր ժողովածուն՝ ստեղծված Փինք ՀԿ-ի և Փեն Արմենիայի համագործակցությամբ։ Գիրքը ներառում է տարբեր սերունդների հեղինակների արձակ գործեր, որոնք շոշափում են լուսանցքայնացված սեռականության, ինքնության, սիրո և ընդունման թեմաները։

Այս և բազում այլ հարցերի շուրջ քննարկումներով հագեցած օրերից հետո ֆորումի փակումը դարձավ ոչ միայն շնորհակալության պահ, այլև՝ շարժման շարունակականության, ներշնչման և նոր ուժով լցվելու հնարավորություն։ Փինքի թիմը երախտագիտություն հայտնեց բոլոր մասնակիցներին, խոսնակներին, վարողներին ու հատկապես կամավորներին, որոնց անտեսանելի, բայց նշանակալի ներդրումը թույլ տվեց ֆորումը դարձնել էլ ավելի կայացած։ 10-րդ ֆորումի փակումը նշանավորվեց հայտնի իրավապաշտպան Լարա Ահարոնյանի ոգեշնչող ելույթով։ Իր խոսքում Լարան հիշեցրեց մեզ, թե որտեղից ենք գալիս, ինչի միջով ենք անցել որպես շարժում և որքան կարևոր է շարունակել՝ նույնիսկ այն պահերին, երբ թվում է, թե ամեն ինչ կանգ է առել։ Նա խոսեց ուժի, հոգատարության, համառության ու սոլիդարության մասին․ արժեքներ, որոնց վրա մեր շարժումը տարիներ շարունակ հենվել է ու պիտի շարունակի հենվել։ Նրա խոսքը դարձավ ոչ միայն ամփոփում, այլ՝ ուղեցույց առաջիկա տարիների համար։

Լարա Ահարոնյանին շնորհվեց նաև ԼԳԲՏ+ շարժման ոգի մրցանակը՝ մշտապես համայնքի կողքին լինելու, աջակցության և ոգեշնչման համար։

Փակման պահը դարձավ նոր գաղափարների, կապերի, մտքերի և ճանապարհների սկիզբ։ Բոլոր ներկաներն այն զգացողությամբ ավարտեցին ֆորումը, որ իրենց ձայնը լսվեց, հույզերը՝ ընկալվեցին, իսկ ներկայությունը՝ արժևորվեց։ Սա շարժման տոկունության ամենավառ արտահայտությունն էր։

Այսպիսով, 10-րդ Ծիածան ֆորումը ոչ միայն վերականգնեց շարժման հիշողությունը, այլ նաև հնարավորություն տվեց նայել առաջ։ Այն հիշեցրեց, որ ապահով տարածքները չեն ակնկալվում, այլ՝ ստեղծվում են, և որ շարժման շարունակականությունն ապահովվում է այնտեղ, որտեղ կա վստահություն, պատասխանատվություն և միասնական ձգտում՝ ունենալ ավելի արդար ու իրավահավասար աշխարհ։