Շուռնուխում տեղի ունեցած հարձակման գործի քննությունը կշարունակվի

2018 թ. Շուռնուխում ենթադրյալ ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է դատախազի որոշումը` քրեական վարույթ չհարուցելու մասին։ Միևնույն ժամանակ պարտավորեցրել է քննչական մարմնին` ապահովել պատշաճ, համակողմանի, արագ և առանց անհարկի ձգձգումների նախաքննություն։
Դատարանը արձանագրել է, որ նախաքննությամբ ձեռք են բերվել միմյանց հակասող փաստական տվյակներ, ընդ որում՝ այդ հասակությունները դատարանի գնահատմամբ էական են վարույթով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները հաստատելու կամ հերքելու տեսանկյունից։
Դատարանը չի համաձայնել դատախազի այն պնդմանը, թե միջադեպը կապված չէ տուժողների գենդերային ինքնության հետ, և որ հետևաբար սույն դեպքում խոսքը չի կարող գնալ անձանց իրավահավասարության խախտման մասին։
Դատարանը նաև անհամաձայնություն է հայտնել արարքի որակման հետ, որով անտեսվել էր տուժողների սահմանադրական իրավունքների պաշտպանության շահը` իրավահավասարության խախտմամբ պայմանավորված։ Այն նաև նշել է, որ պատշաճ գնահատման չի ենթարկել տուժողների սեռական կողմնորոշումը, նրանց գենդերային ինքնությունն ու ենթադրյալ դեպքին նախորդող և ուղեկցող հանգամանքները, այդ թվում՝ նաև վերջիններիս հասցեին հնչած խտրական արտահայտությունները, որոնք վկայում են արարքը ատելության շարժառիթով կատարված լինելու հանգամանքը։
Քննության ընթացքում թույլ տրված այս և այլ խախտումների մատնանշմանը զուգընթաց դատարանը նաև շեշտել է, որ գործը քննող մարմինը չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները, չի իրականացրել պատշաճ քննություն։
Ողջունում ենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և հույս հայտնում, որ այս անգամ ի վերջո կիրականացվի պատշաճ, համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` հանգեցնելով տուժողների իրավունքների վերականգնման։
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 ենթադրյալ ԼԳԲՏ+ անձինք և ակտիվիստներ ենթարկվել էին հարձակման, ծեծի, հետապնդման։ Գործի քննությունը ընթանում է շուրջ յոթ տարի։ Քննչական մարմինը, փաստացի ձախողել է արդար դատաքննության իրականացումը, ինչը հանգեցնում է տուժողների մի շարք հիմնարար իրավունքների խախտման։