Իլգա Եվրոպան հրապարակեց նոր Ծիածան քարտեզը
Մայիսի 15-ին Իլգա Եվրոպայի կողմից հրապարակված Ծիածան քարտեզը, որը դասակարգում է 49 եվրոպական երկրները ԼԳԲՏԻ մարդու իրավունքների ասպարեզում ունեցած օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ցույց է տալիս, որ մի կողմից Եվրոպայում ավտորիտար առաջնորդները շարունակում են օգտագործել ԼԳԲՏԻ անձանց հարցերը որպես քավության նոխազ՝ բաժանելով հասարակության անդամներին և մոբիլիզացնելով իրենց ընտրազանգվածը, միևնույն ժամանակ, մյուս ուժերը ցուցաբերում են ամուր քաղաքական կամք՝ հարգելով ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքները առաջ մղելու և պաշտպանելու պարտավորությունները:
Երկրները նաև քրտնաջան աշխատում են հանցավորության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար, որոնք ներառում են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելությունը որպես ծանրացուցիչ գործոն: Գերմանիան, որն այս տարի վարկանիշում ամենամեծ թռիչքն է կատարել, արգելել է ատելության հիմքով հանցագործությունները՝ հիմնված սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և սեռային հատկանիշների վրա: Ատելության հիմքով հանցագործության դեմ օրենսդրություն ընդունած այլ երկրներն են Բուլղարիան, Իսլանդիան (որը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը) և Սլովենիան: Կոնվերսիոն պրակտիկայի վրա արգելքներ են դրվել Բելգիայում, Կիպրոսում, Իսլանդիայում, Նորվեգիայում և Պորտուգալիայում:
Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության հարևաններից Վրաստանը, որը ԵՄ թեկնածություն ստացած ամենավերջին երկրներից մեկն է, ճնշում է ԵՄ-ին կողմնակից բողոքի ցույցերը՝ ընդդեմ ներկա կառավարության կողմից առաջարկած «օտարերկրյա գործակալների» օրենքի, որն ուղղակիորեն բխում է ռուսական հակա-ԼԳԲՏԻ օրակարգից:
Մալթան իններորդ տարին անընդմեջ շարունակում է զբաղեցնել Ծիածան քարտեզի առաջին տեղը՝ 88% ցուցանիշով։
Ծիածան քարտեզի սանդղակի մյուս ծայրում գտնվող երեք երկրներն են Ռուսաստանը (2%), Ադրբեջանը (2%) և Թուրքիան (5%): Ռուսաստանը կորցրեց 7 միավոր և նահանջեց 3 տեղով դաշնային օրենսդրության պատճառով, որն արգելում է գենդերի իրավական ճանաչումը և տրանս անձանց վերաբերելի առողջապահությունը։ Նախկինում Հայաստանը սանդղակի վերջնամասում էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սակայն Ռուսաստանի օրենսդրական փոփոխությունների պատճառով վերջինս միավորներ կորցրեց և տեղերով փոխվեց Հայաստանի հետ։ Արդյունքում Հայաստանը բարելավեց դիրքերը՝ դուրս գալով բռնապետական եռյակից։
Գերմանիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիխտենշտեյնը և Հունաստանը միավորներով ամենամեծ թռիչքն ունեցող երկրներն են։ Այսպիսով, և՛ Էստոնիան, և՛ Հունաստանը փոփոխել են իրենց օրենքները՝ օրինականացնելով նույնասեռ ամուսնությունները և երեխաներ որդեգրումը նույնասեռ զույգերի կողմից, Հունաստանը նաև լրացրել է իրենց հակախտրական օրենսդրության բացերը՝ԼԳԲՏԻ անձանց լիարժեք պաշտպանելու համար: Լիխտենշտեյնը ընդլայնել է նույնասեռ զույգերի որդեգրման իրավունքները։
Այնուամենայնիվ, շատ երկրներում այս տարի դադարեցվել են գենդերի իրավական ճանաչման նոր ընթացակարգերի օրենսդրական գործընթացները: Նաև ոչ մի երկիր չի արգելել անհարկի բժշկական միջամտությունները ինտերսեքս երեխաների համար: