2024 թ.-ին արձանագրված ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների կիսամյակային ամփոփում
Սույն զեկույցում հակիրճ ամփոփված է 2024 թվականի առաջին կիսամյակում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը՝ հիմնված Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից արձանագրված իրավախախտման դեպքերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների ընթացքի ուսումնասիրության վրա։
Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից փաստագրվում են սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականության, բռնությունների, ինչպես նաև ատելության խոսքի դեպքերը։ Հարկ է նշել, որ 2024թ-ի առաջին կիսամյակի իրադրությունը մտահոգիչ է, քանի որ արդեն իսկ արձանագրվել է խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտման 42 դեպք, ինչը մոտ է նախկինում ամբողջ տարվա ընթացքում արձանագրվող դեպքերի քանակին։
Մասնավորապես, արձանագրվել են՝
- խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստանող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, ինչպիսիք են օրինակ՝ կոնվերսիոն պրակտիկաների դեպքերը,
- մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամաբ հարգանքի իրավունքի խախտմաբ դեպքեր, որոնք ներառում են ընտանեկան բռնությունը, ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերը, մասնավոր կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը,
- սեփականության իրավունքի խախտման դեպքեր, ինչպիսիք են` կողոպուտը, շորթումը,
- կրթության իրավունքի խախտում, որը դրսևորվում է թե համադասարանցիների կողմից բուլինգի, թե ուսուցչական անձնակազմի կողմից նման արարքների խրախուսման և անտեսման տեսքով։
Հարկ է նշել, որ արձանագրված դեպքերից 29-ը ընտանեկան բռնության դեպքեր են, որոնցից միայն մեկը հանդիսանում է զուգընկերոջ կողմից գործադրված բռնություն։ Այսինքն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս արձանագրված իրավախախտումների ճնշող մեծամասնությունը ընտանեկան բռնության դեպքեր են։ Այս դեպքերից երեքի պարագայում բռնությունը կարելի է որակել որպես անմարդկային վերաբերմունք, քանի որ դրսևորվել է անձի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը փոխելուն միտված կոնվերսիոն պրակտիկայի տեսքով, ինչը գնահատվում է որպես անձի համար ծանր հոգեկան տառապանք։
Երեք դեպքում տուժողները հանդիսանում են անչափահաս անձինք, որոնց պարագայում կազմակերպությունների կողմից իրավական աջակցության ցուցաբերման հնարավորությունը սահմանափակ է օրենքում առկա կարգավորումների պատճառով, որոնք թույլ են տալիս ներկայացնել անձի շահերը միայն օրինական ներկայացուցչի կամ խնամակալության կամ հոգաբարձության մարմի կողմից լիազորված լինելու պարագայում։ Միևնույն ժամանակ, պետությունը ձախողել է անչափահաս անձանց պաշտպանությունը համապատասխան խնամքի հաստատություններում, որտեղ գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ ԼԳԲՏ անչափահաս անձանց պարագայում, փաստացի այս մարմինները ոչ միայն պատշաճ, համակողմանի սոցիալ-հոգեբանական աջակցություն չեն ցուցաբերում նրանց, այլ նաև շարունակում են խաթարել նրանց հոգեկան ամբողջականությունը և նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկում։
Մյուս կողմից, իրավակիրառ մարմինների կողմից ընտանեկան բռնության զոհ դարձած ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի պրակտիկան դեռևս որևէ փոփոխության չի ենթարկվել։ Չնայած նրան, որ քննիչների և ոստիկանների համար պարբերաբար անցկացվում են դասընթացներ ընտանեկան բռնության դեպքերից տուժած անձանց հետ աշխատանքի վերաբերյալ, ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև զգայունության, իրազեկվածության բարձրացման ուղղությամբ դասընթաց վերապատրաստման ծրագրերը չեն ներառում։
