Խոսում են համախոհները․ Իզաբելլա Սարգսյան` իրավապաշտպան

21-05-2018

Ինչի՞ համար են մարդիկ ապրում կամ ո՞րն է կյանքի իմաստը։ Էդ հարցը անընդհատ բոլորը իրանց տալիս են: Կարծում եմ երջանիկ լինելը այդ պատասխաններից մեկն է:

Մեկի համար երջանիկ լինելը երեխաներ ունենալն է և երեխաների հետ ապրելն է, մեկ ուրիշի համար ստեղծագործելն է, ֆոտոն է, նկարչությունն է, երաժշտությունն է: Բայց մի բան, որը ընդհանուր է բոլորիս համար՝ երջանիկ լինելը դա ինքդ դու լինելն է: Երբ որ դու կարողանում ես լինել էնպիսին, ինչպիսին որ կաս:

Երկրորդ բանը, որ ընդհանուր է բոլորիս համար՝ երջանիկ լինելը ընդունված լինելն է: Ընդունելի նախևառաջ քո ընտանիքի կողմից, քո ընկերների կողմից, քո շրջապատի կողմից։ Առանց դրա մարդ չի կարող լինել երջանիկ:

Մենք բոլորս գիտենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Բոլորս գիտենք, որ էդտեղ իրավունքների մասին է խոսքը: Բայց էստեղ շատ ավելի կարևոր բաներ կան, որոնց մասին մենք չենք մտածում և ուզում եմ, որ մտածենք: Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Ինձ համար իրավունքները երկրորդական են էստեղ: Արժանապատվությունը ամենակարևոր բանն է: Դա մի բան է, որ բոլորիս համար է, մի բան է, որ մեզ մարդ է դարձնում:

Եվ եթե դու վախենում ես, եթե դու թաքնվում ես, եթե դու ուրիշ մարդ ես, եթե դու տանը մեկն ես, դուրսը մեկն ես, ուրիշ տեղ երրորդն ես՝ դա արժանապատվության հարց է: Եվ ինչ է շարունակում․ նրանք [մարդիկ]  օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով: Պարտավոր ենք բառը շատ կարևոր է՝ անկախ նրանից, թե որ խմբին ենք պատկանում, մենք պետք է բոլորս սատարենք մեր կողքը եղած մարդկանց, մեր եղբայրներին, մեր քույրերին, մեր ընկերներին՝ արժանապատվության, իրավունքների և երջանկության ձգտման մեջ:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: