Օգնող մասնագետները՝ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի մասին

27-03-2024

ԼԳԲՏ+ անձինք շարունակում են մնալ Հայաստանում հասարակության ամենախոցելի շերտը։ ԼԳԲՏ+ անձանց հետ աջակցող աշխատանքը  կարևոր է․ հատկապես այն աշխատանքը, որը տարվում է օգնող մասնագետների՝  հոգեբանների, իրավաբանների, փաստաբանների և սոցիալական աշխատողների կողմից։ Այդ աջակցության առաջնահերթությունը  կարևոր է, որպեսզի հնարավոր լինի ԼԳԲՏ+ անձանց ներգրավել հասարակության մեջ և ապահովել  հավասար իրավունքներն ու հնարավորությունները Հայաստանում։ Հասարակության արձագանքը շատ ժամանակ բացասական է սեռականության հետ կապված թեմաներին։ Նաև հասարակությունը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ և հաճախ դա խտրականության պատճառ է դառնում։

Ինչպես նշում է ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատող օգնող մասնագետներից մեկը՝ ԼԳԲՏ+ համայնքի հետ աշխատելիս նախ պետք է հաշվի առնել այն, որ համայնքի ներկայացուցիչների հանդեպ ավելի շատ են խտրականության դեպքերը համարյա բոլոր ոլորտներում․ օրինակ՝ աշխատավայրում, ուսումնական հաստատություններում, ընտանիքում, ընկերական շրջանակում և այլն: 

Հոգեբանը նշում է նաև, որ նման վերաբերմունքը ԼԳԲՏ+  անձանց մոտ առաջացնում է նաև տագնապներ, սթրեսային վիճակներ և անհանգստություններ՝ սեռական բաղադրիչից ելնելով: Օգնող մասնագետները ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատելիս համարյա  բոլոր դեպքերում նաև աշխատում են սեռականությունից ելնելով խտրականության և տագնապայինության հետ: Իհարկե շատ կարևոր է նշել, որ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատելիս մասնագետը պետք է լինի զգայուն, որպեսզի չենթարկի անձին կրկնակի տրավմաների և խտրականության։

Մեկ այլ կարևոր հարց է մասնագետի կողմից ուշադրություն հատկացնելը անձի գենդերային ինքնությամբ պայմանավորված առանձնահատկություններին։ Ոչ հետերոնորմատիվ ինքնություններում դիտարկում ենք ոչ բինար անձանց, գենդեր չհամապատասխանող, գենդեր ֆլյուիդ, քվիր, ագենդեր և այլ ինքնությունները․ այս դեպքերում հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել մասնագետի հաղորդակցման առանձնահատկություններին։  Ըստ հոգեբանի այդ ժամանակ կարևոր է այցելուից ճշտել թե նա ինչպես է նախընտրում որպեսզի իրեն դիմի մասնագետը, ունի՞ նախընտրելի ձև արդյոք և ընդունի այդ դիմելաձևն  առանց քննադատության կամ նախապաշարմունքների:  Օգնող մասնագետը՝ այդ թվում նաև հոգեբանը, չպետք է մոտենա այս հարցին քննադատությամբ և թույլ տա, որպեսզի այցելուն ինքը նույնականացնի իրեն այնպես, ինչպես որ զգում է։ Հաճախ հոգեբանական աշխատանքը ուղղված է լինում նրան, որ այցելուն ավելի լավ հասկանա իր սեռական և գենդերային ինքնությունները, ինտեգրելու դրանք ինքնության ավելի լայն սպեկտրում։ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի ժամանակ հաճախ օգնող մասնագետը գործ է ունենում հետտրավմատիկ սթրեսային խանգարման, սննդային խանգարումների, ինքնավնասման կամ ինքնասպանության դեպքերի հետ՝ ելնելով այն խտրականությունից, բռնությունից, պիտակավորումից և խարանից, որն ուղղված է համայնքի հանդեպ:

Ցավոք վերջին շրջանում հանդիպում ենք ԼԳԲՏ+ անձանց շրջանում ինքնասպանության դեպքերի աճին։ Համեմատաբար քիչ և սահմանափակ ուշադրություն է դարձվում ԼԳԲՏ+ անձանց ինքնասպանության վարքագծի խնդրին, չնայած ավելի քան հինգ տասնամյակ շարունակ` բնակչության այս խմբի մոտ ինքնասպանությանը դիմելու հավանականության բարձր ռիսկի մասին հստակ ցուցումներին և բազում հաղորդումներին:

