Բուլիինգը Հայաստանում եւ դրա կանխարգելման ձեւերը

21-04-2023

Բուլիինգը դպրոցական երեխաների և երիտասարդների շրջանում տարածված անցանկալի, մշտապես կրկնվող և ագրեսիվ վարքագիծն է։ Այն արտահայտվում է ուժի իրական կամ կարծեցյալ անհավասարությամբ, որն ուղեկցվում է ֆիզիկական, խոսքային (վերբալ) կամ խնդրահարույց սոցիալական վարքագծով։ Բուլիինգի ամենատարածված տեսակը ֆիզիկականն է, որն արտահայտվում է ծեծով, հարվածներով, կմճտոցներով, թքելով զոհի վրա կամ նրա անձնական իրերը վնասելով։ Ավելի քողարկված են խոսքային բուլիինգը և խնդրահարույց սոցիալական վարքագծով ուղեկցվող բուլիինգը, որոնց դեպքում անձին բուլիինգի ենթարկողն օգտագործում է վիրավորական բառեր, հայհոյանքներ, պիտակավորում է զոհին և նրա արժանապատվությունը նսեմացնելու ու նրան խայտառակելու նպատակով բամբասանքներ է տարածում նրա մասին։ Ինչ վերաբերում է սեռական բնույթի բուլիինգին, ապա այն ուղեկցվում է կոպիտ ժեստերով, անցանկալի հպումներով, ինչպես նաև անձի արտաքնի կամ սեռականության վերաբերյալ մեկնաբանություններով։ Գոյություն ունի նաև կիբերբուլիինգ ասվածը, որն իրենից ներկայացնում է կիբերհարձակում ինտերնետի միջոցով՝ անհատին դիտավորյալ կերպով թիրախավորելու և նրան կիբերհետապնդման ենթարկելու նպատակով։

Բուլիինգի ենթարկողներ եւ բուլիինգի զոհեր

Բուլիինգը չարիք է հասարակության համար, քանի որ այն հավասարապես բացասական ազդեցություն է թողնում ինչպես բուլիինգի ենթարկվողի, այնպես էլ բուլիինգի ենթարկողի և նույնիսկ դիտորդների վրա։ Բուլիինգի ենթարկող երեխաներն իրենք էլ հաճախ ընտանիքներում ենթարկվում են բռնության, մեծանում են սնոբիզմի, քսենոֆոբիայի և շովինիզմի գաղափարախոսություն կրող ընտանիքներում, չեն ունենում հաղորդակցման, հույզերի արտահայտման հմտություններ, չեն ունենում ինքնաարժևորման զգացում, իրենց սիրված չեն զգում ընտանիքի կողմից։

Մյուս կողմից, առավել հաճախ բուլիինգի են ենթարկվում թույլ, խոցելի, ֆիզիկական, հոգեբանական կամ սոցիալ-տնտեսական դիրքով տարբերվող երեխաները։ ԼԳԲՏՔ երիտասարդները, ռասայական կամ կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաև հասարակությունից մեկուսացած երիտասարդները բուլիինգի ենթարկվելու ռիսկային խմբում են, որը պայմանավորված է տարբեր մշակույթներում սերմանված նախապաշարմունքներով։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բուլիինգի մեջ որևէ կերպ ներգրավված լինելը, լինի դա որպես բուլիինգի ենթարկող , բուլիինգի զոհ, թե դիտորդ, երկարաժամկետ ֆիզիկական և հոգեբանական հետևանքներ է ունենում։ Այդ անձանց մոտ սովորաբար նկատվում են դեպրեսիայի, անհանգստության նշաններ, նրանք կարող են ներգրավվել միջանձնային բռնության մեջ, չարաշահել թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաև ցուցաբերել դպրոցական առաջադիմության ցածր մակարդակ։ Համաձայն վիճակագրության՝ նման գործոնները նպաստում են այն բանին, որ բուլիինգի ենթարկված անձինք միջինում երկու անգամ ավելի շատ մտադրություն ունենան կամ փորձեն ինքնասպանություն գործել, քան նրանք, ովքեր բուլիինգի չեն ենթարկվում։

Բուլիինգի կանխարգելումը եւ դրան արձագանքելու կարեւորությունը

Բուլիինգի հարցում վաղ միջամտությունը շատ կարևոր է․ ծնողների, հասակակիցների, դպրոցների և կառավարության դերը նշանակալի է բուլիինգի կանխարգելման հարցում։ Չնայած նրան, որ երեխաները սովորաբար չեն ցանկանում խոսել բուլիինգից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե նրանք իրենց բավականաչափ ապահով զգան իրենց ծնողների հետ, հարկ եղած դեպքում կդիմեն նրանց, երբ բանը հասնի ծանր որոշումներ կայացնելուն։ Այնպես որ, ծնողները բուլիինգի դեմ պայքարում առաջնագծում պետք է լինեն։

Հավանական է, որ երեխան ենթարկվել է բուլիինգի, եթե նրա վրա կան կասկածելի վնասվածքներ, եթե նրա իրերը մշտապես վնասված վիճակում են կամ կորել են, եթե նա սկսել է կորցնել հետաքրքրությունն այն բաների հանդեպ, որոնք նախկինում սիրում էր, և, իհարկե, եթե նա պարբերաբար խուսափում է դպրոց հաճախելուց կամ տնից դուրս գալուց՝ կեղծելով, իբր հիվանդ է։

