Կլոր սեղան, սուր անկյուններ

25-09-2010

ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակը 2010թ.  սեպտեմբերի 24-ին կազմակերպել էր կլոր սեղան քննարկում Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց խնդիրներն ու դրանք վերացնելու հնարավոր ուղիները թեմայով:

Քննարկմանը հրավիրված էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Կառավարության, Հայաստանում գործող միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, լրատվամիջոցների ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:

Երեք նախարարություններց խոստացել են ուղարկել ներկայացուցիչներ, սակայն նրանց խոստումները երբեք չիրականացան: Մեր աշխատանքային փորձում առաջին անգամ չէ, երբ Առողջապահության նախարարությունը հրաժարվում է մասնակցել քննարկմանն այս հիմանահարցի վերաբերյալ: Առողջապահության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը եղել է. «Սա մեզ հետ ի՞նչ կապ ունի»: Այնուամենայնիվ մենք տեղեկացանք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ժամանել է Էդուարդ Պիլատովը, գրացնվել է,  հետո դուրս եկել ծխելու պատրվագով և անհետացել ինչպես տեսիլք:

Քննարկումը բացեց Սառա Խոջոյանը, 2010թ. հուլիսին տպագրված «Սեռական կողմնորոշումը` հիվանդությո՞ւն» հոդվածի հեղինակը: Այնուհետև, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ (ՓԻՆՔ Արմենիա) նախագահ Մամիկոն Հոսեփյանը ներկայացրեց այս տարի կազմակերպության կողմից իրականացված և մայիս ամսին ներկայացված սոցիոլոգիական հետազոտության և իրավական վերլուծության արդյունքները:

Մ. Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ նույնասեռականությունը գոյություն է ունեցել պատմության ամբողջ ընթացքում և յուրաքանչյուր երկրի հասարակության կողմից ընկալվել է յուրովի, իսկ անհանդուրժողականությունը հիմնված է ավանդույթների, նորմերի և սոցիալական հիշողության վրա: Նա նաև ներկայացրեց երկրում տիրող խտրականության արտահայտման ձևերն ու այն ոլորտները, որտեղ ԼԳԲՏ իրավունքները ոտնահարվում են:

Հաջորդ խոսնակը` գրող և մադու իրավունքների ակտիվիստ Լուսինե Վայաչյանը, ներկայացրեց Հայաստանում սեռափոխ (տրանսեքսուալ) անձանց իրավիճակն ու սեռափողման վիրահատության խնդիրները:

Նա իր ընկերներից մեկի` Նորայրի օրինակը բերեց, ով ցանկանում է փոխել սեռը` դառնալ տղամարդ: Նորայրը գնացել է բժիշկ-էնդոկրինոլոգի մոտ. հետազոտություներից հետո բժիշկը խորհուրդ է տվել նրան գնալ հոգեբանի մոտ «բուժվելու»: Երբ նա ասել է, որ սեռափոխ լինելը այժմ հոգեկան հիվանդություն չի համարվում և ինքը կարիք չունի «բուժվելու», էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել նրան մեկնել Ռուսաստան: Նորայրը երբեք «չի հանդիպել ինչ-որ բժշկի, ով գիտի, թե ինչ է տրանսսեքսուալիզմը»:

Վայաչյանը նաև ավելացրեց, որ Հայաստանում բժիշկները չգիտեն կամ չեն ցանկանում իմանալ` «որն է տարբերությունը տրանսսեքսուալ մարդկանց և հերմաֆրոդիտների»:

ՓԻՆՔ-ի ներկայացուցիչը նշեց, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականություն կա կյանքի բոլոր բնագավառներում` դպրոցում, աշխատանքի վայրում, բուժկենտրոններում, այլուր:

Չնայած 1990  թ.-ից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունն իր ցուցակից հանել է որպես հոգեկան հիվանդություն, Հովսեփյանի խոսքերով, Հայաստանը չի հետևում ԱՀԿ-ի չափանիշներին և դեռևս պիտակավորում է նույնասեռականությունը որպես հոգեկան հիվանդություն: Հետևաբար նույնասեռական տղամարդիկ Հայաստանում կարող են ազատվել զինվորական ծառայությունից, եթե տեղեկացնեն իրենց սեռական կողմնորոշման մասին:

Հովսեփյանը հիշեցրեց 2009 թվականին տեղի ունեցած դեպքը, երբ մի խումբ ոստիկաններ փողոցում սեռական ինքնությունը վիրավորող բառեր են հնչեցրել մի տղամարդու նկատմամբ: Վերջինս բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին նույն թվականի հուլիսի 1-ին (գրություն թիվ 1–0508): ՀՀ Ոստիկանությունն, ի պատասխան օմբուդսմենի նամակին, տեղեկացրել է, որ քաղաքացուն ոստիկանություն են տարել ընդամենը 5 րոպեով, նրա անձնագրային տվյալները ստուգելու նպատակով: Ըստ Հովսեփյանի, օմբուդսմենը հավատացել է ոստիկանության խոսքերին, բայց ոչ տուժողի վկայությանը, ով նույնսիկ անձնագիր չի ունեցել իր մոտ այդ օրը:

«Ինչո՞ւ են նրանք հավատում ոստիկանության նամակին և ոչ թե քաղաքացու նամակին», – վրդովվել է Հովսեփյանը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ներկայացուցիչ Սառա Խոջոյանն այդ հարցով դիմել է օմբուդսմենին, սակայն վերջինս հերքել է նաև այն փաստը, թե ինքը երբևէ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից բողոք է ստացել: Ելնելով իրավիճակից` Հովսեփյանն ասեց. «Թող չասեն, որ բողոք չեն ստացել»:

Մամիկոն Հովսեփյանն ավելացրեց, որ խտրականությունն առկա է նաև լրատվության մեջ, որտեղ ծաղրում, քննադատում են ԼԳԲՏ անձանց: Շատ դեպքերում ԶԼՄ-ները տարածում են թյուր տեղեկատվություն սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության մասին, իսկ լրագրողները խթանում են ատելությունն իրենց խոսքերում:

Նա նշեց Ա1+-ի օրինակը, որ այն ամենահանդուրժող և հարգված լրատվամիջոցներից է եղել, սակայն այժմ դարձել է այն շարքայիններից մեկը, որոնք տրամադրում են ԼԳԲՏ անձանց վարկաբեկող կամ ծաղրանքի առարկա դարձնող տեղեկատվություն:

Քննարկման մասնակիցներից մեկը` Սևակ Կիրակոսյանը կոչ արեց լրագրողներին օգտագործել համապատասխան տերմիններ, որոնք չեն վիրավորում կամ ոտնահարում ԼԳԲՏ իրաունքներն ու մարդկային արժանապատվությունը, իսկ Լուսինե Վայաչյանը խնդրեց հաջորդ անգամ հրավիրել ներկայացուցիչներ նաև Լեզվի տեսչությունից, քանզի մենք դեռևս չունենք սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը վերաբերող բառերի ու արտահայտությունների հստակ թարգմանություն, և յուրաքանչյուրս օգտագործում ենք տարբեր տերմիններ:

այս հոդվածում ներառվել է տեղեկատվություն Անկախ լրագրողների ցանցի հոդվածներից.
Օմբուդսմենը հավատում է ոստիկանությանը, բայց ոչ քաղաքացու դիմումին
Հայաստանում տրանսսեքսուալներին առաջարկում են մեկնել արտասահման
Լավ է հոգեկան հիվանդ համարեն, քան բռնության ենթարկեն բանակում. զեկույց