Տրանս կնոջ սպանության փորձ

29-05-2026

Դեպքի փաստերը.

  • 2018թ-ին տրանս կին Ժ․ Ա․-ն մատուցել է սեռական ծառայություններ իր տղամարդ հաճախորդին, ինչից հետո տղամարդը առաջարկել է կրկին սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալուց հետո զայրացել է և բնակարանում վիճաբանություն սկսել տրանս կնոջ հետ։ Դրանից հետո նա դուրս է եկել աստիճանահարթակ և կանխամտածված կերպով բռնել է տուժողին ու հրել աստիճաններով ներքև, ապա ձեռքերով հարվածել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ փորձելով սպանել նրան։ Այնուհետև նա վերադարձել է բնակարան և, իր կատարած հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, հրկիզել է բնակարանը և հեռացել դեպքի վայրից։ Բռնության հետևանքով տրանս անձը ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։
  • Գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից անցկացված հարցաքննության ընթացքում բռնարարը հայտնել է, թե կարծել է, թե հանդիպում է կնոջ հետ, եկել է սեռական հարաբերություն ունենալու, այնուհետև, տեղեկանալով, որ կինը տրանս է, զայրացել է, ինչի պատճառով տեղի է ունեցել դեպքը։
  • Բնակարանի հրկիզման և հանցագործության հետքերը թաքցնելու դրվագների թերի քննության արդյունքում նախաքննական մարմինը դրանք չի գնահատել հանցանքի որակման ժամանակ։ Հանցավորի հայտքրարությունն այն մասին, որ տուժողին ծեծի է ենթարկել այն բանից հետո, երբ իմացել է, որ նա տրանս անձ է, ևս հաշվի չի առնվել` որպես արարքի ատելության շարժառիթ ցուցիչ։ Մեղադրական եզրակացությունը դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։
  • Արդյունքում մեղադրյալը դատապարտվել է երեք տարի վեց ամիս ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում, և նա չի կրել ազատազրկում։ Տրանս կնոջ սպանության փորձ կատարած անձը չի ենթարկվել իր արարքին համաչափ պատասխանատվության՝ գիտակցելու համար, որ իր կատարածը հանցագործություն է։
  • Ներքին դատական պաշտպանության հնարավոր բոլոր միջոցները սպառելուց հետո տուժողի շահերի ներկայացուցիչը՝ «Փինք» կազմակերպության փաստաբանը, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Գործի ռազմավարական նշանակությունը.

Սույն գործը տրանս անձնանց նկատմամբ ատելության շարժառիթով կատարված հերթական հանցագործությունն է, որը արդյունավետ քննության չի ենթարկվել, չեն ուսումնասիրվել հանցավորի շարժառիթների ցուցիչները, չի իրականացվել գործի ամբողջական, լրիվ և օբյեկտիվ քննություն։ Արդյունքում հանցավորի որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած նրան, որ արարքի ատելության շարժառիթները որպես ծանրացնող հանգամանք նախատեսող քրեական օրենսգրքի հոդվածը նախատեսում է ոչ սպառիչ ցանկ, գործնականում այն արդյունավետորեն չի կիրառվում, ինչը կարող է ուշադրության արժանանալ Եվրոպական դատարանի կողմից անդրադարձի պարագայում։ Միևնույն ժամանակ, կարևոր է Եվրոպական դատարանի կողմից անհատական միջոցների կիրառումը` որպես այս գործով տուժողի իրավունքների վերականգնման և ի վերջո արդարադատության վերահաստատման միջոց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի իրավական հիմքերը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկբվել է տուժողի` խտրականությունից զերծ լինելու, մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, արդյունավետ իրավական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների խախտումը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը կներկայացվի հրապարակումից հետո։