Փինքն ընդեմ Հայաստանի Հանրապետության
Գործի փաստերը․
- 2017 թվականին Փինքը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ խնդրելով ճանաչել իր կողմից պատրաստված երեք պաստառներն ու տեսանյութերը որպես սոցիալական գովազդ։ Նյութերը ուղղված էին ԼԳԲՏ+ անձանց տեսանելիության բարձրացմանը, հավասարության և հանդուրժողականության խթանմանը և հասարակության իրազեկմանը մարդու իրավունքների ոլորտում։
- Մշակույթի նախարարի հրամանով դիմումը մերժվել էր՝ հիմնվելով Հանրապետական հանձնաժողովի եզրակացության վրա։ Վերջինս նշել էր, որ ներկայացված նյութերը չեն վերաբերում հանրային կարևորության որևէ խնդրի, չեն պարունակում սոցիալական իրազեկման տարրեր։ Հանձնաժողովը նաև ընդգծել էր, որ հասարակությունն արդեն տեղեկացված է նման թեմաների մասին և հավելյալ իրազեկման անհրաժեշտություն չկա, ինչպես նաև այն, որ նյութերը փաստացի գովազդում են կոնկրետ կազմակերպություններ։
- Փինքը վիճարկել էր մերժումը վարչական դատարանում՝ պնդելով, որ որոշումը չունի իրավական հիմնավորում և կրում է բացահայտ խտրական բնույթ։ Սակայն առաջին ատյանի վարչական դատարանը մերժել էր հայցը՝ սոցիալական գովազդի հասկացությունը մեկնաբանելով չափազանց նեղ և եզրահանգելով, որ ներկայացված նյութերը չեն կարող դիտարկվել որպես սոցիալական գովազդ, քանի որ դրանք չեն վերաբերում օրենքով նախատեսված բոլոր հնարավոր սոցիալական խնդիրներին։ Որոշումը բողոքարկվել էր վերաքննության կարգով։
- 2020 թվականին Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը և գործը վերադարձրել էր նոր քննության։
- Վերաքննությունից հետո, սակայն, առաջին ատյանի դատարանը կրկին մերժել էր հայցը՝ նշելով, որ նյութերը ուղղված չեն հանրային կարևորության որևէ ոլորտի, չունեն մարդու կոնկրետ իրավունքի պաշտպանության և հանրության լայն շերտերին որևէ կարևոր հարցի շուրջ տեղեկացնելու նպատակ։ Դատարանը նաև եզրակացրել էր, որ նախարարության որոշումը պայմանավորված չէ սեռական կողմնորոշմամբ կամ խտրական վերաբերմունքով, իսկ դիմողը չի ապացուցել տարբերակված վերաբերմունքի փաստը։
- 2024 թվականին Վերաքննիչ դատարանը, կրկին քննելով վարչական դատարանի հերթական որոշման դեմ բերված բողոքը, հաստատել էր այս դիրքորոշումը։
- Վճռաբեկ դատարանը մերժել է դիմողի բողոքը զուտ տեխնիկական հիմքով՝ չանդրադառնալով գործի էությանը։
- Դատավարության ընթացքում պարզվել էր, որ նույն ժամանակահատվածում սոցիալական գովազդ են ճանաչվել այլ թեմաներով նյութեր, այդ թվում՝ ընտանեկան բռնության կանխարգելման և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, որոնցում առկա են հստակ արժեքային և գաղափարական ուղերձներ։ Հետագա հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ վերջին տարիներին գրեթե բոլոր սոցիալական գովազդի հայտերը վերաբերում են բնապահպանական թեմաներին և մեծամասամբ հաստատվել են։
- 2025թ-ի ապրիլի 18-ին՝ ներպետական ատյաններում շուրջ 7 տարի տևած անարդյունավետ դատավարություններից հետո դիմում է ներկայացվել ՄԻԵԴ՝ պետության կողմից դրսևորված խտրականության փաստը ճանաչելու պահանջով՝ հետևյալ հիմնավորմամբ․
- Մշակույթի նախարարության հիմնավորումները, ինչպես նաև դրանց հետագա վերահաստատումը դատարանների կողմից, վկայում են ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ նախապաշարմունքների վրա հիմնված մոտեցման մասին։ Այդ կերպ դիմողը ենթարկվել է տարբերակված և պակաս բարենպաստ վերաբերմունքի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, որը չի կարող համարվել օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված։
Գործի ռազմավարական նշանակությունը.
Շուրջ ութ տարի տևած դատաքննության ընթացքում ՀՀ դատարանները փաստացի չեն կարողացել իրավական գնահատական տալ Մշակույթի նախարարության և դրան կից հանցձնաողովի խտրական դիրքորոշմանը և հիմնավորումներին, ինչը խոսում է թե օրենսդրական բացի, թե դատական համակարգի կողմից խտրականության դեպքերի քննարկման թերի պրակտիկայի մասին։ Այսինքն, օրենսդրական կարգավորումների բացակայությունը թույլ է տվել դատարաններին չանդրադառնալ խտրականության դեպքի հանգամանքներին մանրամասնորեն, չիրականացնել արդյունավետ քննություն՝ մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Միևնույն ժամանակ, դատարանների ոչ կոմպետենտության կամ քաղաքական կամքի բացակայության արդյունքում, խտրականության արգելքի Սահմանադրական նորմը ևս արդյունավետ կերպով չի կիրառվել դատարան պրակտիկայում։ Չնայած նրան, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2024թ-ին Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռում անդրադարձել էր խտրականությունից պաշտպանության արդյունավետ միջոցների նախատեսմանը, հերթական անգամ դատական պրակտիկան գործել է նույն անարդյունավետությամբ, ինչպես նշյալ գործի պարագայում՝ 2014թ-ին։
Այսպիսով, գործի ռազմավարական նպատական է՝ ազդեցություն ունենալ խտրականության կկանխարգելման և պատասխանատվության վերաբերյալ օրենսդրական արդյունավետ կարգավորումների նախատեսման, ինչպես նաև գործնականում խտրականության դեպքերի ամբողջական և ըստ ության քննության վրա՝ ձևավորելով ՄԻԵԴ դախադեպային մեկնաբանություն օրենսդրական բացերի և թերի մեկնաբանությունների շուրջ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի իրավական հիմքերը.
Պետությունը խախտել է խտրականության արգելքը՝ ամրագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածում, թե մշակույթի նախարարության և թե դատարանների գործողությունների և որոշումների միջոցով։ Մասնավորապես, տեսանյութերն ու պաստառները որպես սոցիալական գովազդ չճանաչելու որոշումը պայմանավորված չի եղել օրենսդրական պահանջներին չհամապատասխանելու հանգամանքով, այլ հիմնված է եղել այն փաստի վրա, որ ներկայացված նյութերը վերաբերում են ԼԳԲՏ+ անձանց իրավունքներին և հավասարությանը։