ՄԻՊ 2024 թ. տարեկան հաղորդում

Հրապարակվել է 2024 թ․ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Այս տարի ևս «Իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո առանձին գլուխ է հատկացված ԼԳԲՏ անձանց իրավունքներին (էջ 312-320), ինչպես նաև սեռական ոտնձգությունների խնդրին (էջ 321-328) և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունենալու հիմքով խտրականությանը (էջ 332-336)։
ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանություն
Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի ընթացքում շարունակել է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ գործունեությունը։ ԼԳԲՏ անձանց իրավունքներին նվիրված բաժնում Պաշտպանը առանձնացրել է մի քանի կարևոր իրադարձություններ, որոնցից է Հոմոֆոբիայի, բիֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին Անահիտ Մանասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վիճակին, փաստաթղթում նշվում է հասարակության շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի ու ատելության խոսքի մասին։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել 2024 թվականի ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնց շարքերում ընդգրկված են նաև այնպիսի դեպքեր, որոնք բովանդակում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակությունում անհանդուրժող վերաբերմունքի, ատելության խոսքի դրսևորումների մասին, այդ թվում՝ հանրային գործիչների մասնակցությամբ։ Կազմակերպությունը ներկայացրել է խտրականությամբ զուգորդված ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտման 57 դեպք, այդ թվում՝
- խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր,
- սեռական ու ֆիզիկական բռնության դեպքեր,
- հոգեկան ներգործության, անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության տարածման կամ սպառնալիքի դեպքեր,
- մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման և այլ դեպքեր։
2024 թվականի ընթացքում Պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ, որոնցով ներկայացվել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով իրավունքների խախտման, խտրական վերաբերմունքի և արժանապատվությունը նվաստացնելու դեպքեր քրեակատարողական հիմնարկում, ոստիկանների և քննիչների կողմից, նաև բժշկական անձնակազմի կողմից։
Օրենսդրական խնդիրներ
Խոսելով օրենսդրական խնդիրների մասին՝ շեշտվում է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես պաշտպանված հատկանիշ, խտրականությանը, ատելության խոսքին և ատելության հիմքով հանցանքներին վերաբերելի կարգավորումներում նախատեսված չլինելը։ Պաշտպանը վերահաստատում է, որ անհրաժեշտ է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանվող հանգամանք, օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել։
Հինք ընդունելով տարեկան հաղորդման մեջ առանձնացված խնդիրները՝ Պաշտպանը հանդես է եկել նաև առաջարկություններով, որտեղ առաջարկվում է․
- իրականացնել հանրության վերաբերմունքի ուսումնասիրություն,
- կազմակերպել հանրային արշավներ,
- շարունակաբար վերապատրաստումներ իրականացնել ոստիկանների, քննիչների, դատախազների և դատավորների համար,
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմի համար,
- լրացնել «սեռական կողնորոշումը» և «գենդերային ինքնությունը»՝ որպես պաշտպանվող հատկանիշ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ, 329-330-րդ հոդվածներում, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածում,
- փոփոխություններ կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչում կամ հնարավոր կարճ ժամկետներում հաստատել նոր դասակարգիչ՝ այն համապատասխանեցնելով Հիվանդությունների միջազգային դասակարգչի 11-րդ թարմացմանը։
Սեռական ոտնձգություն
Պաշտպանի տարեկան հաղորդումը նաև անդրադարձ է կատարել սեռական ոտնձգության խնդիրին։ Սեռական ոտնձգության դեմ պայքարում բազմաթիվ խնդիրներ դեռևս շարունակում են արձանագրվել՝ պայմանավորված ինչպես ոլորտի օրենսդրական կարգավորումների անկատարությամբ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում առկա ընկալումներով ու իրավակիրառման թերություններով։ Սեռական ոտնձգության դեպքերը հաճախ չեն բարձրաձայնվում, որը կարող է պայմանավորված լինել իրազեկվածության բացակայությամբ կամ պակասով, կանխակալությամբ, ոչ բավարար ապացույցներով, վախով, այդ թվում՝ հասարակության կողմից թիրախավորվելու վախով, ամոթով, քննադատություններով, ոտնձգության դեմ պայքարի քաղաքականության բացակայությամբ ու հաճախ նաև հասարակությունում առկա որոշ ընկալումներով ու կարծրատիպերով։
Հիշեցնենք, որ վերջերս Փինք իրավապաշտպան ՀԿ-ն կարևոր հայտարարությամբ է հանդես եկել և ներկայացրել կազմակերպության դիրքորոշումն իրավապաշտպան ոլորտում արձանագրված սեռական ոտնձգության ու բռնության դրսևորումների վերաբերյալ։
ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականություն
2024 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ մի շարք խտրականության դեպքեր առողջապահական համակարգում։ Իսկ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի կողմից արձանագրվել են ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականությամբ զուգորդված 23 իրավախախտման դեպքեր, որոնցում հանդիպել են բժշկական հաստատություններում խտրական և անհարգալից վերաբերմունքի դրսևորման դեպքեր, անձնական տվյալների պաշտպանության ապահովման և այլ խնդիրներ։
Պաշտպանն արձանագրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլև խոչընդոտում են ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելմանը և ՄԻԱՎ-ի ազդեցությունը նվազեցնելուն: