Հրապարակվեց Փինքի տարեկան զեկույզը ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի մասին

17-05-2024

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, յուրաքանչյուր տարի ամփոփելով ԼԳԲՏ անձանց տրամադրված ծառայությունների ընթացքում փաստագրված իրավախախտումները, պատրաստում է զեկույց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, մասնավորապես, հիմնված է ինչպես շահառուների կողմից ներկայացված դիմումների միջոցով ստացված տվյալների, այնպես էլ կազմակերպության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների վրա։

Զեկույցի առաջին մասում ամփոփված են արձանագրված իրավախախտումները, որոնց առնչությամբ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն տրամադրել է խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն։ Դեպքերը առանձնացված են ըստ խախտված իրավունքների, այնուամենայնիվ, դրանք կարող են պարունակել մեկից ավելի իրավունքների խախտումներ։ Ամեն բաժնում նախապես հակիրճ անդրադարձ է կատարվել տվյալ իրավիճակներում խախտված իրավունքի ընդհանուր նկարագրությանը՝ հիմնված միջազգային փաստաթղթերի և դրանց հիման վրա գործող մարմինների մեկնաբանությունների վրա։ Այդպիսով, ներկայացված է իրավունքի մեկնաբանման և դրանք պաշտպանելու համար պետության պարտավորությունների, ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցների շրջանակը, որպեսզի պարզ լինի արարքի որակման տրամաբանությունը։

Այսպես, 2023 թ.-ին ԼԳԲՏ անձինք շարունակել են առերեսվել խտրականության և բռնության կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ընտանիքը, զինված ուժերը, իրավապահ մարմինները, խնամքի հաստատությունները, կրթական հաստատությունները և հանրային վայրերը։ Ընդհանուր առմամբ Փինք իրավա-պաշտպան ՀԿ-ի փաստաբաններին և իրավաբաններին տարվա ընթացքում դիմել և խորհրդատվություն կամ տարբեր տեսակի իրավական աջակցություն են ստացել 260 անձ։ Արձանագրված իրավախախտումների քանակը նախորդ տարիների համեմատ մտահոգիչ է։ Մասնավորապես, արձանագրվել է 51 դեպք, որոնցից 49-ի պարագայում առկա են անհատ տուժողներ, իսկ 2-ը ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված ատելության խոսքի ծանր՝ քրեական պատասխանատվություն ենթադրող դրսևորման խմբավորված դեպքեր են, որոնցում իրավախախտները բազմաթիվ են, սակայն խոսքերը վերաբերում են մեկ համատեքստի։

Արձանագրված դեպքերից 22-ը ընտանեկան բռնության դեպքեր են, որոնցից 5-ի պարագայում են տուժողները ցանկացել բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին, սակայն, նրանցից 4-ը հետագայում հրաժարվել են բողոքներից կամ ի սկզբանե հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց, իսկ մեկը քննչական մարմնի կողմից փակվել է՝ հիմնավորմամբ, որ ծնողի նպատակն է եղել «հիվանդագին» երևույթ բուժելը։

Դեպքերից 4-ը ֆիզիկական բռնության դեպքեր են, որոնցից 2-ի պարագայում տուժողը վախեցել է դիմել իրավապահ մարմիններին, իսկ մյուս 2-ի պարագայում հարուցվել է քրեական վարույթ, սակայն ընթացքը դեռևս հայտնի չէ։

Կյանքին կամ առողջությանն ուղղված սպառնալիքի 6 դեպք է արձանագրվել, որոնցից միայն 2-ի պարագայում են տուժողները դիմել իրավապահ մարմիններին։ Նրանցից մեկը հետագայում հրաժարվել է բողոքից, իսկ երկրորդ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման 2 դեպք է արձանագրվել, որոնցից 2-ի պարագայում էլ տուժողները չեն ցանկացել դիմել իրավապահ մարմիններին։

1 սպանության և 1 ինքնասպանության դեպք է արձանագրվել, որոնցից երկուսով էլ հարուցվել են քրեական գործեր, սակայն քննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի 5 դեպք է արձանագրվել, որոնցից 3-ի առթիվ է ներկայացվել բողոք և հարուցվել է քրեական գործ։ Տուժողներից մեկը հետագայում հրաժարվել է բողոքից։

Բռնության 1 դեպք է արձանագրվել զինծառայության ընթացքում, 1 դեպք արձանագրվել է հոգեբուժական հաստատությունում և ևս 1 դեպք անչափահասների խնամքի կենտրոնում։ Երեք դեպքերում էլ տուժողները հրաժարվել են իրավապահ մարմիններին բողոք ներկայացնելուց։

Կրթական համակարգում իրավախախտումների 5 դեպք է արձանագրվել, որոնցից ոչ մեկի պարագայում տուժողը չի ցանկացել դիմել իրավապահ մարմիններին։

Արձանագրված դեպքերից ընդամենը 12-ի պարագայում են տուժողները դիմել իրավապահ մարմիններին, իսկ ևս 2-ը սպանության և ինքնասպանության դեպքերն են, որոնցով քրեական վարույթ նախաձեռնելը քննչական մարմնի պարտավորությունն է։ Տուժողների անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչպես նախորդ տարիներին, կապված է մի շարք հանգամանքների հետ, ինչպիսիք են՝

  • Իրավակիրառ մարմինների կողմից վատ վերաբերմունքը, ծաղրը, բռնության արդարացումը,
  • Տուժողների անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների տարածումը գործը քննող մարմինների կողմից, ներառյալ՝ ընտանիքների շրջանում,
  • Գործերի քննության անարդյունավետությունը, անպատժելիությունը,
  • Բողոքի ներկայացման պատճառով հետագա բռնությունների ենթարկվելու վախը։

Զեկույցի երկրորդ մասը վերաբերում է ատելության խոսքին։ Դրանում հակիրճ նկարագրված է ատելության խոսքի սահմանման և նույնականացման չափորոշիչները, իրավակարգավորումների շրջանակը ինչպես միջազգային փաստաթղթերի, այնպես էլ` ներպետական իրավական համակարգի տեսանկյունից։ Բացի այդ, ներկայացված են նաև ատելության խոսքի տարբեր աստիճանի վտանգավորության դեպքեր, որոնց մի մասը ՀՀ քրեական օրենսդրության համաձայն պատժելի է, մյուս մասը՝ ոչ։

Արձանագրվել են նաև բռնության կոչերի, բռնությունների արդարացման և քարոզի բազմաթիվ դեպքեր, որոնցից ոչ մեկը, սակայն, իրավապահ մարմինների ուշադրությանը չի արժանացել։

Ատելության խոսքի դրսևորումները ներկայացնելիս և մեջբերելիս ընտրվել է ատելություն և անհանդուրժողականություն` ներառյալ բռնության կոչեր կամ բռնության արդարացում պարունակող խոսքի ընդամենը մի հատվածը։ Ներկա-յացվել են նույնաբովանդակ մեկնաբանությունների օրինակներ։ Չեն ընդգրկվել նաև այն արտահայտությունները, որոնցում եղել են հայհոյանքներ։

Զեկույցի երկրորդ բաժնում ատելության խոսքի օրինակների մեջբերման համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը և տեղեկացնում, որ դրանք կարող են առաջացնել հոգեբանական ճնշվածություն և ընկճում։