Ի՞նչ հարցերով են դիմել մեզ ԼԳԲՏ+ անձինք վերջին ժամանակաշրջանում 

27-02-2024

Հայաստանում ԼԳԲՏ+1 համայնքը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ պայմանավորված հասարակական նորմերով և իրավական սահմանափակումներով: Այնուամենայնիվ, աջակցության ծառայություններ առաջարկող կազմակերպությունները կենսական դեր են խաղում այս խնդիրների լուծման գործում: Այստեղ ամփոփում ենք Փինք ՀԿ դիմած այցելուների հիմնահարցերը վերջին վեց ամիսների ընթացքում (2023 թ․ օգոստոսից 2024 թ․ հունվար) և տրամադրվող աջակցությունը՝ կենտրոնանալով մասնագիտական ծառայությունների և ուղղորդումների վրա, ինչպես նաև ներկայացնում ընդհանուր իրավիճակն ու արձանագրած դեպքերի վիճակագրական վերլուծությունը:

Դեպքերի հաճախականությունը և դիմելիությունը վերլուծելը մեզ հնարավորություն է տալիս եզրակացնելու, ոլորտային հատուկ ծառայությունների պահանջարկի մասին:

ԼԳԲՏ+ այցելուները, ովքեր դիմել են սոցիալական աշխատողի խորհրդատվության համար, հիմնականում բախվել են ընտանեկան բռնության դրսևորումների, որոնք ուղեկցվել են ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնությամբ և երբեմն անտեսմամբ, նաև դիմել են հոգեբույժի, հոգեբանի ուղղորդվելու, աշխատանքի տեղավորման, բնակարան գտնելու, առողջապահական խնամքի հասանելության հարցերով, ներառյալ՝ զգայուն մասնագետների՝ մասնավորապես սեռական առողջության ոլորտից, հորմոնաթերապիայի ընթացակարգերի և դրա կազմակերպման հարցերով։ Այցելուները հաճախ դիմում են սոցիալական աշխատողին, երբ արդեն կարիք կա ճգնաժամային միջամտության՝ լուծելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ դեպրեսիա, տագնապային գրոհները, տրավմաները։ ԼԳԲՏ+ մարդիկ նաև դիմել են կրթական հաստատություններում առկա խտրականության, բուլիինգի, ֆիզիկական բռնության հաղթահարման հարցերով։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ապաստարանի հիմնախնդիրը ԼԳԲՏ+ անհատների համար գերակա խնդիր է, որը հանգեցնում է անօթևանության, նաև բարձրացնում է աղքատության ռիսկը։ Այս հիմնախնդրին բախվում են խտրականության պատճառով ընտանեկան բռնության ենթարկված անձինք, որի արդյունքում կա՛մ անձին դուրս են հանում տնից, կա՛մ անձը, չդիմանալով անընդհատ բռնություններին, լքում է տունը: Վերջին ժամանակներում արձանագրվել է, որ ծնողները այրում են ԼԳԲՏ+ անձանց իրերը, ծաղրում են նրանց, հաճախ նաև առանձնացնում են սպասքը։

Այս վեց ամիսների ընթացքում սոցիալական աշխատողի կողմից տրամադրվել է 101 խորհրդատվություն որոնց շրջանակներում, որպես առաջնային հայցեր նշվել են՝ ընտանեկան բռնությունը, կացարանի հիմնախնդիրը, ընտանիքի որևէ անդամի կամ անդամների կողմից հետապնդումները, աշխատանք գտնելու հարցը, առողջապահական հիմնահարցեր, ֆինանսական աջակցություն ստանալու կարիքը, բուլիինգը, կրթատեղեկատվական նյութերի տրամադրումը, փաստաթղթերի կազմումը և այլն։

Սեռական ինքնության շուրջ խարանը ազդում է անձանց հոգեկան առողջության վրա: Այցելուները հաճախ դիմում են խորհրդատվության, աջակցության խմբերի և ճգնաժամային միջամտության՝ լուծելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը և տրավման: Վերջին 6 ամիսների ընթացքում տրամադրվել է 303 խորհրդատվություն հոգեբանի կողմից։

ԼԳԲՏ+ այցելուները հաճախ դիմում են իրավաբանական խորհրդատվության հետևյալ հարցերով՝ ընտանեկան բռնության, խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, դատարանում կամ ոստիկանական համակարգում ներկայացուցչություն ապահովելու հարցերով։ Աջակցություն կարող է պահանջվել անունների փոփոխության, անձնագրում գենդերային նշումների ուղղումների կամ կյանքի տարբեր ոլորտներում խտրական պրակտիկայի դեմ պայքարելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ վերջին վեց ամիսներին խորհրդատվությունների ընթացքում հաճախ կարելի է տեսնել այցելուների, ովքեր վախենում են դիմել իրավապահ մարմինների։ Վախը կապված է իրենց նախկին փորձառության հետ, երբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները փորձել են պաշտպանել բռնարարին՝ անտեսելով դիմողի կարիքները կամ ծաղրել են տուժողին՝ պայմանավորված վերջինիս սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ Վեց ամիսների ընթացքում իրականացվել է 97 իրավաբանական խորհրդատվություն, ներառյալ՝ ներկայացուցչություն դատարանում։

Բացի մասնագիտական ծառայություններ մատուցելուց, կազմակերպությունը նաև բարձրաձայնում է ԼԳԲՏ+ մարդկանց հիմնախնդիրների մասին տարբեր միջազգային և տեղական հարթակներում՝ փորձելով խթանել ներառական քաղաքականությունների ու գործելակերպերի ստեղծմանը։

Ամփոփելով, նշենք, որ աջակցության ծառայությունները վճռորոշ դեր են խաղում Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի համար աջակցության և շահերի պաշտպանության գործում: Առաջարկելով մի շարք ծառայություններ և հեշտացնելով մասնագիտական ռեսուրսների ուղղորդումները՝ Փինքը զգալիորեն նպաստում է ԼԳԲՏ+ անհատների բարեկեցությանը և հզորացմանը: Այնուամենայնիվ, շարունակական ջանքերը կարևոր են համակարգային խտրականության դեմ պայքարի, ներառական ծառայությունների հասանելիությունը բարելավելու և հայաստանյան հասարակության մեջ ԼԳԲՏ+ իրավունքների պաշտպանության համար:

Ներկայացված տվյալները նաև ներառում են ԼԳԲՏ+ փախստականներ, ապաստարան հայցողներ ՀՀ-ում։

1․ «ԼԳԲՏ+»-ն օգտագործվում է որպես համապարփակ տերմին՝ ներառելու լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս անձանց և առկա բոլոր սեռական կողմնորոշումները, գենդերային ինքնություններն ու գենդերային արտահայտությունները։

Այլ նորություններ

Նորությունների բաժին