Լրամփոփ | հունվար 2024
Մեկնարկել է Փինքի նոր ռազմավարական պլանավորումը
Փինքը սկսել է նոր ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացը։ Դեռ անցած տարվա երկրորդ կեսին կազմակերպության աշխատակիցները՝ Խորհրդի հետ միասին, սկսեցին պլանավորման գործընթացը։ Միևնույն ժամանակ սկսվել է հայաստանաբնակ ԼԳԲՏ+ անձանց կարիքների գնահատման գործընթացը։
Կազմակերպության աշխատակիցները տարին սկսեցին 2021-2023 թթ․ ռազմավարական պլանի գնահատումով, որի հիման վրա էլ վեր հանեցին հիմնական առաջնահերթությունները և ձևավորեցին նոր՝ 2024-2026 թթ․ ռազմավարական պլանը։
Կատարած աշխատանքների արդյունքում մենք հստակեցրեցինք այն ուղղությունները, որոնց շրջանակում շարունակելու ենք մեր գործունեությունը։
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը «Փինք»-ն ընդդեմ Аysor.аm-ի գործով
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ տեղեկացնելով, որ Aysor.am լրատվական կայքում հրապարակված «Կամրջից իրեն նետել է նույնասեռական մի տղա»՝ 15.11.2023թ. նյութի ֆեյսբուքյան հրապարակման տակ շուրջ 900 մեկնաբանություն կա, որոնց գերակշռող մեծամասնությունը ատելության խոսք և վիրավորական արտահայտություններ է տարածում նույնասեռական անձանց նկատմամբ։
Բողոքում նշվել է, որ լրատվամիջոցը թե՛ նոյեմբերի 15-ի, թե՛ նոյեմբերի 21-ի հրապարակումների ֆեյսբուքյան հրապարակումների մեկնաբանությունները վերածվել են ատելության խոսքի և բռնության կոչերի տարածման հարթակների։ Լրատվականը չի վերահսկել մեկնաբանությունների դաշտը, ինչն էլ ուղղակիորեն նպաստել է ԼԳԲՏ+ անձանց հանդեպ ատելության և բացասական վերաբերմունքի ամրապնդմանը։ Լրատվականը օգտատերերին ո՛չ հորդորել է զերծ մնալ նման վարքից, ո՛չ էլ ջնջել կամ արգելափակել է դրանք։
Դիտորդական մարմինը հորդորել է Aysor.am-ի խմբագրությանը մոդերացիայի ենթարկել սույն գործով քննարկման առարկա սոցցանցային հրապարակումները և հեռացնել ատելության խոսք և խտրականություն պարունակող մեկնաբանությունները և նույն կերպ վարվել նաև հետագա հրապարակումների պարագայում։
Հայաստանը պետք է գործի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը կանխելու համար
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է նոր հայտարարություն Հայաստանում խտրականության դեմ պայքարի օրինագծի վերաբերյալ, որտեղ դիմում են ՀՀ կառավարությանն ու Խորհրդարանին օրենքում ապահովել ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը և հանդես են եկել 3 առաջարկություններով․
- օրենքի 4-րդ հոդվածում հստակ ներառել սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ արտահայտման ու սեռական հատկանիշները՝ որպես պաշտպանվող հիմքեր,
- 8-րդ հոդվածում ներառել դրույթ, որը թույլ կտա իրավապաշտպան կազմակերպություններին հայցեր ներկայացնել հանրային շահի պաշտպանության գործերով,
- ստեղծել Խորհրդարանի կողմից լիազորված անկախ իրավահավասարության մարմին, որը կվերահսկի և կարձագանքի խտրականության դեպքերը։
Վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար
Փինքը կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար։ Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ապագա մասնագետների տեղեկացվածությունը և զգայունութունը սեռականությանն առնչվող թեմաների վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները խորքային ուսումնասիրեցին սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության հարցերը և հոգեկան առողջության այն յուրահատուկ խնդիրները, որոնց բախվում են ԼԳԲՏՔ անձինք։ Համալիր մոտեցումն ուղղված էր զինելու հոգեկան առողջության ոլորտի ապագա մասնագետներին սեռականության հարցերին առնչվող զանազան աշխատանքային գործիքներով և գիտելիքներով։
Այս դրական փորձառությունը ամրապնդում է մեր որոշումը շարունակաբար զբաղվելու սեռականության վերաբերյալ իրազեկմամբ և զգայունության բարձրացմամբ ինչպես պրակտիկ մասնագետների, այնպես էլ իրենց ոլորտներում մասնագիտացող ուսանողների շրջանում։