Բացառիկ դատավճիռ․ հանցավորը մեղավոր է ճանաչվել նույնասեռական անձի նկատմամբ հանցանքների համար

21-04-2022

Ապրիլը սեռական բռնության իրազեկման ամիսն է, որի նպատակը հասարակական տարբեր ոլորտներում սեռական բռնության հիմնախնդրի մասին իրազեկումն է։ Հայաստանում սեռական բռնության են ենթարկվում ոչ միայն հետերոսեքսուալ անձինք, այլև ԼԳԲՏ անձինք, թե՛ համայնքի ներսում, թե՛ ԼԳԲՏ համայնքից դուրս։

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ամեն տարի արձանագրում է լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս անձանց հանդեպ տարատեսակ հանցագործություններ, որոնք, ցավոք սրտի, շատ հաճախ ներառում են բռնության դեպքեր:

2019 թվականին նույնասեռական տղամարդը՝ տուժողը, համացանցի միջոցով ծանոթացել է մեկ այլ տղամարդու հետ, և նրանք պայմանավորվել են հանդիպել։ Երբ հանդիպել են, տուժողը տեսել է, որ իրեն մոտեցած վարորդը այլ մարդ է, այլ ոչ թե այն մարդը, ում հետ պայմանավորվել էր հանդիպել։ Վարորդը հրազեն է ուղղել տուժողի ուղղությամբ և նրանից պահանջել է նստել մեքենան։

Հանցավորը մեքենայի մեջ մի քանի անգամ ձեռքով հարվածել է տուժողի դեմքին, տուժողից պահանջել է դատարկել գրպանները և վերցրել է նրա մոտ եղած գումարը։ Հանցավորը սպառնացել է, որ տուժողի հարազատներին կհայտնի տուժողի սեռական կողմնորոշման մասին։ Ընթացքում նորից մի քանի անգամ հարվածել և սեռական բնույթի հայհոյանքներ ու վիրավորանքներ է հնչեցրել տուժողի հասցեին։ Տուժողին շանտաժի ենթարկելով՝ նրանից պահանջել է գումար, որպեսզի տուժողի սեռական կողմնորոշման մասին չհայտնի նրա հարազատներին։ Հանցավորը նաև հայտնել է, որ ցանկանում է «դաստիարակել» տուժողին։ Սպառնացել է նաև վերջինիս նույնասեռ վարքի համար նրան ոստիկանական բաժանմունք տանել, որտեղ բոլոր ոստիկանները նրան սեռական և ֆիզիկական բռնության կենթարկեին։ Հանցավորը տուժողի հետ բռնի սեռական հարաբերություն է ունեցել, ինչից հետո նրան թույլ է տվել հեռանալ։ Հարուցվել է քրեական գործ:

Այս գործով քննությունը տևել է շուրջ երեք տարի։

Նշենք, որ սույն գործով տուժողի ներկայացուցչությունն իրականացնում էր Փինքի փաստաբան Լուիզա Վարդանյանը։ Վերջինս դատաքննության ընթացքում որպես միջնորդություն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը, որը նախատեսում է պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, և հակասահմանադրական ճանաչելու պահանջով դիմել է Սահմանադրական դատարանին։ Հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելուն հիմք էր ծառայում այն, որ այդ հոդվածը որպես ատելության հիմքով հանցագործություններ է նախատեսում միայն ազգային, ռասայական և կրոնական ատելության շարժառիթով հանցանք կատարելը, իսկ, օրինակ, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չեն դիտվում որպես ատելության հիմքեր։ Այս միջնորդությունը մերժվել է դատարանի կողմից։

2022 թվականին հրապարակվել է դատավճիռը, որով հանցավորը մեղավոր է ճանաչվել իր կատարած բոլոր հանցագործությունների համար և դատապարտվել է ազատազրկման՝ յոթ տարի վեց ամիս ժամկետով։ Դատարանը սույն դատավճռով հաստատել է, որ հանցավորը նախապես տեղյակ է եղել տուժողի սեռական կողմնորոշման մասին՝ նույնասեռականությունը բնութագրելով որպես «ոչ ավանդական սեռական կողմնորոշում»։

Նշենք, որ վերջին տարիների ընթացքում սա Փինքի կողմից վարվող գործերից առաջինն է, երբ հանցավորի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվում, և նա մեղավոր է ճանաչվում նույնասեռական անձի հանդեպ հանցագործություն կատարելու մեջ։ Ճիշտ է, դատարանը չի արձանագրել, որ հանցագործությունները կատարվել են սեռական կողմնորոշման նկատմամբ ատելության շարժառիթով, ավելին, դատարանի կողմից գործածվել են խտրական արտահայտություններ, սակայն, այնուամենայնիվ, իրավակիրառ պրակտիկայում նման որոշում կայացնելը առաջընթաց է և կազմակերպության ձեռքբերումներից է։

Հուսով ենք՝ սույն որոշումը նախադեպային կլինի և կնպաստի նաև մյուս գործերով ԼԳԲՏ անձանց նկատմամբ արդար դատաքննությանը։ Միևնույն ժամանակ, միայն այսպիսի որոշումները կարող են հանգեցնել նրան, որ հանցավորների մոտ վերանա անպատժելիության մթնոլորտը։