Կրոնի և դավանանքի ազատություն և ԼԳԲՏ անձանց իրավունքներ․ հակասու՞մ են, արդյոք, մարդու հիմնարար իրավունքները

18-01-2024

ՀՅԴ պատգամավորն ասել է. «Շատ լուրջ եմ վերաբերվում, որ մենք քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք, և խորապես հավատում եմ, որ սոդոմական մեղքերը շատ լուրջ մեղքեր են: Ես նորմալ կին եմ. ես համարում եմ՝ արվամոլ տղամարդը կանանց թշնամին է, ես բնազդով չեմ կարող նրանց ընդունել»։

ԲՀԿ պատգամավորն ասել է․ «Մի բան կարող եմ ասել՝ նմանատիպ սրբապիղծներին առաջներում վառել են, արտաքսել են երկրից: Ես Աստվածաշնչով եմ նայում, որից այն կողմ ուրիշ բան չկա: Մի բան գիտեմ, որ Սոդոմ-Գոմոր քաղաքներն ավիրվեց այդ համասեռամոլների ու նմանատիպ բաների պատճառով: Հիմա ի՞նչ են ուզում` անեծքի տա՞կ ընկնենք մենք: Մոռացել ենք, թե ինչ է ասել Աստվածաշունչը, թե ինչ ձևի պետք է լինի ամուսնությունը, ինչ ձևի պետք է լինի հավատը: Ով այդ ամենից շեղվում է, նա սատանայի կամակատարն ու գործակիցն է:»

ՀՀԿ պատգամավորն ասել է. «Ազգային և քրիստոնեական արժեքներն ամրապնդելու փոխարեն, մենք ստացանք հարձակում Վեհարանի և Վեհափառի վրա, ինչպես նաև Շուռնուխում համասեռամոլության քարոզ»։3

ՀՀԿ պատգամավորն ասել է. «Սակայն Կոնչիտայի «վկաները» ոչ մի կերպ չեն հանդարտվում, կատարելով իրենց պատվիրատուների կեղտոտ հանձնարարությունները` Հայաստանում ազատ խոսքը և ազատ մամուլը ոչնչացնելու և ամեն ազգայինն ու քրիստոնեականը խորտակելու նպատակով»:

Հայ առաքելական եկեղեցին 2017թ-ին «Ոսկե ծիրան» կիոփառատոնին հորդորել է ԼԳԲՏ անձանց մասին պատմող «Լսիր ինձ» ֆիլմը հեռացնել փառատոնից։

Այս արտահայտությունները ընդհանուր առմամբ արտահայտում են Հայաստանում պաշտոնատար անձանց վերաբերմունքը կրոնին և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Սա, իհարկե, միայն Հայաստանին հատուկ իրավիճակ չէ։ Վրաստանում, օրինակ, եկեղեցու ներկայացուցիչները ծայրահեղակաների հետ ներգրավված էին 2013 թ-ին ԼԳԲՏ անձանց կողմից կազմակերպված խաղաղ հավաքի նկատմամբ հարձակմանը։ Ի վերջո, եկեղեցու ազդեցության ներքո է, որ խտրականության դեմ Վրաստանի օրենքը սահմանում է, որ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որ հակասի Վրաց ուղղափառ եկեղեցու և պետության միջև կնքված համաձայնությանը։ Իսկ Ուկրաինայի օրինակում, Համաուկրաինական եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների խորհուրդը հաջողությամբ կարողացավ խոչընդոտել Խտրականության դեմ պայքարի և կանխարգելման սկզբունքների մասին օրենքի ընդունման գործընթացին այնպես, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքությունը չներառվեցին որպես պաշտպանված հատկանիշներ։

Կարելի է եզրակացնել, որ քրիստոնեությունը և դրա հետ փոխկապակցված արժեքները հակադրվում են մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունից և բռնությունից պաշտպանելուն։ Հայ հասարակությունը նաև ականատեսն է եղել եկեղեցականների կողմից բողոքի ցույցերին՝ ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանության տարբեր հարցերի դեմ։ Շատ երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվում են ԼԳԲՏ անձանց սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը փոխելու պրակտիկաներ՝ ծիսակարգերի միջոցով։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք դավանել որևէ կրոն նշանակում է դեմ լինել ԼԳԲՏ անձանց պաշտպանությանը, կամ հակառակը՝ լինել ԼԳԲՏ անձ նշանակում է չունենալ կրոն կամ դավանանք։ Ի վերջո, որպես մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություն ունեցող մարմին, ինչպես պետք է պետությունը ապահովի բոլոր անձանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես, կրոնի և դավանանքի ազատությունը մի կողմից, որը ենթադրաբար չի ընդունում ԼԳԲՏ անձանց, և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ակնհայտ է, որ մարդու հիմնարար իրավունքները չեն կարող հակասել իրար․ միևնույն ժամանակ, դրանց անհամատեղելիության պարագայում հնարավոր է որոշակի սահմանափակումներ։

