ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հարուցելը հանցանք է

30-04-2019

Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել են «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են ինչպես պետական և միջազգային կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում օրակարգով նախատեսված ելույթների շրջանակում, սահմանված կարգի համաձայն, գրանցվելուց հետո ելույթ էր ունեցել «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով ներկայացել էր՝ որպես տրանսգենդեր կին, և բարձրաձայնել տրանսգենդեր անձանց նկատմամբ գենդերային ինքնության հիմքով տեղի ունեցող հանցագործությունների և դրանց անպատժելիության խնդիրը։

Ելույթի ավարտից հետո նիստը նախագահող Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայն իր վրդովմունքն էր արտահայտել ելույթի առնչությամբ՝ նշելով, որ տրանսգենդեր անձանց խնդիրները օրակարգում ներառված չեն եղել, հետևաբար այդ թեմայի մասին խոսելը անհարգալից վերաբերմունք է իր և խորհրդարանի նկատմամբ։ Հատկանշական է, որ լսումների վերաբերյալ նախապես տարածված հաղորդագրություններում և օրակարգում թեմատիկ նման սահմանափակում նախատեսված չի եղել, և լսումների ընթացքում այլ անձանց ելույթներում նույնպես տեղ է գտել գենդերային ինքնության հարցը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Վարդան Ղուկասյանը բացասական դիրքորոշում են արտահայտել ՀՀ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր անձի ելույթի, նրա բարձրաձայնած թեմաների վերաբերյալ, օգտագործել են վիրավորական արտահայտություններ, տրանսգենդեր (ինչպես նաև նույնասեռ կողմնորոշում ունեցող) անձանց նկատմամբ ատելություն և թշնամանք հարուցող կոչերով են հանդես եկել։

Այս առնչությամբ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Մարդու իրավունքների տուն Երևանի հետ համատեղ դիմումներ են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ՝ Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ծառուկյանի, Գևորգ Պետրոսյանի, Վարդան Ղուկասյանի արտահայտությունները՝ որպես պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու վերաբերյալ։

Բացի այդ, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի, ՀՀ քաղաքացիներ Եփրեմ Մարգարյանի, Արարատ Խանդոյանի հայտարարությունների և կոչերի վերաբերյալ, քանի որ վերջիններիս հայտարարությունները, որոնք իրենց բնույթով սպառնական են, կարող են խոսել ԼԳԲՏ անձանց նկատմամբ նախապատրաստվող հանցագործության կամ հանցափորձի մասին։

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ տիկին Զոհրաբյանի արձագանքը Լիլիթ Մարտիոսյանի ելույթին գնահատելով որպես խտրական և մարդու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաև կոչ էին արել ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ այլ պատգամավորներին հանդես գալ դատապարտող հայտարարություններով և այլն։