Փինքի դիրքորոշումն իրավապաշտպանության ոլորտում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ

17-02-2025

Փինքն իր մտահոգությունն է հայտնում նախորդ տարվա ընթացքում ԼԳԲՏ+ անձանց և իրենց իրավապաշտպան համարող անձանց ու կազմակերպությունների շրջանում արձանագրված սեռական ոտնձգության, բռնության, դիրքի չարաշահման, շանտաժի, արժանապատվությունը նսեմացնող վարքագծի, շահառուների աջակցության խոչընդոտման ու արհեստական մրցակցային մթնոլորտի ստեղծման դեպքերի ու տեղեկությունների հետ կապված։  

Մենք, որպես ԼԳԲՏ+ համայնքահեն ու իրավապաշտպան կազմակերպություն, հավատարիմ ենք մեր կողմից ընդունած հավասարության, ապահովության խթանման, բազմազանության նկատմամբ հարգանքի արժեքներին: Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ խթանելու այնպիսի հասարակության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր ոք ապրում է արժանապատիվ ու պաշտպանված է՝ անկախ իր սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ հատկանիշներից։ Մեր կազմակերպության արժեքների առանցքում մարդու իրավունքների, հավասարության և արժանապատվության նկատմամբ հարգանքն է, և մենք վճռական ենք ստեղծել անվտանգ միջավայր բոլորի համար: 

Սեռական ոտնձգության ու բռնության դրսևորումներ

Փինքը վերահաստատում է բռնության ու խտրականության ցանկացած դրսևորման անընդունելիությունն ու մերժումը և վերահաստատում իր հստակ դիրքորոշումը՝ խթանելու վերջիններիս առնչությամբ ցանկացած դրսևորման բացառումը ԼԳԲՏ+ համայնքում, իրավապաշտպանության, ՀԿ-ների ու գործընկերների շրջանում։ Ելնելով շահառուների անձնական տվյալների գաղտնիության պահպանման, կրկնակի թիրախավորումից ու զոհականացումից խուսափելու սկզբունքներից՝ Փինքը նպատակային չի գտնում հանրային հրապարակել ստացված տեղեկությունների ու ենթադրյալ դեպքերին առնչվող անձանց մասին որևէ տեղեկություն։ Սակայն հարկ է համարում նշել, որ վերջիններս վերաբերելի են իրավապաշտպան համարվող անձանց կողմից դիրքի չարաշահմամբ մի քանի սեռական ոտնձգության ու բռնության դեպքերին՝ իրավապահ մարմիններին դիմած ու չդիմած դեպքերով, դիրքի չարաշահմամբ անձանց շանտաժի ենթարկելու, շահառուների շրջանում այլ կազմակերպություններից աջակցություն ստանալուն խոչընդոտելուն, տեղական ու միջազգային գործընկերներին իրականությանը չհամապատասխանող  տեղեկություն տրամադրելուն՝ արհեստական մրցակցային մթնոլորտ սերմանալու միտումով։    

Փինքը դիտարկում է շահառուների լավագույն շահը որպես առաջնահերթություն։ Իրավապաշտպանները և իրավապաշտպանության առաքելությունը վերցրած կազմակերպությունները, ունենալով մարդու իրավունքների պաշտպանության հարցերով բարձրաձայնելու արդյունքում հեղինակություն հանրության ու խմբերի շրջանում, պարտավոր են ձեռնպահ մնալ իրենց ներկայացուցիչների կողմից դիրքի չարաշահման ցանկացած դրսևորումից։ Փինքը խստորեն քննադատում է ցանկացած նման դրսևորում։ 

Հայաստանում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև ԼԳԲՏ+ անձինք  խախտում են լռությունը՝ խոսելով իրենց հանդեպ կատարված սեռական բռնության և իշխանական դիրքի չարաշահման վերաբերյալ։  Այս քայլը ճանապարհ է հարթում ուրիշների համար՝ բարձրաձայնելու սեփական փորձառությունների մասին: Ցավոք, վերապրածների փորձը ներառում է նաև աջակցող կազմակերպությունների աշխատատողների կողմից ևս սեռական ոտնձգության դեպքեր, որոնք չեն բարձրաձայնվում իշխանության գործադրման արդյունքում։ 

Բայց վերապրածների պարտականությունը չէ կանխել սեռական ոտնձգությունները կամ դիրքի չարաշահումները: Այդ պատասխանատվությունը պատկանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և մեզնից յուրաքանչյուրին: Ժամանակն է արմատախիլ անելու անպատժելիության մշակույթը, որը  թաքցվում է թվացյալ « արժեքների» տակ: 

Փինքը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում սեռական  ոտնձգությունների դեմ պայքարին։ Այդ պատճառով Փինքը մասնագիտական ծառայություններ է մատուցում տուժածներին և զբաղվում է նրանց շահերի պաշտպանությամբ՝ կարևորելով, որ նրանք հասնեն արդարադատության։ 

Սեռական շահագործումը և դիրքի չարաշահումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատողների կողմից (հենց այն մարդկանց, ում պետք է օգնեն),  վստահության ամենալուրջ խախտումն է: Այն հիմնովին հակասում է մեր կազմակերպությունների հիմնական սկզբունքներին և պարտավորություններին: 

