Լրամփոփ | ապրիլ 2025

02-05-2025

ՄԻՊ 2024 թ. տարեկան հաղորդում

Այս տարի ևս հաղորդման «Իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո առանձին գլուխ է հատկացված ԼԳԲՏ անձանց իրավունքներին, ինչպես նաև սեռական ոտնձգությունների խնդրին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունենալու հիմքով խտրականությանը։

2024 թվականի ընթացքում Պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ, որոնցով ներկայացվել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով իրավունքների խախտման, խտրական վերաբերմունքի և արժանապատվությունը նվաստացնելու դեպքեր քրեակատարողական հիմնարկում, ոստիկանների և քննիչների կողմից, նաև բժշկական անձնակազմի կողմից։

Խոսելով օրենսդրական խնդիրների մասին՝ շեշտվում է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես պաշտպանված հատկանիշ, խտրականությանը, ատելության խոսքին և ատելության հիմքով հանցանքներին վերաբերելի կարգավորումներում նախատեսված չլինելը։ Պաշտպանը վերահաստատում է, որ անհրաժեշտ է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանվող հանգամանք, օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել։

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

10-րդ Ծիածան ֆորում

Այս տարի մենք կազմակերպում ենք հոբելյանական 10-րդ Ծիածան ֆորումը, որն արդեն դարձել է հայկական ԼԳԲՏ+ շարժման խորհրդանիշներից մեկը։ Տարիների ընթացքում Ֆորումը եղել է հարթակ, որտեղ մենք կարողացել ենք հավաքվել, մտորել ընթացիկ հարցերի ու խնդիրների շուրջ։ Կիսվել ենք մեր մտահոգություններով ու ձեռքբերումներով, պարզապես շփվել ու ծանոթացել միմյանց ու մեր կատարած կարևոր աշխատանքների ու ներդրումների հետ։

Այժմ մեր կայքում արդեն հասանելի է ֆորումի էջը, որտեղ կարող եք ծանոթանալ միջոցառման մանրամասներին, դիմել մասնակցության համար և առաջարկել օրակարգային թեմաներ ֆորումի ընթացքում քննարկելու նպատակով։ Այնտեղ կարող եք կարդալ նաև նախորդ ֆորումների մասին ամբողջական տեղեկատվությունը։

Խնդիր, որը պահանջում է լուծում

Վերջերս հրապարակեցինք մի տեսանյութ, որտեղ մասնագետները խոսում եմ խտրականության մասին, թե ինչպես է այն ազդում մարդկանց վրա, և ինչու է անհրաժեշտ խտրականության դեմ օրենք։ Հասարակական ոլորտում աշխատող մասնագետները՝ հոգեբանը, սոցիալական աշխատողը և իրավաբանը, քննարկում են Հայաստանում խտրականության տարբեր դրսևորումները, օրենքի բացերը և պետության անելիքները՝ խտրականության կանխարգելման ուղղությամբ։