Մտահոգիչ տվյալներ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավիճակի վերաբերյալ

29-02-2024

Իլգա Եվրոպա միջազգային կազմակերպությունը ահազանգում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավունքների մտահոգիչ իրավիճակի մասին։ Հատկապես մտահոգիչ է քաղաքական գործիչների կողմից տարածվող ատելության խոսքը, որով օրակարգ է բերվել անչափահասների նկատմամբ ԼԳԲՏ հարցերի վերաբերող տեղեկատվության տարածման ազդեցությունը, ինչը գնահատվում է որպես ռիսկ երեխաների պաշտպանության ապահովման համար։

Փետրվարի 29-ին կազմակերպությունը հրապարակել է 2023 թ․-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավիճակն ամփոփող տարեկան զեկույց, որը ներառում է տեղեկատվություն շուրջ 54 երկրների վերաբերյալ։ Զեկույցում տեղ գտած տվյալները մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն բոլոր անդամ երկրներում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների ծավալի, այլ նաև հենց Եվրոմիության անդամ երկրներում ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների տարածման առումով։ Մասնավորապես, պետություններից 32-ում արձանագրվել է քաղաքական գործիչների կողմից հնչած ատելության խոսք, իսկ դրանից 21-ը ԵՄ անդամ երկրներ են։ Դիտարկված երկրներից 48-ում 2023թ-ի ընթացքում արձանագրվել է ատելության հիմքով հանցագործություն` պայմանավորված տուժողների սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ։

Զեկույցում հատված է հատկացված նաև Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակին, որտեղ անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում տրանսգենդեր անձի սպանությանը, «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանական բռնություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից հայտնած միասին վերցված ութ տասնյակից ավել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով իրավախախտումներին։ Նշվել է նաև առցանց հարթակներում տարածված բռնության կոչերի և բռնությունների արդարացման մասին, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանը այդպես էլ չեն արժանացել։ Կազմակերպությունը նաև դիտարկել է, որ չնայած Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից արված առաջարկներին, Հայաստանը դեռևս ատելության հիմքով հանցագործությունները որպես այդպիսին չի արձանագրում և վիճակագրություն չի վարում։ Հակիրճ անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ երկրում դեռևս չի ընդունվել խտրականության դեմ համապարփակ օրենք, և որ ամիսներ առաջ կրկին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնախումբը մտահոգություն էր հայտնել առ այն, որ օրենքի նախագծում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշներ բացակայում են։ Առանձնակի շեշտվել են ընտանեկան բռնության դեպքերը և այն հանգամանքը, որ ԼԳԲՏ անձանց համար ապաստարանի հնարավորություն չի ապահովվում։

Հղում է կատարվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցին, որում տեղ էին գտնել տվյալներ քրեակատարողական հիմնարկներում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի և պայմանների մասին:

Հիշեցնենք, որ կազմակերպության Ծիածան քարտեզի համաձայն՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ապահովման սանդղակում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի հետ և առաջ է միայն Թուրքիայից և Ադրբեջանից։