Գալիք տարում ԼԳԲՏ+ անձինք իրենց ավելի պաշտպանված զգան

29-12-2024

Ամփոփելով Փինքի գործունեության 17-րդ տարին և անդրադառնալով 2024 թվականի ձեռքբերումներին ու մարտահրավերներին՝ նշենք, որ կազմակերպությունը շարունակել է իր աշխատանքն՝ ուղղված ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և հասարակությունում իրավահավասարության ապահովման։ Փինքը տրամադրել է բազմամասնագիտական աջակցություն և ապահով տարածք, իրականացրել կրթական, մշակութային, փոխանակման ծրագրեր հարյուրավոր անձանց համար, բարձրացրել է ԼԳԲՏ+ հիմնահարցերն ու ներկայացրել համայնքի շահերը տեղական և միջազգային հարթակներում։

Կարևորելով ԼԳԲՏ+ անձանց տրամադրվող հոգեսոցիալական ու իրավաբանական խորհրդատվությունը ապակենտրոնացնելու և առավել հասանելի դարձնելու հարցը օգնող մասնագետների հետ տարվող մեր շարունակական աշխատանքների շնորհիվ ԼԳԲՏ+ համայնքի համար այժմ ընդլայնվել են մասնագիտական աջակցության ստանալու նոր հնարավորությունները։ Մասնագետների ցանցը համալրվում է, ինչը հույս է ներշնչում զգայուն ծառայությունների հասանելիության հետ կապված։

Ցավոք, մեր և միջազգային գործընկերների կողմից հրապարակված զեկույցները վկայում են ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ շարունակական աճող իրավախախտումների և պետության անգործության մասին։ Խտրականության դեմ պայքարի օրինագծի քննարկումները որևէ էական առաջընթաց չգրանցեցին, իսկ քաղաքացիական հասարակության առաջարկները՝ անտեսվեցին։

Այս ամենի կողքին, անցնող տարում արձանագրվեցին մի շարք հաջողություններ դատարաններում, որոնք հույս են ներշնչում, որ արդարության հասնելը, ի վերջո, հնարավոր կլինի։

Մեր կողմից կազմակերպված տարատեսակ միջոցառումները տարեցտարի դառնում են ավելի բազմամարդ և բազմազան, իսկ Հայաստանում իրականացվող ամենամեծ քվիր-ակտիվիստական միջոցառումը՝ «Ծիածան ֆորումը», շարունակում է իր կարևոր դերն ունենալ համայնքի կյանքում։

2025 թվականը խոստանում է լինել ավելի հագեցած նոր ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք կառուցված կլինեն համայնքի կարիքների և առաջարկների հիման վրա։ Մենք լի ենք վճռականությամբ՝ անել ամեն ինչ, որպեսզի գալիք տարում ԼԳԲՏ+ անձինք իրենց ավելի պաշտպանված զգան Հայաստանում։

Տարեմուտին ընդառաջ ցանկանում ենք ձեզ անսահման սեր, խաղաղություն և առողջություն։ Թող 2025 թվականը լինի նոր ձեռքբերումների, արդարության հաղթանակների և բոլորիս համար երջանիկ ու նոր հույսով լի տարի։