Լրամփոփ | հուլիս 2023

02-08-2023

«Հոգոց» խմբակ՝ Փինքի միջոցառումների նոր շարքը

Փինքը սկսել է համայնքային միջոցառումների նոր շարք՝ «Հոգոց» խորագրով։ «Հոգոց» խմբակը ապահով տարածք է, որտեղ մասնակիցները կարող են ազատորեն խոսել բոլոր այն թեմաներից, որոնք իրենց հետաքրքրում կամ անհանգստացնում են։

Միջոցառումների շարքը մեկնարկել է հունիս ամսից, երբ խմբակը քննարկումներ ունեցավ Հպարտության ամսվա շրջանակներում՝ ուսումնասիրելով Հպարտության ամսվա պատմությունը, և, իհարկե, Հպարտության ամիսը տոնելու այլ երկրների փորձը՝ հայաստանյան իրականությունում այդ փորձն իմպլեմենտացնելու նպատակով։

Այնուհետև խմբակի քննարկման թեմաներն ընդլայնվեցին՝ ներառելով արվեստի ակտիվիզմը, որի ժամանակ մասնակիցները սովորեցին ամսագրեր պատրաստել և սթիքերների էսքիզներ անել։ Խմբակի շրջանակներում նաև պարբերաբար անցկացվում են կինոդիտումներ, էսքիզավորման աշխատարաններ, իրազեկման միջոցառումներ՝ ուղղված սեռական հարաբերության համաձայնությանը և անձնական սահմաններին։

«Հոգոց» խմբակի միջոցառումները տեղի են ունենում ամեն շաբաթ։ Յուրաքանչյուր շաբաթ քննարկումները լինում են տարբեր թեմաներով և ուղեկցվում զանազան աշխատարանների իրականացմամբ, ինչպես նաև անձնական բարօրությանն ուղղված վարժություններով։

Միջոցառումներին մասնակցելու համար կարող եք հետևել Փինքի սոցիալական հարթակների էջերին և տեղեկանալ առաջիկա քննարկումների ժամանակացույցին։

Փինքի և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության միջև համագործակցության մեկնարկը

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սկսել է համագործակցել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպության հետ։ Կազմակերպությունը հայտնի է պատերազմական տարածաշրջաններում և համաճարակի օջախ հանդիսացող երկրներում իրականացվող ծրագրերով։

Փինքի և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համագործակցությունն ուղղված է Հեպատիտ C-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշմանն ու բուժմանը։ Այս առիթով Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը Փինքի գրասենյակում տեղի ունեցավ հեպատիտի վերաբերյալ իրազեկման միջոցառում․ մասնակիցները փորձառու բժիշկներից տեղեկատվություն ստացան Հեպատիտ C-ի, դրա տարածման ուղիների, կանխարգելման և բուժման մասին, իսկ վերջում ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները թեմայի շուրջ։

Այս ծրագրի շրջանակներում կարող եք Փինքից ուղղորդումներ ստանալ նորաբաց կլինիկայում Հեպատիտ B-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի անվճար հետազոտության համար։ Այնպես որ, անվճար հետազոտվելու և ուղղորդում ստանալու համար կարող եք զանգել Փինքի թեժ գծի հեռախոսահամարին՝ 033-522-533։

Ճգնաժամային իրավիճակների կառավարման վերապատրաստում ԼԳԲՏ+ հավասարության արևելյան Եվրոպայի կոալիցիայի անդամ կազմակերպությունների համար

2014 թվականին Փինք իրավապաշտպան ՀԿ-ն դարձավ ԼԳԲՏ+ հավասարության արևելյան Եվրոպայի կոալիցիայի անդամ, որը ԼԳԲՏ+ կազմակերպությունների ցանց է՝ բաղկացած Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Ռուսաստանից։ Կոալիցիան հիմնականում կենտրոնացած է համայնքի հետ աշխատելու վրա և ձգտում է բարելավել ԼԳԲՏ+ անձանց և նրանց խնդիրների իրավիճակը նշված երկրներում և ընդհանուր տարածաշրջանում: Այն աշխատանքներ է տանում ԼԳԲՏ+ շարժման ներուժի ամրապնդման և ԼԳԲՏ+ համայնքի իրավիճակը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, տեղեկատվություն է տարածում ԼԳԲՏ+ համայնքի իրավիճակի մասին և աջակցում է տարածաշրջանում ԼԳԲՏ+ ակտիվիստներին:

ԼԳԲՏ+ հավասարության արևելյան Եվրոպայի կոալիցիան Partners for Democratic Change Slovakia («Գործընկերներ հանուն ժողովրդավարական փոփոխությունների. Սլովակիա») կազմակերպության աջակցությամբ 2023 թ․ հուլիսի 12-ից 14-ը կազմակերպել էր ճգնաժամային կառավարմանն ուղղված վերապատրաստում հասարակական կազմակերպությունների համար, որին մասնակցում էին Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Կարինե Աղաջանյանը և հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը։ Վերապատրաստման ժամանակ մասնակիցները ծանոթացան ճգնաժամային իրավիճակներում կազմակերպությունների ղեկավարման մեթոդներին և աշխատանքի արդյունավետ կազմակերպման նրբություններին՝ ուղիղ համեմատական անցկացնելով աշխատակիցների բարեկեցության ու բարօրության հետ։ Ճգնաժամային իրավիճակների և ռիսկերի կառավարման վերապատրաստումներին մասնակցությունը ներկայումս կենսական դեր ունի հասարակական կազմակերպությունների գործունեությունը բարելավելու գործում, և Փինքի աշխատակիցներն իրենց ստացած գիտելիքներն իմպլեմենտացնելու են կազմակերպության բարեկեցությունն ապահովելու համար։