ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ զեկույցը՝ Հայաստանում ԼԳԲՏ+ մարդու իրավունքների մասով

18-04-2022

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը։ Զեկույցում ներկայացված են այն երկրները, որտեղ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը վտանգված են։ Հայաստանի մասին հատվածում նշված են մարդու իրավունքների խախտման առավել ուշագրավ դեպքերը, ինչպես, օրինակ, կալանավայրերում գտնվող ԼԳԲՏ+ անձանց ծանր վիճակը և ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ սոցիալական խարանը: Նշվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելի համարվող անձինք, ինչպիսիք են սեքս աշխատողները և թմրամիջոցներ օգտագործողները, բախվել են հասարակության կողմից խտրականության և բռնության, ինչպես նաև ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի: Զեկույցի գլուխներից մեկը կենտրոնացած է բռնության, քրեականացման և սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով (ՍԿԳԻ) այլ չարաշահումների վրա, ինչը առանցքային է Փինք իրավապաշտպան ՀԿ-ի՝ ԼԳԲՏ+ իրավունքների պաշտպանության աշխատանքում:

ՍԿԳԻ հիմքով խախտումներին և հանցագործություններին նվիրված գլուխը ներկայացնում է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնության բազմաթիվ փաստագրված դեպքերը: Այս գործերը հիմնականում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերն են։ Զեկույցում նշվում է 2021 թվականի ընթացքում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով հասարակական հարձակումների թվի ընդհանուր աճը՝ միաժամանակ ընդգծելով, որ շատ դեպքերում ոչ մի պաշտոնական քայլ չի ձեռնարկվել հանցագործներին հետաքննելու կամ պատժելու համար: Զեկույցում ներառված են նաև Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից փաստագրված դեպքերը։ Խոսքը վերաբերում է 2020 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտման 28 դեպքերին, որոնք ներառում են ընտանեկան բռնության 12 դեպք։ Զեկույցում նշվում է նաև դեպքերի մասին ոստիկանությանը հայտնելու ընդհանուր դժկամությունը, քանի որ կա վստահության զգալի պակաս, որ իրավապահները պատշաճ կերպով կուսումնասիրեն և կհետաքննեն հաղորդված հանցագործությունները, և որ իրավախախտները կպատժվեն:

Իրավապահ մարմինները հրաժարվել են քրեական գործ հարուցել այն դեպքերում, երբ հանցագործները բռնության կոչ են արել և փորձել են «արդարացնել» ՍԿԳԻ հիմքով ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնությունը։ Այդ մասին է վկայում 2018 թվականին Շուռնուխում տեղի բնակիչների կողմից ԼԳԲՏ+ ակտիվիստների նկատմամբ կատարված հարձակման դեպքը, երբ Սյունիքի մարզի քննչական մարմինը կարճեց գործը և հանեց մեղադրանքը Շուռնուխ գյուղի բնակիչների նկատմամբ՝ հիմք ընդունելով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետանց լինելը։ 2020 թվականի օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց, որ քննիչները չեն կարողացել պատշաճ կերպով հետաքննել հարձակումը և հաշվի չեն առել տուժողների հոգեբանական անհանգստությունը և հանցագործության խտրական բնույթը՝ կարգադրելով վերսկսել գործը։

Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանում հակախտրական օրենքները չեն ներառում ՍԿԳԻ հիմքով ԼԳԲՏ+ անձանց պաշտպանությունը։ Չկան ատելության հողի վրա հանցագործության մասին օրենքներ կամ քրեական արդարադատության այլ մեխանիզմներ, որոնք կօգնեն քրեական պատասխանատվության ենթարկել ԼԳԲՏ+ համայնքի դեմ հանցագործությունները: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով սոցիալական խտրականությունը բացասաբար է ազդել կյանքի բոլոր ասպեկտների վրա, ներառյալ աշխատանքի, բնակարանային պայմանների, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա: ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնության կոչերը սրվեցին 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Այս զեկույցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների արդիականության և Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց իրավունքները պաշտպանելու համար հակախտրական օրենքների ստեղծման անհրաժեշտության մասին։