Կրոնի և դավանանքի ազատությունը մեկնաբանվել է որպես երկու հիմնական բաղադրատարր ունեցող հասկացություն․ առաջինը՝ անձի մտքի, կրոնի և դավանանքի ազատությունն է, որը բացարձակ է և որևէ մեկը չի կարող այն սահմանափակել (Մարդու իրավունքների կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն թիվ 34, պարագրաֆ 9)։ Երկրորդը՝ անձի՝ կրոնն ու դավանանքը գործողությունների միջոցով դրսևորելու, տարածելու և քարոզելու իրավունքն է, որը բացարձակ ազատություն չէ և կարող է սահմանափակվել հասարակական անվտանգության, կարգուկանոնի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման համար՝ օրենքով սահմանված կարոգով (CCPR/C/21/REV.1/ADD.4, պարագրաֆ 8)։ Այն չի կարող մեկնաբանվել այնպես որ խտրական վերաբերմունքի հանգեցնի այլ կրոնական խմբերի կամ կրոն կամ դավանանք չունեցող անձանց նկատմամբ։

Միևնույն ժամանակ, խտրականությունից զերծ լինելու իրավունքը միանշանակորեն համարվում է բացարձակ իրավունք և չի կարող որևէ պարագայում սահմանափակման ենթարկվել։ Հարկ է նկատել, որ խտրականությունից պաշտպանված են թե որևէ կրոն կամ դավանանք ունեցող անձինք, թե ԼԳԲՏ անձինք։ Իսկ ինչ վերաբերում է կրոնի կամ դավանանքի քարոզին, ապա դա չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն։ Ավելին, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով բռնությունները հաճախ, իրենց ծանրության աստիճանից ելնելով, որակվում են որպես խոշտանգում կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ինչը ևս բացարձակ իրավունք է և չի կարող սահմանափակվել։

Քանի որ այս երևույթը հատուկ է շատ երկրների, Միավորված ազգերի կազմակերպության Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնության և խտրականության հարցերով անկախ փորձագետը թեմայի շուրջ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Այսպիսով, անկախ փորձագետը եկել է այն եզրահանգման, որ կրոնի և դավանանքի ազատությունը, լինելով ոչ միայն կրոնական կազմակերպությունների և որևէ դավանանք ունեցող անձանց ազատություն, այլ նաև որևէ կրոնական պատկանելություն կամ դավանանք չունենալու ազատություն, չի կարող ըստ էության հակադրվել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունից և բռնությունից զերծ լինելու իրավունքին։

Սա, իհարկե, ակնհայտ է և տրամաբանական, երբ հարցին նայում ենք իրավական տեսանկյունից։ Պատկերն այլ է իրական կյանքում, որտեղ հաճախ կրոնը կամ կրոնական կազմակերպությունները կամ իրենք են պատմականորեն եկած մեծ ազդեցություն ունենում պետական օրինաստեղծ և իրավակիրառ գործունեության վրա, կամ պետության քաղաքական իշխանություններն են «արդյունավետ» կերպով մանիպուլացնում կրոնական գաղափարներն ու արժեքները՝ հասարակության ընկալումները կառավարելու նպատակով։

Նույնասեռական հարաբերությունների քրեականացման արմատները պատմականորեն կապված են կրոնական օրենքների հետ, որոնք շատ երկրներում մինչ օրս գործում են այլ իրավական ակտերի հետ համատեղ կամ իրենց ազդեցությունն են թողել այդ կարգավորումների վրա։ Այլ պետություններում քրեականացման պատմական հիմքերը հասնում են Բրիտանական գաղութացման ժամանակաշրջան։ Իհարկե, ներկայում առկա իրադրության և անցյալի գործողնների պատճառահետևանքային կապը միանշանակ չէ, քանի որ ի վերջո տվյալ պետության քաղաքական ղեկավարությունն է նոր կարգի հեղինակն ու ճարտարապետը։ Մյուս կողմից, պետությունների ոչ ժողովրդավար իշխանությունների համար պետության կողմից հովանավորվող հոմոֆոբիան կրոնական գաղափարներով ու արժեքներով կոծկելը բավականին տարածված է իշխանությունների տեսանկյունից բարենպաստ երևույթ է։

Հետևաբար, ժողովրդավարացման ճանապարհին գտնվող պետության համար պետք է առաջնահերթ լինի սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության ամրապնդումը, այլ ոչ թե քաղաքական նպատակներ հետապնդող տարբեր ուժերի շահարկումներին տուրք տալով հասարակության բևեռացումը, ինչը կհանգեցնի պետության հիմքերը խարխլմանը։

Հաշվի առնելով մարդու իրավուքների պաշտպանության միջազգային մարմինների մեկնաբանություններն ու պետություններում առկա իրավիճակը՝ անկախ փորձագետը անդամ պետություններին, ի թիվս այլ միջոցների, առաջարկել է զերծ մնալ, կամ առկայության դեպքում վերացնել որևէ իրավական ակտ կամ քաղաքականություն, որը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին, կամ, հանդիսանալով կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող ակտ, կարող է հանգեցնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության։ Բացի այդ, առաջարկվել է խուսափել կրոնական նարատիվներով պայմանավորված որևէ խտրականության կամ բռնության դեպք արդարացնելուց, ինչպես նաև դատապարտել կրոնական առաջնորդների և նրանց ենթակաների կողմից խտրականության և բռնության հրահրումը ԼԳԲՏ անձանց և այլ գենդերային բազմազանության նկատմամբ։ Ներկայացվել է նաև մի շարք առաջարկներ՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանը, պատմական ու մշակութային իրողությունների ու բազմազանության ընկալմանը։