Ի՞նչ սպասել աջակցության դիմելիս

10-12-2024

Ի՞նչ կարող եմ զգալ թեժ գծին զանգելիս, մասնագետին կամ կազմակերպությանը դիմելիս

Օգնության դիմելը կարող է առաջին հայացքից վախեցնող լինել կամ անհարմար թվալ։

Կարևոր է հիշել, որ արձագանքողը պատրաստակամ է լսել ու աջակցել Ձեզ, ունի համապատասխան մասնագիտական վերապատրաստում, պատկերացնում է, թե ինչի միջով կարող եք անցնել և կարող է տեղին ուղղորդում անել։    

Երբ մենք վտանգի մեջ ենք, հաճախ սկսում է գերակայել մեր հուզականությունը։   

Արձագանքող մասնագետը կարող է օգնել Ձեզ կենտրոնանալ իրավիճակի վրա ու կոնկրետ քայլեր անել։   

Բռնության ենթարկվելու դեպքում թեժ գծին զանգահարելիս կամ օգնող մասագետին դիմելիս Ձեզ մոտ կարող է լինել անհարմարություն, լարվածություն, վախ, ամոթի կամ մեղավորության զգացում։   

Կարևոր է հիշել, որ բռնության ենթարկվելիս Դուք չունեք որևէ մեղավորություն. մեղավոր է միայն բռնության ենթարկողը։ Իսկ մասնագետը պատկերացնում է, թե ինչ հուզական վիճակում ու հոգեվիճակում Դուք կարող եք գտնվել, և համբերությամբ ու հարգանքով պատրաստ է Ձեզ լսել, պատասխանել հարցերին կամ տալ անհրաժեշտ տեղեկությունը։

Ի՞նչ քայլեր ինձ կարող են առաջարկել

1․ Անվտանգության գնահատում

Ձեզ կարող են տալ հարցեր՝ հասկանալու, թե անվտա՞նգ եք այս պահին, թե՞ ոչ։ Եթե բռնություն կիրառողից այդ պահին անմիջական վտանգ է սպառնում, ապա մասնագետը Ձեզ կօգնի հասականալ, թե որն է ճիշտ տարբերակը Ձեր անվտանգությունն ապահովելու համար և ինչ քայլեր է պետք ձեռնարկել։ Եթե վտանգը գնահատվում է անխուսափելի, ապա արձագանքողը կարող է ուղարկել արագ արձագանքման մասնագետների կամ ոստիկանների Ձեզ պաշտպանելու համար։  

2․ Իրավիճակի հասկացում  

Եթե մասնագետը գնահատում է, որ Դուք այս պահին ապահով եք կամ արդեն ապահով իրավիճակում եք, ապա Ձեզ կարող է հարցնել կատարվածի ու Ձեր զուգընկերոջն առնչվող այլ հարցերի մասին։ Դա նրա համար է, որ մասնագետը կարողանա պատկերացնել ամբողջական իրավիճակը և համապատասխան Ձեզ ուղղորդել։ Կարող են հնչել նաև ինտիմ բնույթի հարցեր, որոնք երբեմն դժվար է պատմել անծանոթին։ Կարևոր է հիշել, որ թեժ գծին արձագանքող կամ օգնող մասնագետը պարտավորվում է պահպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը։Կարող է լինել նաև, որ թեժ գծին արձագանքողը կամ օգնող մասնագետը  մանրամասն հարցեր չտա Ձեզ հեռախոսազանգով, այլ առաջարկի, որ անձնապես հանդիպեք և զրուցեք ապահով վայրում։ Վերոնշյալ հարցերը, կարող է, հենց այդտեղ էլ քննարկեք միասին։ 

3․  Ուղղորդում

Հետագա քայլերից կարող է լինել, որ մասնագետը ուղղորդում անի ոստիկանություն՝ դիմում ներկայացնելու ու հետագա բռնությունը կանխելու նպատակով, կամ որևէ մասնագետի՝ հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, փաստաբան, բժիշկ, այլ մասնագետ՝ համապատասխան օգնություն ստանալու համար։   

4․ Կապի պահպանում

Քանի որ աջակցությունը մեկանգամյա գործընթաց կարող է չլինել, աջակցող մասնագետը կարող է կապ պահել Ձեզ հետ՝ Ձեզ մենակ չթողնելու համար, նաև վստահ լինելու, որ Դուք ստացել եք համապատասխան աջակցություն այլ մասնագիտական կառույցներից։   

* Գաղտնիության պահպանում

Թեժ գծին արձագանքող կամ օգնող մասնագետը պարտավորվում է պահպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը։ Չնայած դեպքը կարող է արձանագրվել կամ ուղղորդման ժամանակ փոխանցվել այլ մասնագետների, սակայն Ձեր անձնական տվյալները (անձնագրային տվյալներ, հասցե կամ Ձեզ նույնականացնող այլ տեղեկություն) սովորաբար կոդավորվում են՝ պահպանելով անանունությունը, կամ չեն կարող ներկայացվել առանց Ձեր հստակ համաձայնության։ Բացառություն կարող է լինել միայն այն դեպքը, եթե մասնագետը գնահատում է, որ այդ պահին Ձեր կյանքին անմիջական վտանգ է սպառնում։

ԲՌՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԵԼԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է։

Թեժ գծեր


ԼԳԲՏ+ անձանց համար ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքում (Փինք իրավապաշտպան ՀԿ)՝ 033 522 533

Ընտանեկան բռնության դեպքում (Կանանց աջակցման կենտրոն ՀԿ)՝ 099 887 808

Սեռական բռնության դեպքում (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ)՝ 077 991 280

Ոստիկանություն՝ 1-02

Թեմայի մասին ավել կարող եք կարդալ «Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները» տեղեկատվական գրքույկից։