Բիսեքսուալ անձանց տեսանելիության օր

23-09-2022

Բի տեսանելիության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 23-ին: Այն առաջին անգամ նշվել է 1999թ.՝ Իլգա-Եվրոպայի կողմից: Այնուհետև տոնն աստիճանաբար տարածվել է ամբողջ աշխարհով և այժմ նշվում է Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում:

Պատմության ընթացքում մարդիկ ունեցել են տարբեր գրավչություններ․ այդպիսին է, օրինակ, մեկից ավելի սեռերի նկատմամբ գրավչություն ունենալը: Սակայն «բիսեքսուալ» և «պանսեքսուալ» տերմինները համեմատաբար նոր են: Հարց է ծագում՝ ինչպե՞ս էին բիսեքսուալ մարդիկ անցյալում հասկանում իրենց ինքնությունն ու այն, թե ինչ գրավչություն ունեն:

1859 թվականին անատոմիստ Ռոբերտ Բենթլի Թոդն առաջին անգամ օգտագործեց «բիսեքսուալություն» տերմինը՝ նկատի ունենալով նույն մարմնում «արական» և «իգական» ֆիզիկական բնութագրիչների առկայությունը, սակայն ներկայումս այդ բնութագրիչների առկայությունը ներկայացվում է «ինտերսեքս» տերմինի ներքո:

Քսաներորդ դարի սկզբին «բիսեքսուալություն» բառի իմաստը փոխվեց՝ կենտրոնանալով «արական» և «իգական» գենդերային հատկանիշների համակցության վրա։ «Բիսեքսուալություն» տերմինի ժամանակակից իմաստը, որը նկարագրում է սեռական կամ ռոմանտիկ գրավչությունը, այլ ոչ թե սեռական կամ գենդերային հատկանիշները, զարգացավ միայն 1910-ական թվականներին: Այնուամենայնիվ, տարիների ընթացքում «բիսեքսուալություն» տերմինի տարբեր իմաստներն օգտագործվել են միաժամանակ, իսկ երբեմն էլ նույն համատեքստում: Բայց եթե նախկինում «բիսեքսուալ» կամ «բի» տերմինը չէր օգտագործվում, ապա ինչպե՞ս էին իրենց բնութագրում այն մարդիկ, որոնք մեկից ավելի սեռերի նկատմամբ գրավչություն ունեին։

Այս հարցին պարզ պատասխան չկա։ Ոմանք ընդհանրապես չեն օգտագործել նույնականցման պիտակը՝ չդասակարգելով իրենց հարաբերությունները: Ոմանք նույնականանում էին որպես հետերոսեքսուալ, իսկ մյուսները՝ որպես գեյ կամ լեսբի: Ոմանք էլ իրենք իրենց նկարագրում էին՝ օգտագործելով տոկոսներ կամ հարաբերակցություններ, օրինակ՝ «60% նույնասեռական և 40% հետերոսեքսուալ»: Թեև բիսեքսուալության սահմանումներն ի սկզբանե կենտրոնացած էին «երկու» սեռերի նկատմամբ գրավչությունների վրա, ժամանակի ընթացքում տերմինն ավելի տարածված դարձավ՝ նշանակելով «մեկից ավելի սեռերի նկատմամբ գրավչություն»:

Բիսեքսուալների մասին կան բազմաթիվ կարծրատիպեր և նախապաշարմունքներ, որոնք բխում են երևույթի նկատմամբ սխալ պատկերացումներից: Սակայն, ի տարբերություն ոչ հետերոսեքսուալ շատ անձանց, բիսեքսուալները երբեմն բախվում են այդ նույն կարծրատիպերին հենց ԼԳԲՏ համայնքի կողմից: Ստորև առանձնացրել ենք միֆերից մի քանիսը՝

1. Բիսեքսուալությունը «անցողիկ փուլ» է

Թեև մարդու սեռական կողմնորոշումը կյանքի ընթացքում կարող է փոխվել, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ նրա անձնական փորձառությունը «անցողիկ փուլ» է:

2. Բիսեքսուալ մարդիկ պարզապես անվճռական են

Բիսեքսուալ լինել չի նշանակում, որ մարդը պարզապես վստահ չէ, թե ինքը գեյ է, լեսբի, թե՞ հետերոսեքսուալ: Անհեթեթություն է մեղադրել նրան, ով սիրում է և՛ պաղպաղակ, և՛ պիցցա։

3. Բիսեքսուալ մարդիկ դառնում են հետերոսեքսուալ, երբ հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ են

Եթե մարդը նույնականանում է որպես բիսեքսուալ և նույնասեռական հարաբերությունների մեջ է, դա նրան նույնասեռական չի դարձնում: Նույնը վերաբերում է նաև հետերոսեքսուալ հարաբերություններին։ Ընտանիքը, ընկերները և այլոք կարող են ենթադրել, որ տվյալ մարդու սեռականությունը հիմնված է իր զուգընկերոջ սեռի վրա, բայց այդ ենթադրությունները սխալ են:

4․ Տրանս անձինք չեն կարող լինել բիսեքսուալ

Սեռական կողմնորոշումը վերաբերում է անձի սեռական կամ ռոմանտիկ գրավչությանը, իսկ գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին։ Այսպիսով, տրանս անձինք կարող են նույնականանալ որպես լեսբի, գեյ, հետերոսեքսուալ, բիսեքսուալ, քվիր և այլն։

Ի վերջո, կարևոր է, որ մարդը ներդաշնակ լինի իր ներքին «ես»-ի հետ և հասկանա, որ ինքնությունը և սեռականությունը կայուն չեն և կարող են փոխվել ցանկացած պահի։