«ԼԳԲՏԻ հիմնահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանս Երևանում
Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցության միջոցով։
Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի արդյունքում մշակված փաստաթղթերը և նախագծերը, ինչպես նաև կատարված հետազոտությունները։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը ներկայացրեց ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս) անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում, նշելով, որ հաճախ են խախտվում ԼԳԲՏԻ անձանց իրավունքները և տարբեր ոլորտներում նրանք բախվում են խտրական վերաբերմունքի։
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած հարցազրույցները, միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏԻ հարցերին՝ ներկայացնելով քաղաքական ուժերի և պետական մարմինների ներկայացուցիչների անդրադարձների մշտադիտարկման արդյունքները։
Կոնֆերանսի ժամանակ Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը և ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեցին ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված ջատագովության երկարաժամկետ ռազմավարությունը։
Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրադրության, առկա խնդիրների և անհրաժեշտ օրենսդրական և քաղաքականության փոփոխությունների մասին, մասնավորապես ներկայացվեց «Գենդերային վերափոխության իրավական ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և օրենքի անհրաժեշտության հիմնավորումը, որն իրականացրել էր Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ-ն։
Կոնֆերանսին ներկայացվեցին նաև հայկական համատեքստում սեռականության հարցերին վերաբերվող հետազոտությունը, որն իրականացրել էր «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը, ինչպես նաև «Որոշում կայացնողների և կարծիք ձևավորողների դիրքորոշումները ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում» հետազոտության վերլուծությունը, որն իրականացրել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն։
Կոնֆերանսին ներկա էին ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից, Ազգային ժողովից, ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակությունից։