Զուգընկերոջս հետ հարաբերություններում «կարմիր դրոշակները»
Զուգընկերոջ կողմից բռնությունը զուգընկերներից մեկի կամքին հակառակ մյուսի նկատմամբ կատարվող հոգեբանական, ֆիզիկական, սեռական, տնտեսական բնույթ կրող գործողություն է։ Այն ուղղված է դիմացինին ֆիզիկական և/կամ հոգեկան տառապանք ու վնաս պատճառելուն և ենթարկեցնելու սեփական պահանջներին` գործադրելով ուժ, ստիպողականություն, իշխանություն կամ սպառնալիք:
«Կարմիր դրոշակներ» (red flags)․ ազդանշաններ, որ պետք է զուգընկերոջ հետ հարաբերությունները շարունակելուց առաջ մի փոքր երկար մտածել
«Ոչ»-ը չի ընկալվում
Իր որևէ խնդրանքին, պահանջին կամ դիմումին ի պատասխան՝ Ձեր անհամաձայնությունը չի հասկացվում զուգընկերոջ կողմից, նույնիսկ եթե մի քանի անգամ կրկնեք։ Ոչ ոք և երբեք չի կարող կասկածի տակ դնել Ձեր իրավունքը ինչ-որ բան չուզել, ինչ-որ բանի պատրաստ չլինել։
«Իմ բախտը չի բերել նախկին հարաբերություններում, բայց դու այդպիսին չես, չէ՞»
Զուգընկերոջ ընտրությունը ճակատագրի կամ բախտի հետ կապ չունի, այն ընդամենն արտացոլում է վերջինիս ներաշխարհը։ Երկրորդ՝ «դու այդպիսին չես», արտահայտությունը մանիպուլյատիվ է։ Դրա նպատակն է դնել Ձեզ մի իրավիճակի մեջ, որտեղ Դուք պետք է վարվեք որոշակի ձևով, որը շահավետ է ձեր զուգընկերոջը։
«Միայն թե չսիրահարվես ինձ»
այն հստակ ուղերձ է, որն արժե մեկնաբանել հենց այնպես, ինչպես լսվում է։ Հետագայում Ձեր ցանկացած պատասխանին կամ խնդրանքին ի պատասխան հավանական է, որ լսեք՝ «ես քեզ զգուշացրել եմ»։
«Ինչ հիմար բաներով ես զբաղվում, ինչիդ է պետք»
Սա կարող է հնչել ի պատասխան Ձեր հետաքրքրությունների, նախասիրությունների, նպատակների։ Հաջորդիվ՝ ամենայն հավանականությամբ զուգընկերը աստիճանաբար մեկուսացնելու է Ձեզ Ձեր այն ընկերներից, որոնց բավականաչափ լավը չի համարում, հարազատներից, որոնք «ձեր վրա բացասաբար են ազդում», նրանից, ինչը, իր կարծիքով Ձեզ պետք չէ, խանգարում է, լավը չէ և այլն։ Այդ ամենն արվում է հոգատարության և մտահոգված լինելու մոտիվացիայով։ Որպես կանոն արդյունքում մարդիկ հայտնվում են կախվածության մեջ իրենց զուգընկերներից՝ մեկուսացած հարաբերություններից ու այն գործերից, որ ունեին իրենց կյանքում։
«Ես զգում եմ, որ դու հենց այն ես, ինչ ես փնտրում էի, կարիք չկա սպասելու»
Նման արտահայտությունները խոսում են այն մասին, որ մարդը իմպուլսիվ է, կոնտակտի կառուցմանը բավականաչափ ժամանակ չի հատկացնում և հակված է պատրանքների։ Մինչդեռ, իրական կյանքում մեզ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք։
«Ինձ մոտ հարաբերություններում ամեն բան բարդ է»
հաճախ նոր հարաբերություններ սկսելիս կարող եք լսել այսպիսի արտահայտություն, որը երբեմն նշանակում է, որ տվյալ անձն իր նախկին հարաբերությունները դեռ չի ավարտել կա՛մ պաշտոնապես, կա՛մ հուզականորեն։ Փաստացի անձն, ով չի ավարտել իր նախորդ հարաբերությունները և պատրաստվում է մտնել նոր հարաբերությունների մեջ, ներքաշում է Ձեզ եռանկյունու մեջ, որի մաս լինելը կամ չլինելը Դուք պետք է որոշեք։
«Ես անհանգստանում եմ քեզ համար, ինձ միշտ և անընդհատ տեղեկացրու, թե որտեղ ես, ինչ ես անում կամ ում հետ ես»
Կարո՞ղ է արդյոք զուգընկերը իսկապես, անկեղծորեն մտահոգվել Ձեզ համար ու հարցնել անհանգստությունից ելնելով․ այո, կարող է։ Սակայն ամենուրեք, բոլորի հետ կապված, ցանկացած իրավիճակում անհանգստանալը վկայում է մարդու հակվածության մասին վերահսկողություն սահմանել Ձեր հարաբերությունների և գործողությունների վրա։ Սա բռնության հակվածության նշան է։
«Ես այդպիսին եմ»
մարդը, ով բացատրում է իր գործողությունները, վարքը, արտահայտած մտքերն իր հետ կապ չունեցող հանգամանքներով կամ պարզապես կապում իր բնույթի հետ՝ այդպիսով փակելով ցանկացած հաղորդակցման և փոփոխության հնարավորություն, չի էլ աշխատելու հարաբերությունների բարելավման վրա։
«Ոչ մի խնդիր չկա, որ ես ազարտային խաղեր եմ խաղում, ալկոհոլ կամ հոգեակտիվ նյութեր եմ օգտագործում»
Իմպուլսիվ վարքը, հատկապես այնպիսի, որը սպառնում է անվտանգությանը և կախվածություն կարող է առաջացնել, ազդանշան է այն բանի, որ Ձեզ առաջարկվում է դայակի դեր:
Եթե դուք եք նկատում բռնության դրսևորումներ ձեր հարաբերություններում, ապա կարևոր է
- Ապահովել Ձեր ֆիզիկական անվտանգությունը, ճանաչել վտանգը։ Եթե բռնության որևէ նշան կա հարաբերություններում, ամենայն հավանականությամբ այն կրկնվելու է, աճելու է։
- Հիշել, որ Դուք մեղավոր չեք բռնության համար։ Բռնությունը այն կիրառողի պատասխանատվությունն է, Ձեր քայլերն ու գործողությունները չեն ընկած դրա հիմքում, անգամ եթե Ձեզ այդպես է ներկայացվում։
- Հասկանալ, որ բռնությունն ու ֆիզիկական բռնությունը երբեք չեն դադարում իրենք իրենցով։
- Կիսվել բռնության մասին ինչ-որ մեկի հետ, ում վստահում եք։
- Կարդալ հարաբերություններում բռնությունների վերաբերյալ, տեղեկացված լինել։
- Դիմել մասնագիտական աջակցության։ Հայաստանում կան զգայուն մասնագետներ, որոնք պատրաստ են պրոֆեսիոալ աջակցություն տրամադրել էթիկայի սկզբունքներին համաձայն։
- Հոգ տանել Ձեր մասին։ Բռնությունը բարդ է, էներգիատար, սպառող։ Օրական նույնիսկ 3 րոպե տրամադրելը մի բանի, որից հաճույք եք ստանում, կարող է անկյունաքարային նշանակություն ունենալ։
- Շրջապատել Ձեզ ադեկվատ մարդկանցով։ Նույնիսկ եթե նրանք այս պահին չեն կարող աջակցել Ձեզ, նրանք կարող են օգնել Ձեզ մտքում ունենալ այն, որ ոչ բոլոր մարդիկ են կիրառում բռնություն, որ բռնությունը նորմա չէ։
ԲՌՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԵԼԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է։
Թեժ գծեր
ԼԳԲՏ+ անձանց համար ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքում (Փինք իրավապաշտպան ՀԿ)՝ 033 522 533
Ընտանեկան բռնության դեպքում (Կանանց աջակցման կենտրոն ՀԿ)՝ 099 887 808
Սեռական բռնության դեպքում (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ)՝ 077 991 280
Ոստիկանություն՝ 1-02
Թեմայի մասին ավել կարող եք կարդալ «Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները» տեղեկատվական գրքույկից։