Այս տարի արձանագրվել է խտրականությամբ զուգորդված ՍԿԳԻ հիմքով դեպքերի աճ
2019թ. 1-ին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսների ընթացքում, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն արձանագրել է սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով պայմանավորված խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 24 դեպք: Համեմատության համար պետք է նշել, որ 2018թ. ընթացքում արձանագրվել է ընդհանուր առմամբ 25 դեպք:
Արձանագրված իրավախախտումներից 3-ը տեղի են ունեցել նախորդ տարիների ընթացքում, սակայն բացահայտվել են միայն 2019թ.:
Արձանագրված դեպքերի մեջ կան նաև ընտանեկան բռնության 7 դեպք: Բռնությունը մեծամասամբ կիրառվել է ծնողների կողմից զավակի նկատմամբ վերջինիս ՍԿԳԻ մասին իմանալուց կամ կասկածելուց հետո կամ նրան ԼԳԲՏ անձանց հետ ասոցացնելուց հետո: Ծնողները և ընտանիքի այլ անդամները անձանց ենթարկել են ֆիզիկական բռնության՝ ծեծել են, ապօրինի կերպով զրկել են ազատությունից, ինչը զուգորդվել է վիրավորանքներով, հայհոյանքներով և սպառնալիքներով: Ծնողները զավակների նկատմամբ կիրառել են նաև տնտեսական բռնություն՝ սահմանափակելով նրանց անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դպրոց հաճախելը, զրկել են նրանց գենդերային ինքնությանը համապատասխանող հագուստից: Ընտանիքում բռնության ենթարկված անձանց մեծամասնությունը չի ցանկացել դիմել իրավապահ մարմիններին:
Քիչ չեն նաև դեպքերը (արձանագրվել է 6 դեպք), երբ ԼԳԲՏ անձանց ծանոթները, ընկերները, իմանալով նրանց ՍԿԳԻ մասին, այդ մասին տեղեկացրել են նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին՝ խախտելով նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
Արձանագրվել է շորթման 2 դեպք, երբ ԼԳԲՏ անձանց ծանոթները գումար են պահաջել նրանցից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանց նույնասեռ հարաբերությունների մասին կպատմեն ընտանիքի անդամներին:
Արձանագրվել են նաև ԼԳԲՏ անձանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ տալու 5 դեպքեր: Այս դեպքերում սպառնալիքները զուգորդվել են անձանց ՍԿԳԻ վերաբերյալ վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով։
Անծանոթների կողմից անձանց իրենց ՍԿԳԻ համար ֆիզիկական բռնության ենթարկելու 4 դեպք է արձանագրվել, որոնցից մեկը կիրառվել է զորակոչիկի նկատմամբ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահի կողմից: Վերջին դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանությանը, գործը այժմ գտնվում է նախաքննության փուլում:
Արձանագրվել է անձի սեռական անձեռնմխելիությունը խախտելու 1 դեպք՝ իր սեռական կողմնորոշման նկատմամբ բացասական վերաբերմունքի հիմքով՝ զուգորդված խտրականությամբ։
Կազմակերպության կողմից արձանագրված իրավախախտումների դեպքերը երբեմն փոխկապված կամ համակցված են լինում, այսինքն՝ երբեմն իրավախախտները ոտնահարում են անձանց միանգամից մի քանի իրավունքներ և ազատություններ: