Լրամփոփ | հունիս 2023

03-07-2023

«Խոսում են ակտիվիստները» առցանց արշավ

Հպարտության ամսվան ընդառաջ այս տարի Փինքն իրականացրեց առցանց արշավ՝ «Խոսում են ակտիվիստները» խորագրով։ Արշավին մասնակցում էին Հայաստանի ԼԳԲՏՔ ակտիվիստներ՝ տրանս ակտիվիստ, Իրավունքի կողմ ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, հոգեբան, Փինք ՀԿ-ի ծրագրի համակարգող Լիլիթ Ավետիսյանը, Փինք ՀԿ-ի նախագահ Կարինե Աղաջանյանը, Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի գործադիր տնօրեն Կուկա Կասյանը և Բազմազանություն ՀԿ-ի զարգացման պատասխանատու Արտակ Ադամը։

Արշավն իրենից ներկայացնում էր վերոնշյալ ԼԳԲՏՔ ակտիվիստների մասնակցությամբ վիդեոպատմությունների շարք, որտեղ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես է սկսվել իրենց ակտիվիստական ճանապարհը, ինչ հարցեր են նրանց ի սկզբանե մտահոգել, երբ ձևավորվում էին որպես ակտիվիստ, ինչպես նաև կիսվում են ակտիվիստական գործունեության ընթացքում իրենց ունեցած մարտահրավերներով, գրանցած ձեռքբերումներով, որպես ակտիվիստ իրենց մոտիվացնող գործոնների մասին։

Յուրաքանչյուր մասնակցի հետ իրականացված հարցազրույցի արդյունքում պատրաստվել են նաև հոդվածներ, որոնք ավելի մանրամասնորեն են պատմում արշավի մասնակից ակտիվիստների և նրանց գործունեության վերաբերյալ և ամբողջությամբ ներկայացնում են նրանց ակտիվիստական ուղին։

Կլոր սեղան-քննարկումը՝ Հպարտության ամսվա գլխավոր իրադարձություն

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Իրավական պաշտպանության մեխանիզմների արդյունավետությունը» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց Փինքի հրատարակած «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022թ․ ընթացքում» տարեկան զեկույցը, որն ամփոփում է 2022թ․ ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտումները։

Քննարկմանը մասնակցում էին ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ԼԳԲՏ անձինք, այնպես էլ՝ միջազգային կառույցների, դեսպանությունների ու պետական մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ արդարադատության ու Ներքին գործերի նախարարություններից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և այլն։

Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Կարինե Աղաջանյանը, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը հանդես եկան բացման խոսքով՝ նշելով Հայաստանում ներառական հասարակություն ունենալու կարևորության մասին։

Այնուհետև Փինքի իրավաբանն ու փաստաբանը ներկայացրին կազմակերպության կողմից 2022թ․-ին արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտումները, օրենսդրական նոր կարգավորումները և դրանց կիրառման արդյունավետությունը։

Քննարկումն ամփոփվեց Փինք իրավապաշտպան ՀԿ-ի առաջարկներով՝ ուղղված պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, Մարդու իրավունքների պաշտպանին։

Հպարտության ճամբար

Այս տարի հպարտության ամսվա շրջանակներում Փինքը կազմակերպեց բազմաթիվ համայնքային միջոցառումներ, որոնցից ամենակարևորը Հպարտության ճամբարն է։ Ճամբարի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել օգտագործել գեղարվեստական արտահայտման փոխակերպող ուժը՝ որպես սոցիալական փոփոխությունների գործիք:

Ճամբարի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին արվեստի և ակտիվիզմի հզոր կապը: Մի շարք սեմինարների, քննարկումների, խաղերի և աշխատարանների միջոցով մասնակիցներն ընկղմվեցին արվեստի ակտիվիզմի աշխարհում՝ օգտագործելով արվեստի տարբեր ձևեր։ Մասնակիցները նաև ավելի մոտիկից ծանոթացան ԼԳԲՏ+ անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկման միջոցներին, ինչի արդյունքում իրենք նույնպես կկարողանան իրականացնել իրազեկող միջոցառումներ և հզորացնել իրենց պայքարը։