Ըստ հետազոտությունների, գեյ և բիսեքսուալ երիտասարդները սահմանվել են որպես բնակչության ռիսկային խումբ․ չնայած սրան՝ դեռևս հստակեցված միջոցներ չեն ձեռնարկվում իրազեկման և մշտադիտարկման համար։ Իհարկե սա հիմնականում այն պատճառով է, որ մահվան դեպքերի մասին արձանագրություններում սովորաբար չեն ներառում մահացածի սեռական կողմնորոշումը, ԼԳԲ մարդկանց մոտ ինքնասպանությամբ ավարտված մահվան դեպքերի մակարդակը որոշելու պաշտոնական կամ, ընդհանուր առմամբ, հուսալի միջոց չկա:

ԼԳԲ խմբերում ինքնասպանության փորձերը հետաքննող շատ հետազոտություններ չափել են նաև ինքնասպանության շուրջ առաջացող գաղափարներն ու մտքերը։ Համակցված արդյունքները ցույց են տալիս, որ ԼԳԲ հարցվածները կրկնակի ավելի հավանական են հայտնելու ինքնասպանության մասին մտքեր, քան նրանց հետ համեմատելի հետերոսեքսուալ (տարասեռական) հարցվողները: Դիտարկումները պարզել են, որ երիտասարդ ԼԳԲ անձանց շրջանում ինքնասպանության հիմնական դրդապատճառները լինում են՝ ընտանիքի և հասարակության կողմից չընդունված լինելու հետևանքով առաջացած դեպրեսիան։ Այս վարքագիծը հատկապես ընդգծված է եղել արական սեռի ներկայացուցիչների մոտ։

Դե իսկ տրանս* երիտասարդները հիմնականում բացակայում են գոյություն ունեցող գրականությունից և հաճախ զուգակցվում են ԼԳԲՔ երիտասարդների հետ, թեև նրանք բախվում են եզակի մարտահրավերների, ինչպիսիք են գենդերի փոփոխությունը, սոցիալական անցումը, հորմոնային թերապիան, վիրահատական միջամտությունները, այս ամենը համակցված կամ առանձին։

Ինքնասպանության միջանձնային տեսությունը (IPTS – The Interpersonal Theory of Suicide) տեսական շրջանակ է, որը կարող է օգնել տարբերակել գաղափարը/միտքը և վարքագիծը: Համաձայն այս տեսության՝ գործոնները, ինչպիսիք են ընկալվող ծանրաբեռնումը շրջապատող մարդկանց համար և որևէ խմբին պատկանելու կորսված զգացումը, նպաստում են ինքնասպանության մտքերի առաջացմանը: Որևէ խմբին պատկանելու կորսված զգացումը նշանակում է այլոց հետ սոցիալական փոխգործակցության բացակայություն, հոգատար հարաբերությունների պակաս և սոցիալական աջակցության բացակայություն: Համաձայն տեսության՝ մարդու մահվան հանդեպ վախը թուլանում է, երբ մարդը ունենում է ֆիզիկական ցավի կամ սադրող գործոններով լի կյանքի փորձ, քանի որ այդ փորձառությունները հաճախ հանգեցնում են անվախության և ցավի անզգայունության:

Հոգեկան առողջության ոլորտի մասնագետները պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնեն ԼԳԲՏ+ երիտասարդներին, որոնք ունեն (կամ նշում եմ) ընկալվող ծանրաբեռնում շրջապատող մարդկանց համար և վարքային ռիսկի գործոններ, ինչպիսիք են ինքնավնասումը, տարատեսակ քիմիական միջոցների օգտագործումը և այլն։

Հաշվի առնելով սուիցիդալ մտքերի և վարքագծի բարդ բնույթը, այս փոքր հոդվածի հիմնական նպատակներից մեկն էր իրազեկել և առաջարկել պատկերացում, որը կարող է օգտակար լինել ինչպես բացահայտելու, այնպես էլ սուիցիդալ մտքերի ու վարքագծի վտանգի տակ գտնվող ԼԳԲՏ+ երիտասարդներին համապատասխան պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու համար։  

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն ԼԳԲՏ+ անձանց համար ունի թեժ գիծ` 033-522533: