Ամփոփելով IDAHOBIT շաբաթը

26-05-2022

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Փինքը նշեց սեռականության բազմազանությունը խորհրդանշող IDAHOBIT շաբաթը։ Շաբաթվա ընթացքում իրականացվեցին տարատեսակ միջոցառումներ, որոնք ուղղված էին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության վտանգների մասին բարձրաձայնմանը և պետական կառույցներին ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող գործուն օրենքներ ընդունելու խրախուսմանը։

Այս տարվա IDAHOBIT-ի խորհուրդը Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրավախախտումների և դրանցից բխող անպատժելիության մթնոլորտի մասին բարձրաձայնելն էր։ Շաբաթվա շրջանակներում Փինքը պատրաստել է երկու տեսահոլովակ, որոնցից առաջինը անդրադառնում է կազմակերպության կողմից վարվող երեք ռազմավարական դատավարություններին, իսկ երկրորդում ներկայացվում է Հայաստանում IDAHOBIT-ի պատմությունը։

Մայիսի 17-ին Փինքի կողմից կազմակերպվեց «Անպատժելիության 10 տարին» խորագրով կլոր սեղան-քննարկումը շահագրգիռ կողմերի հետ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և տեղական քաղհասարակության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև կազմակերպության շահառուներ, աջակիցներ և Փինքի ռազմավարական դատավարությունների դեպքերով տուժած անձինք։

Քննարկման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, Շվեդիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Անիկա Նորդին Ջայավարդենան և Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդթը։ Ելույթներով հանդես եկան նաև գործընկեր կազմակերպությունները՝ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց գործունեությունը: Նրանք արտահայտեցին Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իրենց գործունեության մեջ առանցքային դեր ունի, և որ խրախուսվում է պատշաճ քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Խորհրդանշական է, որ մայիսի 17-ի կլոր սեղան-քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց DIY ակումբի պայթեցման դեպքի դատական գործի վճիռը։ Ըստ վճռի՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ՝ Խոշտանգումների արգելման հոդվածով և 14-րդ՝ Խտրականության արգելման հոդվածով հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պարտավորվում է տուժողին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում, այլ նաև անդրադառնալ օրենսդրական և իրավակիրառ դաշտում առկա խնդիրներին։

2022 թ․-ի միջոցառումների շրջանակներում Փինքն այս տարի ևս հրապարակեց «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2021 թ. ընթացքում» զեկույցը, որտեղ ամփոփված են 2021 թ.-ի ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտումները՝ զուգորդված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ։

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

IDAHOBIT շաբաթվա շրջանակներում նաև կազմակերպվեց սթիքերներ պատրաստելու աշխատարան, որտեղ մասնակիցները ջերմ և մտերմիկ միջավայրում նկարեցին իրենց հուզող թեմաների վերաբերյալ պատկերներ։