Հետազոտություն իրականացնելու մրցույթ
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է հետազոտական փորձ ունեցող մասնագետներ կամ կազմակերպություններ՝ «Տրանսգենդեր անձանց տրամադրվող բուժօգնության և սպասարկման օրենսդրական բացերի, գենդերի վերահստատման պրակտիկաների և դրանց խնդիրների մասին» թեմայով հետազոտություն իրականացնելու համար։
Հետազոտության օբյեկտը
Հայաստանում գենդերի վերահաստատման և սեռափոխման գործընթացների առանձնահատկությունները
Հետազոտության առարկան
Տրանսգենդեր անձանց գենդերի վերահաստատման գործընթացների իրավական և առողջապահական կարիքները և գործող պրակտիկան
Հետազոտության իրականացման ժամկետները՝
Մեկնարկ՝ հոկտեմբեր, 2024 թ․, ավարտ՝ հուլիս 2025 թ․, տևողությունը՝ 10 ամիս։
Հետազոտական հարցերն են՝
- Հայաստանում ինչպիսի օրենսդրական բացերի կամ թերի կարգավորումների են բախվում տրանսգենդեր անձինք փաստացի գենդերի և փաստաթղթերում նշված սեռի անհամապատասխանության, ինչպես նաև սեռափոխության պարագայում՝ թե՛ նախավիրահատական, թե՛ վիրահատական, թե՛ հետվիրահատական շրջաններում և որն է աշխարհում առկա լավագույն փորձը, որը հնարավոր է տեղայնացնել Հայաստանում՝ հաշվի առնելով տեղի համատեքստը։
- Գործականում ինչպես է ապահովվում տրանսգենդեր անձանց սեռափոխության կամ գենդերի վերահաստատման այլ գործընթացների (օրինակ հորմոնալ թերապիա) հետ կապված կարիքները և ինչպիսի բացասական հետևանքներ է ունենում կամ կարող է ունենալ նշված գործընթացի վերահսկման բացակայությունը
- Ինչ խնդիրների հետ են բախվում այն տրանս անձիք, ովքեր անցնում են գենդերի վերահաստատման գործընթացներից որևէ մեկով։
Հետազոտության խնդիրներն են՝
- Պարզել Հայաստանում գենդերի վերահաստատման գործընթացների հետ կապված օրենսդրական բացերը։
- Պարզել, թե Հայաստանում պրակտիկայում ինչպես է ապահովվում տրանսգենդեր անձանց գենդերի վերահաստատման գործընթացների հետ կապված կարիքները։
- Ուսումնասիրել գենդերի վերահաստատման և սեռափոխման գործընթացների հետ առնչված տրանս անձանց փորձը։
Հետազոտության տեսակը՝
Հետախուզական հետազոտություն
Հետազոտության մեթոդը՝
Որակական
Հետազոտության ժամանակ կիրառելի է սոցիոլոգիական հետազոտության որակական մեթոդը, որի շրջանակներում պետք է իրականացվի փաստաթղթերի վերլուծություն, փորձագիտական հարցազրույցներ, խորին հարցազրույցներ, դեպքերի ուսումնասիրություններ (case studies ) և խմբային քննարկումներ։
Ռեսպոնդենտների հավաքագրումը (recruitment) կարող է իրականացվել ձնագնդի մեթոդով։ Թիրախ խմբին հասանելիություն ունենալու հարցում Փինքը պատրաստ է տրամադրել աջակցություն հետազոտական թիմին։
Մրցույթին մասնակցելու կարգը
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ․ հոկտեմբերի 7-ը ուղարկել հետազոտության մեթոդաբանությունը և գնառաջարկը, որը կներառի հետազոտության թիմի վարձատրությունը, հետազոտության հետ առնչվող անհրաժեշտ ծախսերը [email protected] հասցեով։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Հետազոտության ներկայացվող մեթոդաբանությունը համապատասխանում է պահանջներին,
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին՝ ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ,
- Հետազոտություններ իրականացնելու փորձ, առավելությունը կտրվի մարդու իրավունքների ոլորտի հետ առնչվող հետազոտական փորձին։
Այլ պահանջներ
- Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
- Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
- Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։