Ինչ վերաբերում է նույնասեռական զույգերի միջև զուգընկերային բռնությանը, ապա հարկ է նշել, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նոր փոփոխությունների համաձայն՝ օրենքը պետք է կիրառվի նաև զուգընկերոջ կողմից բռնության դեպքերում։ Այնուամենայնիվ, ԼԳԲՏ անձանց շրջանում իրավակիրառ համակարգի նկատմամբ անվստահությունը դեռևս հսկայական խոչընդոտ է հանդիսանում նման դեպքերում իրավապահներին դիմելու համար։
Ինչ վերաբերում է գործերի քննության պրակտիկային, ապա նախ և առաջ անդրադառնանք դեպքերի վերաբերյալ իրավապահ մարմինների հաղորդում ներկայացնելու խնդրին։ Տարիներ շարունակ ԼԳԲՏ անձինք վստահություն չեն ունեցել ոստիկանական և քննչական համակարգի նկատմամբ՝ հետևյալ պատճառներով՝
- Իրավապահ մարմինների կողմից ծաղրական, նվաստացուցիչ վերաբերմունք, կրկնազոհացում,
- Հանցանքի ոչ ամբողջական գնահատում և որակում՝ հաշվի չառնելով հանցավորի ատելության շարժառիթը,
- Դեպքերի քննության անարդյունավետություն, ոչ ողջամիտ ժամկետներ,
- Անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության տարածման ռիսկ։
Այս խնդիրներն ու մտահոգությունները դեռևս առկա են 2024 թ.-ի ընթացքում։ Արձանագրված դեպքերի առավել մանրամասն նկարագրությունը և դրանց ընթացքի վերլուծությունը տեղ կգտնի Փինքի տարեկան զեկույցում։
2024թ-ին կրկին հանրությանն է ներկայացվել խտրականության դեմ օրենքի նախագիծը, որը քիչ փոփոխություններով քննարկվում է դեռևս 2016 թ.-ից ի վեր։ Միևնույն ժամանակ, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի, օրենքի ընդունումը նախատեսված է 2024թ-ի երկրորդ կիսամյակում։ Այնուամենայիվ, հարկ է նշել, որ օրենքի նախագիծը չի ներառում այնպիսի իրավական գործիքներ, մեխանիզմներ, որոնք այն կդարձնեին խտրականությունից պաշտպանության արդյունավետ միջոց։ Այսպես, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը կրկին ներառված չեն որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշներ, ինչը ենթադրում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դեպքերի քննության պարագայում օրենքի կիրառման հարցը թողնվելու է դատարանների կամայական հայեցողական մեկնաբանմանը, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով դատական համակարգում առկա պրոֆեսիոնալիզմի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների կիրառման փորձի պակասը։
Խնդրահարույց է նաև այն, որ օրենքով նախատեսված հավասարության մարմինը նախատեսված չէ որպես առանձին մարմին, այլ պետք է ձևավորվի Օմբուդսմենին կից, ինչը արդեն իսկ նվազեցնում է այդ մարմնի լիազորությունները և դրա կայացրած որոշումների իրավական ուժը։ Հավասարության մարմնում խտրականության ենթարկվող տարբեր խմբերի ներակայացնող անձանց ներառելու պահանջ ևս առկա չէ։
Հաջորդ հիմնարար դրույթը, ինչի բացակայությունը օրենքը դարձնում է անարդյունավետ, հասարակական կազմակերպությունների իրավասուբյեկտության հարցն է։ Մասնավորապես, բազմիցս առաջարկվել է խտրականության դեպքերում հասարակական կազմակերպությունների օրենքով իրավունք վերապահել դատարան ներկայացնել հանրային շահի պաշտպանության գորժերով հայցադիմումներ՝ ապահովելու համար խտրականության ենթարկվող անձանց արդյունավետ պաշտպանությունն անգամ այն դեպքում, երբ նրանք անուղղակի կերպով են դարձել խտրականության զոհ և չունեն բավարար տեղեկացվածություն, իրավական գիտելիքներ կամ ռեսուրսներ՝ վիճարկելու իրենց նկատմամբ առկա խտրական գործողությունը, անգործությունը, օրենքը կամ որոշումը։
Արդեն իսկ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների ընթացքը դեռևս վաղ է գնահատել այն առումով, որ 2022 թ.-ի հուլիսին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի կիրառության գնահատումը հնարավոր կլինի համապարփակ իրականացնել առնվազն հաջորդ տարի, երբ այն արդեն երեք տարվա կիրառում կունենա։ Այս պահի դրությամբ կարող ենք նշել, որ դեռևս օրենսգիրքը արդյունավետ չի կիրառվում այն դեպքերում, երբ հանցավոր արարքը կատարվել է տուժողի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով։ Փինք իրավապատշապն ՀԿ-ն իրականացնում է քրեաիրավական նոր օրենսդրության կիրառմամբ պրակտիկայի մշտադիտարկում և հանդես կգա ամբողջական գնահատականով։