Անհիմն մրցակցային մթնոլորտ և անձնական նեղ շահերի սպասարկում 

Միևնույն ժամանակ , Փինքը հավատացած է, որ քաղաքացիական հասարակության զորեղացման ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում համագործակցությունն ու սոլիդարությունը ոլորտային կազմակերպությունների ու իրավապաշտպանների հետ մյուս հիմնաքարային կետերից է։ Մենք անընդունելի ենք համարում իրենց իրավապաշտպան կամ իրավապաշտպան ՀԿ համարողների կողմից ցանկացած գործողություն, որը խոչընդոտում է վերոնշյալին ու ստեղծում մրցակցության անհիմն պատկեր։ Մարդու իրավունքների ոլորտը երբեք չպետք է հանդիսանա մրցավազք կազմակերպելու տարածք։ Մենք համաձայն ենք ստեղծելու ամուր համագործակցային կապեր ու սոլիդար լինել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների ու անհատների հետ, սակայն նաև սկզբունքային ենք դադարեցնելու, մերժելու համագործակցությունը ու դատապարտելու ցանկացած անհատի կամ կազմակերպության գործունեությունը, որն ակնհայտորեն հանդիսանում է խտրականության, բռնության կամ ցանկացած այլ  իրավախախտման դրսևորում, դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը, անձանց կյանքին ու արժանապատվությանը և ուղղված է անձնական նեղ շահերի սպասարկմանը։  

Մեր թիմի անդամների, շահառուների և գործընկերների իրավունքների պաշտպանությունը մեր գլխավոր առաջնահերթություններից է։ Կազմակերպությունը շարունակաբար աշխատել է անվտանգ տարածք ապահովելու ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է գործունեություն ծավալել՝ առանց խտրականության և ոտնձգությունների։ 

Փինքում ներդրված են մեխանիզմներ, որոնք ուղղված են սեռական ոտնձգությունների և դիրքի չարաշահման կանխարգելմանը, շահերի բախման ու կոռուպցիայի կանխարգելմանը։ Մենք իրականացնում ենք կանոնավոր վերապատրաստումներ մեր աշխատակազմի և կամավորների համար՝ բարձրացնելու իրազեկվածությունն ու խթանելու անվտանգ վարքագիծ, մարդակենտրոն ու թափանցիկ գործունեություն։ 

Կոչ ԼԳԲՏ+ անձանց, տեղական և միջազգային գործընկերներին

  • Մենք կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին և անձանց՝ ստեղծելու հարգանքի, ընդունման և հավասարության միջավայր։ Մենք կոչ ենք անում չլռել ու բարձրաձայնել ցանկացած ոլորտում՝ ներառյալ իրավապաշտպանության ոլորտում, բռնության ու շահագործման մասին ցանկացած դեպք կամ տեղեկություն՝ կանխելու նման դեպքերի ու իրողությունների կրկնությունը։ Միայն միասնական քայլերով կարող ենք ստեղծել ապահով և պաշտպանված հասարակություն՝ հիմնված մարդու իրավունքների համընդհանուր արժեքների վրա։ 
  • Մենք հորդորում ենք մեր գործընկեր ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպություններին քննադատ լինել սեռական ոտնձգության, բռնության, դիրքի չարաշահման, շանտաժի, արժանապատվությունը նսեմացնող վարքագծի, շահառուների աջակցության խոչընդոտման ու արհեստական մրցակցային մթնոլորտի ստեղծման դեպքերի ու տեղեկությունների նկատմամբ։ Բարձրաձայնել ցանկացած տեղեկություն, և միևնույն ժամանակ, կիրառել արձագանքման ու կանխարգելման գործողություններ՝ նման իրողությունների չկրկնման ու անպատժելիության շղթան կտրելու համար։  
  • Մենք կոչ ենք անում մեր տեղական և միջազգային գործընկերներին ու դոնորներին անհաղորդ չմնալ սեռական ոտնձգության, բռնության ու դիրքի չարաշահման մասին իրենց հասած տեղեկություններին ու առավելագույնս ուշադիր լինել համագործակցակային կապերը ստեղծելուց կամ շարունակելուց։ Միաժամանակ, հորդորում ենք տեղ չտալ իրենց իրավապաշտպան համարող անհատների ու կազմակերպությունների կողմից մրցակցություն ստեղծելու մասին անհիմն մեկնաբանություններին ու պատճառաբանություններին՝ բռնության ու դիրքի չարաշահման ենթադրյալ դեպքերը քողարկելու նպատակով։  ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը երբեք չի եղել ու չպետք է լինի մրցակցային դաշտ ու չպետք է սպասարկի մեկ կամ մի քանի անձանց անձնական շահեր։ 
  • Մենք մեր զորակցությունն ենք հայտնում այն ԼԳԲՏ+ անձանց, ովքեր ինչպես բարձրաձայնել, այնպես էլ՝ չեն բարձրաձայնել իրենց հետ կատարված բռնության, դիրքի չարաշահման, շանտաժի, ծառայությունների մերժման դեպքերի մասին։ Փինքը միշտ աջակցել է ու կշարունակի աջակացել այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը։ 
  • Մենք համոզված ենք, որ բռնության և խտրականության դեմ պայքարը սկսվում է յուրաքանչյուրիցս ու պահանջում է համագործակցություն, կամք ու տոկունություն։ Կոչ ենք անում բոլորին՝ ներառյալ ԼԳԲՏ+ անձանց, կազմակերպություններին և գործընկերներին  միանալ մեզ՝ ստեղծելու հավասարության, հարգանքի և ընդունման տարածքներ՝ համատեղ դիմակայելու այս դարաշրջանի լուրջ մարտահրավերներին։