Սատարենք ՄԻԱՎ-ով ապրող կանանց

23-09-2010

2010թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանանց հիմնախնդիրներին: Այն իրականացվեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՍՏՐԱ ցանցի աջակցությամբ: Ասուլիսին հրավիրված էր նաև «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Մարգարյանը: Ստորև ընթերցեք ելույթը:

Յուրաքանչյուր մշակույթ իր պատմության տարբեր ժամանակահատվածներում ընկալել է գենդերը և սեռականությունը յուրովի: Իրականում գենդերային նորմերի և սեռականության մասին մեր պատկերացումները ձևավորվում են տարբեր գործոնների ազդեցությունների ներքո, ինչպիսիք են ավանդույթները, քաղաքականությունը և կրոնը: Այս գենդերային դերերը և կարծրատիպերը իրենց ազդեցությունն են ունենում նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես է տղամարդը և կինը դրսևորում իրեն սեռական հարաբերությունների ընթացում:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում աղջիկները և կանայք բախվում են գենդերային խտրականության, ներառյալ գենդերային բռնություն, ավանդական դերերի իրականացման հարկադրվածություն, ընտանեկան պլանավորման ընտրությունների սահմանափակում:

Մեզանից յուրաքանչյուրը ունի սեռական իրավունքներ, որը իր մեջ ներառում է սեռական դաստիարակության, վարակների և մեր առողջության մասին հոգ տանելու վերաբերյալ տեղեկատվության ստացման իրավունք:

Գենդերային դերերի վերաբերյալ առկա ավանդույթները և կարծրատիպերը հնարավորություն չեն ընձեռում կանանց և աղջիկներին երաշխավորելու իրենց սեռական և վերարտադրողական իրավունքների իրագործումը: Հասարակության կողմից ակնկալվում է, որ կինը պետք է գրավի պասիվ դեր սեռականության հարցում: Որպես կանոն կանայք ենթարկվում են քննդատության, խարանի և խտրականության, եթե փորձում են որոշումներ կայացնել իրենց սեռական կյանքի առնչությամբ: Կնոջ կողմից` իր առողջության մասին հոգ տանելու, անվտանգ սեռական վարքագիծ ընտրելու,  ընտանեկան պլանավորման վերաբերյալ որոշումներ կայացնելու փորձերը չեն ընդուվում հասարակության կողմից` ելնելով սեռական կյանքում կանանց ակտիվ դերի նկատմամբ նախապաշարմունքային վերաբերմուքնից:

Այն պարագայում, երբ մենք խոսում ենք գենդերային հավասարության և այն մասին, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք  է ունենա հավասար հնարավորություններ, նման մոտեցումները պետք է փոխվեն:

Խոսելով գենդերային հավասարության մասին` պետք չէ բաց թողնել նաև այն հարցը, որ հավասարություն պետք է լինի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև սեռական կյանքում: Կնոջ սեռական և վերարտադրողական առողջության իրավունքը իրագործելով` անհրաժեշտ է չեզոքացնել խտրականությունը և կոտրել հասարարակական կարծրատիպերը: Կանայք իրավունք ունեն ստանալու սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ պատշաճ, համակողմանի տեղեկատվություն և կրթություն, որը հնարավորություն կընձեռի կայացնել հավասարակշռված որոշումներ իրենց սեռական կյանքի վերաբերյալ, պաշտպանել իրենց և իրենց ապագա երեխաների առողջությունը:

Սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ կրթության բացը և իրավունքների խոցելի վիճակը հանգեցնում է նրան, որ արդյունքում հայ հասարակությունում շատերը չեն դիտարկում իրենց խոցելի ՄԻԱՎ վարակի տեսակետից: Կարծրատիպերի և նախապաշարմուքների արդյունքում կինը իրավունք չի վայելում որոշումներ կայացնի իր սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ, ինչը նրան դարձնում է կրկնակի խոցելի:

Այսպիսով կարելի է հանգել այն եզրակացության, որ հասարակական կարծրատիպերը սեռական կյանքում կնոջ դերի վերաբերյալ ռիսկի տակ են դնում կնոջ և նրա ապագա երեխայի առողջությունը` նրանց ենթարկելով ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին:

Խոսելով կնոջ խոցելիության մասին ՄԻԱՎ վարակի տեսակատետից` հարկ է նաև խոսել կին սեքս աշխատողների խոցելի և վտանգված իրավիճակի մասին: Սեքս աշխատողները արժանանում են հասարակության կարծրատիպային և խտրական վերաբերմունքին, ինչը հանգեցնում է նրանց մարգինալացմանը հասարակության մեջ: Դա հանգեցնում է սեքս աշխատողների խոցելի իրավիճակին ՄԻԱՎ վարակի տեսակետից:

Սեքս աշխատողները պաշտպանված չեն օրենքի կողմից: Նրանք պաշտպանված չեն իրենց ծառայություններից օգտվողների բռնի գործողություններից: Այն սեքս աշխատողները, որոնք ենթարկվում են բռնության, քիչ  հնարավորություններ ունեն պաշտպանված լինելու պետության կողմից: Պաշտպանության բացակայությունը դնում է սեքս աշխատողներին բռնության վտանգի տակ և նման միջավայրում ՄԻԱՎ վարակը կարող է հեշտությամբ տարածվել:

Կարևոր է նաև նշել, որ կարծրատիպերի արդյունքում սեքս աշխատողներին հասանելի չեն առողջապահական, իրավական և սոցիալական ծառայությունները: Խտրականության և կարծրատիպերի արդյունքում նրանք կարող են վախ ունենալ դիմելու համապատասխան ծառայություններին: Այս պարագայում նրանք առավել վտանգված են ՄԻԱՎ-ով վարակվելու և վարակը փոխանցելու իրենց ծառայություններից օգտվողներին: