Հոմոֆոբիայի, բիֆոբիայի ու տրամսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի քննարկումը

17-05-2024

Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, բիֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, որի խորհուրդն է համախմբել ԼԳԲՏ անձանց, իրավապաշտպանների և այլ շահագրգիռ կողմերի ջանքերն ու պայքարը՝ բարձրաձայնելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ոտնահարումները և ստեղծելու խտրականությունից, ատելությունից ու անհանդուրժողականությունից զերծ և ներառական հասարակություն։

Օրվա խորհրդին համապատասխան մայիսի 17-ին տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Միջոցառման նպատակն էր ներկաների հետ քննարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության, հանցագործությունների և ատելության խոսքի արդյունավետ քննության հնարավորություններն ու պրակտիկայում առկա խոչընդոտները։

Քննարկմանը մասնակցեցին ինչպես իրավապաշտպաններ ու ԼԳԲՏ անձինք, այնպես էլ՝ միջազգային կառույցների, դեսպանությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Արդարադատության, ՀՀ Ներքին գործերի ու ՀՀ Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Կարինե Աղաջանյանի բացման ելույթով, որի ընթացքում նա մատնանշեց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանը հասնելու գործում համագործակցության կարևորությունը։ Հատկապես կարևոր էր նախորդ տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ շարունակական համագործակցության հաստատումը, որի արդյունքն է այս տարվա զեկույցում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների մասով առանձին գլխի առկայությունը։ Չնայած պետական մարմինների հետ համագործակցության դանդաղ քայլերին, ԼԳԲՏ անձանցից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային գործընկերներից ստացվող աջակցությունն անփոխարինելի է իրավապաշտպան կազմակերպությունների համար ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ջատագովության համար։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով հասարակությունում անհանդուրժողականության մակարդակի իջեցման կարևորության մասին։ Նա մատնանշեց, որ վերջինիս հասնելու ճանապարհին կարևոր է, որ ուշադրության լուսանցքից դուրս չմնան նաև ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների հիմնահարցերը։ Ինչպես նաև կարևորեց տարատեսակ պետական մարմինների աշխատակիցների զգայուն մոտեցումն զարգացումը մարդու իրավունքների պաշտպանության ու հանդուրժողականության կառուցման համար։

Բացմանը իրենց ողջույնի ու աջակցության խոսքով հանդես եկան նաև հարգարժան դեսպաններ։ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհավորեց Հայաստանին ԼԳԲՏԻ մարդու իրավունքների ասպարեզում ունեցած օրենսդրական զարգացումների վերաբերյալ Իլգա-Եվրոպայի Ծիածան քարտեզում դիրքի բարելավման կապակցությամբ՝ վերահաստատելով Շվեդիայի կառավարության համար ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների առաջնահերթությունը՝ ներառյալ Հայաստանին աջակցության շրջանակներում։ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը իր խոսքում նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ աջակցում է մարդու իրավունքների՝ ներառյալ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ջանքերին, և իր աջակցությունը հայտնեց Հայաստանում իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ներկաներին։

Կլոր սեղան-քննարկումը շարունակվեց «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2023թ․ ընթացքում» տարեկան զեկույցի ներկայացմամբ, որն ամփոփում է 2023թ․ ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտումները, ատելության խոսքի մշտադիտարկման արդյունքների վերլուծությունը։

Կազմակերպության փաստաբանը և իրավաբանը ներկայացրեցին երկրում առկա իրավակարգավորումները և առանձին դեպքերում դրանց կիրառության պրակտիկան, խոսեցին ատելության հիմքով հանցագործությունների քննության ընթացքում առկա բացերից, տուժած անձանց նկատմամբ իրավապահ մարմինների կողմնակալ վերաբերմունքից։ Առանձին մատնանշվեցին հենց պետական կառույցների ներկայացուցիչների կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրավախախտումները և վերջիններիս նկատմամբ պետության առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերելու կարևորությունը՝ հետագայում նման դեպքերի կանխման նպատակով՝ որպես պետության պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիք։

Մասնագետներն ամփոփեցին նախորդ տարվա ընթացքում արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների ոտնահարումները , որոնք արձանագրվել են կյանքի տարբեր ոլորտներում՝ կրթություն, աշխատանք, զինված ուժեր, ընտանիք, հանրային վայրեր և կյանքի այլն։ Փինքի սոցիալական աշխատողն առանձին անդրադարձ կատարեց ԼԳԲՏ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերին, շահառուների խնդիրներին պետության պաշտպանությանը դիմելու հարցում։ Հարկ է նշել, որ արձանագրված դեպքերի կեսից ավելին մեծ մասը հենց ընտանեկան բռնության դեպքեր են, սակայն ոչ բոլոր անձինք են ապահով զգում դիմել իրավապահ մարմիններին՝ վստահ չլինելով, որ ոստիկանությունը կարող է օգնել կանխելու բռնությունը։

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքի և ԼԳԲՏ անձանց հիմնահարցերի շուրջ շահարկումներին։ Իրավական կարգավորումներին հակիրճ անդրադարձից հետո ներկայացվեցին 2023թ․-ին ատելության ալիք բարձրացրած՝ տրանս անձի սպանության ու նույնասեռական անձի ինքնասպանության ցավալի դեպքերին հանրային արձագանքը։ Նշվեց սույն դեպքերին և դրանից հետո հանրային դաշտում ԼԳԲՏ անձանց նկատմամբ սկսված ատելության ու բռնության կոչերի նկատմամբ պետության լռության խնդրային լինելը, որը նորմալիզացնում է հանցագործությունները և խթանում առկա անպատժելիության մթնոլորտը։

Քննարկումն ամփոփվեց հարց ու պատասխանով և «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկներով՝ ուղղված պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, Մարդու իրավունքների պաշտպանին և միջազգային կառույցներին։