Եռօրյա հանդիպում Հայաստան նոր եկած ԼԳԲՏ+ անձանց համար
Հունիսի 12-14-ը տեղի ունեցավ եռօրյա հանդիպում Հայաստան նոր եկած ԼԳԲՏ+ անձանց համար, որի նպատակն էր մասնակիցներին տրամադրել գործնական տեղեկատվություն, աջակցություն և անհրաժեշտ հմտություններ՝ Հայաստանում իրենց նոր կյանքը կազմակերպելու և տարբեր համակարգերում ավելի վստահ կողմնորոշվելու համար։
Հանդիպմանը ներկա էր ԼԳԲՏ+ համայնքից 16 մասնակից՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրանից, Հնդկաստանից, Նիգերիայից, Ալժիրից, Ռուսաստանից և այլ երկրներից։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ստանալ օգտակար տեղեկություններ, այլև կիսվել սեփական փորձով, բարձրաձայնել իրենց մտահոգությունները և քննարկել Հայաստանում ապրելու ընթացքում հանդիպող դժվարությունների մասին։



Աշխատանքի և բնակարանի որոնում
Ծրագրի կարևոր թեմաներից էին աշխատանքի և բնակարանի որոնման գործընթացները։

Մասնակիցների հետ քննարկվեցին աշխատանքի որոնման տարբեր եղանակներ, Հայաստանում առավել հաճախ օգտագործվող կայքերն ու հարթակները, ինչպես նաև գործատուների հետ շփման առանձնահատկությունները։
Անդրադարձ կատարվեց նաև ինքնաներկայացման հմտություններին, աշխատանքի դիմելու գործընթացին և հարցազրույցների ընթացքում կարևոր նկատառումներին։
Քննարկվեց, թե ինչ տեղեկություններ է նպատակահարմար ներկայացնել գործատուին, ինչպես պատրաստվել հարցազրույցի և ինչպիսի դժվարությունների կարող են բախվել օտարերկրյա քաղաքացիները աշխատանք փնտրելիս։

Բնակարանի որոնման թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացան բնակարանների որոնման հիմնական հարթակներին, վարձակալության ընթացքում տարածված խնդիրներին և այն քայլերին, որոնք կարող են օգնել խուսափել խաբեություններից կամ այլ ռիսկերից։
Իրավական կարգավորումներ և իրավունքներ
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի և կեցության հետ կապված իրավական կարգավորումները։

Քննարկվեցին օրինական աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, աշխատանքի թույլտվության և բնակության կարգավիճակի հետ կապված հարցերը, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքացիների համար առկա հնարավոր խոչընդոտները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև Հայաստանում գործող իրավական մեխանիզմներին և այն կառույցներին, որոնց կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության համար։
Առանձին քննարկում ծավալվեց խտրականության դեպքերի շուրջ, անդրադարձ կատարվեց տարբեր իրավիճակների և դրանց արձագանք տալու հնարավոր տարբերակներին։

Թվային և ֆիզիկական անվտանգություն
Ծրագրի մեկ այլ կարևոր հատված նվիրված էր թվային և ֆիզիկական անվտանգության հարցերին։

Մասնակիցները քննարկեցին անձնական տվյալների պաշտպանության, սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու և առցանց հաղորդակցության ընթացքում հնարավոր ռիսկերի նվազեցման մեթոդները։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև ծանոթության հավելվածների և կայքերի օգտագործման անվտանգության կանոններին։
Քննարկվեցին ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում հանդիպումների ընթացքում անվտանգության պահպանման կարևոր սկզբունքները, անձնական սահմանների պաշտպանությունը և հնարավոր վտանգավոր իրավիճակների կանխարգելման միջոցները։

Ֆիզիկական անվտանգության թեմայի շրջանակում մասնակիցները խոսեցին նաև հանրային տարածքներում անվտանգ տեղաշարժվելու, ռիսկային իրավիճակները գնահատելու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ստանալու հնարավորությունների մասին։









Եռօրյա հանդիպումը մասնակիցների համար դարձավ կարևոր հնարավորություն՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները և ծանոթանալու այլ մարդկանց հետ, ովքեր նույնպես գտնվում են Հայաստանում՝ հարմարվելու և նոր կյանք սկսելու գործընթացում։
Այլ նորություններ
Նորությունների բաժին
ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ատելությունը՝ որպես ծանրացնող հանգամանք․ Նախադեպային որոշում
21-05-2026