Մեր արձագանքը ԼԳԲՏ+ հարցերի նոր շահարկումներին
Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարևոր է համարում հանրային արձագանք տալ վերջին շրջանում տեղի ունեցող ապատեղեկատվության և ԼԳԲՏ+ հարցերի շահարկման խոսույթներին։
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ 47-րդ նախագահի քաղաքականությունը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում՝ խաթարելով ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Նրա որոշումները ուղղակիորեն վնասում են կանանց իրավունքները, համաշխարհային առողջապահական ծրագրերը, միգրանտներին, ԼԳԲՏ+ անձանց և մարդու իրավունքների լայն շրջանակին։ Այս քաղաքականությունը ոգեշնչում է աջ ծայրահեղական խմբերին, որոնք այն ընկալում են որպես իրենց գաղափարների հաղթանակ։ Սակայն նրանք հաճախ անտեսում են, որ այդ քաղաքականությունը կարող է վտանգել նաև իրենց և իրենց հարազատներին՝ հաշվի առնելով դրա լայնածավալ բացասական հետևանքները։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորման դադարեցումը լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն սկսած 1990-ականներից շարունակ աջակցել է Հայաստանին՝ տրամադրելով հումանիտար աջակցություն և ներդրումներ կատարելով մարդու իրավունքների, կրթության, գյուղատնտեսության, համայնքային զարգացման և տնտեսական բարեփոխումների ոլորտներում։ Այս միջոցների կրճատումը կհանգեցնի ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման խաթարմանը, ինչը կվտանգի խոցելի խմբերի բարեկեցությունը։
Որոշ ծայրահեղական խմբեր թիրախ են դարձրել ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորում ստացած ԼԳԲՏ+ խմբներին։ Սակայն կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի փակումը կազդի ոչ միայն ԼԳԲՏ+ համայնքահեն կազմակերպությունների, այլև Հայաստանի զարգացման բոլոր ոլորտների վրա։
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն, որը գործում է դրամաշնորհային ծրագրերի և անհատական հանգանակությունների հիման վրա, կրկին դարձել է ապատեղեկատվության և մանիպուլյացիաների թիրախ։ ԱՄՆ Հանրապետականների Սենատի հրապարակումից հետո, որտեղ նշվում է, որ 2019-2023 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում ԼԳԲՏ+ հարցերին աջակցելու համար տրամադրել է 1,1 մլն դոլար, Փինք ՀԿ-ի դեմ ատելության խոսքի և կեղծ մեղադրանքների նոր ալիք է սկսվել։ Մասնավորապես, փորձ է արվում այս ֆինանսավորումը կապել Հայաստանում 2018 թվականի հեղափոխության և ներկա իշխանության հետ, չնայած որ Փինք ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցում է 2015 թվականից։ Իսկ մենք մշտապես բաց ու թափանցիկ ենք աշխատել՝ պատշաճ կերպով ներկայացնելով տարեկան հաշվետվությունները պետությանը, ֆինանսավորող կողմերին, կազմակերպության անդամներին և շահառուներին։
Հարկ է նշել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության համար տրամադրված ֆինանսավորումը համեմատաբար փոքր մասն է կազմում իրենց ընդհանուր դրամաշնորհների համատեքստում։ Ավելին, Փինք ՀԿ-ի ստացած միջոցների մոտ 70%-ը վերաբաշխվել է որպես ենթադրամաշնորհ այլ կազմակերպություններին կամ օգտագործվել տեղական ու միջազգային հետազոտական և խորհրդատվական ծառայությունների համար։
Մեր ծրագրային ռեսուրսները ձևավորվում են ոչ միայն դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, այլ նաև Հայաստանում, Սփյուռքում և այլ երկրներում բնակվող անհատների հանգանակությունների շնորհիվ, որոնք կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը ու համամարդակային արժենքերի խթանումը Հայաստանում։ Մենք անչափ երախտապարտ ենք մեր աջակիցներին նվիրվածության համար։
Մարդու իրավունքների պաշտպանությունը հաճախ դառնում է քաղաքական մանիպուլյացիաների թիրախ, իսկ ատելության խոսքը՝ հասարակությունը պառակտելու գործիք։ Փինք ՀԿ-ն շարունակում է պաշտպանել ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքները, նպաստել ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և աջակցել խոցելի խմբերին՝ անկախ քաղաքական մթնոլորտից և անկախ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների աղբյուրներից։
Մենք կոչ ենք անում քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին ձեռնպահ մնալ մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից և ատելության խոսքից, որոնք վնասում են քաղաքացիական հասարակությանը և Հայաստանի զարգացման ներուժին։ Մարդու իրավունքները չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա, և ցանկացած ոտնձգություն դրանց նկատմամբ պետք է հանդիպի վճռական հակազդեցության։