Երբ աջակցությունն անվանում են «քարոզչություն»․ ՄԻԵԴ-ի վճիռը Ռուսաստանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Կլիմովան և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի» գործով արձանագրել է, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ (արտահայտվելու ազատություն) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածները։
Սա կարևոր որոշում է, քանի որ վերջին տասնամյակում Ռուսաստանում ընդունվել են ԼԳԲՏԻ անձանց իրավունքները սահմանափակող մի շարք խտրական օրենքներ և ճնշումներ գործադրվել հատկապես հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ։
Ելենա Կլիմովան 2013-ին ստեղծել էր Deti-404 առցանց հարթակը, որտեղ ԼԳԲՏԻ դեռահասները կարող էին կիսվել իրենց խնդիրներով և ստանալ աջակցություն։
2014-ին Ռոսկոմնադզորը (ՌԴ պետական վերահսկողական մարմին) պնդեց, որ հարթակը տարածում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն»։ Ռուսական դատարանը բավարարեց այդ պնդումը՝ հարթակը համարելով անչափահասների շրջանում նման «քարոզչություն» իրականացնող։ Արդյունքում, Կլիմովան մեղավոր ճանաչվեց և տուգանվեց 50,000 ռուբլով, իսկ վերաքննիչ դատարանը հաստատեց որոշումը։
Կառավարության մեղադրանքները հիմնված էին հարթակում հրապարակված հինգ նամակների, մեկ տեսանյութի և դրանց մեկնաբանությունների վրա։ Դատարանը եզրակացրել է, որ այդ բովանդակությունը խթանում է «ոչ ավանդական հարաբերությունները» և ձևավորում հետաքրքրություն դրանց նկատմամբ։
Կլիմովան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ հարթակը աջակցել է դեռահասներին։ Սակայն դատարանը, հենվելով «փորձագիտական եզրակացությունների» վրա, գտել է, որ այդ հարթակը խախտել է օրենքը, և Կլիմովան՝ որպես ադմինիստրատոր, նպատակային կերպով չի հեռացրել համապատասխան բովանդակությունը։
ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ ռուսական իշխանությունները անօրինականորեն սահմանափակել են Ելենա Կլիմովայի արտահայտվելու ազատությունը՝ նրան պատասխանատվության ենթարկելով Deti-404-ը առցանց հարթակը ղեկավարելու համար։ Դատարանը նաև ընդգծեց, որ «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության» մասին ռուսական օրենքը չափազանց անորոշ և լայնածավալ է, ինչը հանգեցնում է կամայական կիրառման։
Բացի այդ, Կլիմովայի դեմ Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները խտրական էին սեռական կողմնորոշման հիմքով։ Ռուսական օրենքը ուղղակիորեն թիրախավորում է ԼԳԲՏԻ թեմաներով բովանդակությունը, այն տարբերակելով այլ խոսքի ձևերից։ Իշխանությունները չեն կարողացել հիմնավորել, թե ինչու է ԼԳԲՏԻ հարցերի քննարկումը համարվել վնասակար, մինչդեռ հետերոսեքսուալ հարաբերությունների վերաբերյալ քննարկումները չեն սահմանափակվել։
ՄԻԵԴ-ի այս որոշումը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Ռուսաստանի «նույնասեռականության քարոզչության» մասին օրենքները խախտում են մարդու իրավունքները։ Այս վճիռը համահունչ է ՄԻԵԴ-ի նախկին վճիռներին, այդ թվում՝ «Բաևը և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի» (2017) գործին, որտեղ դատարանը նմանատիպ օրենքներն արդեն իսկ անօրինական և խտրական էր ճանաչել։
Այլ նորություններ
Նորությունների բաժին