Կարևոր է վաղ տարիքից երեխայի հետ զրուցել բուլիինգի մասին և կառուցողական կերպով նրան տեղեկացնել բուլիինգը մերժող և հակախտրական մոտեցումների մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել բուլիինգը, քանի դեռ ուշ չէ։ Որպես ծնող՝ կարելի է երեխային պարզ ներկայացնել, թե ովքեր և ինչու են սովորաբար բուլիինգի ենթարկում այլ անձանց, կարելի է նաև միասին հոլովակներ նայել, իսկ այնուհետև քննարկել դրանք։ Բացի այդ, կարելի է երեխայի հետ օրը 15 րոպե զրուցել նրա դպրոցական կյանքի ու գրաֆիկի մասին, հարցնել՝ նրա օրն ինչպե՞ս է անցել դպրոցում, այդյո՞ք որևէ լավ կամ վատ բան է պատահել դպրոցում, կամ թե ինչպե՞ս է անցել ճաշի ժամը․ նման հարցերի շուրջ զրուցելը կարող է ծնողներին օգնել բացահայտել իրենց երեխայի առօրյայի փոփոխությունները, եթե դրանք կան, փոփոխություններ, որոնք կարող են երեխայի դպրոցական կյանքում անհանգստության պատճառ լինել։ Կարևոր է հիշել այն մասին, որ հարկ է խուսափել բուլիինգի ենթարկող անձի ծնողների հետ պահի ազդեցության տակ կապ հաստատելուց, քանի որ դա միայն կբարդացնի իրավիճակը։ Փոխարենն անհրաժեշտ է կապվել դպրոցի տնօրինության հետ, որպեսզի նրանք միջնորդեն իրավիճակին։

Բուլիինգի կանխարգելման գործում մեր տրամադրության տակ եղած ամենակարևոր գործիքներից մեկը հոգեբանական աջակցությունն է, որն ապահով միջավայր է ստեղծում երեխայի ինքնարտահայտման համար, մի բան, որը ո՛չ ուսուցիչներն են տրամադրում, ո՛չ դպրոցները։ Օրինակ՝ հոգեբանների օգնությամբ բուլիինգի ենթարկող անձինք կարող են սկսել հասկանալ, թե որտեղից է առաջանում իրենց զայրույթը և թե ինչու են իրենք այդպիսի վարք դրսևորում, և, իհարկե, հոգեբանական աջակցության արդյունքում նրանք կարող են աշխատել իրենց վարքը բարելավելու ուղղությամբ։ Ավելին, հոգեբանական աջակցության շնորհիվ կարելի է սովորել կառավարել հույզերը, կողմնորոշվել՝ ինչպես ինքնադրսևորվել կոնֆլիկտային իրավիճակներում, զարգացնել ապրումակցելու կարողությունը, բարձրացնել ինքնագնահատականը, նվազեցնել վախերն ու անհանգստությունները, ինչպես նաև դիմակայել ինքնավնասման մտքերին և կանխել դրանց առաջացումը։

Հայաստանում բուլիինգի վերաբերյալ վիճակագրություն

Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի վերաբերյալ հետազոտության 2013-2014 թթ․ և 2017-2018 թթ․ վերաբերյալ հարցումները ցույց են տալիս իրավիճակի ընդհանուր պատկերը։ 2013 թ․ հարցված երեխաների 18%-ը հայտնել է, որ մեկ կամ երկու անգամ ֆիզիկական բուլիինգի է ենթարկել այլ երեխայի, մյուս կողմից՝ հարցված երեխաների 17․3%-ը փաստել է այն մասին, որ վերջին երկու ամիսների ընթացքում մեկից երկու անգամ բուլիինգի է ենթարկվել։ Համեմատական անցկացնելով 2013 և 2017 թվականների միջև՝ տեսնում ենք, որ տղաների շրջանում տարածված բուլիինգի դեպքերը գրեթե կրկնապատկվել են։ Ավելին, դպրոցականների 21%-ը բացակայել է դպրոցից բուլիինգի և բռնության ենթարկվելու վախի պատճառով։

«Երիտասարդի ձայն» նախաձեռնությունը, «Փրկենք երեխաներին» երեխաների իրավապաշտպան կազմակերպությունը և «Վորլդ Վիժն Հայաստանը» 2017 թ․ իրականացրել են մի ընդգրկուն հետազոտություն, որը ներառում էր Հայաստանի 10 մարզերը և Երևան քաղաքը։ Համաձայն հետոզոտության արդյունքների՝ երեխաների 84%-ը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը քայլեր ձեռնարկի բուլիինգի կանխարգելման ուղղությամբ, իսկ 38%-ը միջինում 1-5 անգամ ականատես է եղել դպրոցում ֆիզիկական բուլիինգի, սակայն, այնուամենայնիվ, հարցված երեխաների 90%-ը նշել է, որ բուլիինգն իրենց չի անհանգստացնում։ Այս վիճակագրության մեջ անհամաձայնություն կա բուլիինգի ենթարկող անձանց քանակի և բուլիինգի ենթարկված անձանց քանակի միջև, որոնցից վերջինները մտահոգություն են հայտնել բուլիինգի ենթարկվելու կապակցությամբ։ Ավելին, բուլիինգի դեպքերի առնվազն 21%-ը կապված է արտաքին տեսքի հետ, որը մասնավորապես վտանգի տակ է դնում ԼԳԲՏ համայնքին, մինչդեռ դեպքերի 10%-ը կապված է սոցիալ-տնտեսական դիրքի հետ։

EVN Report-ը հրապարակել է մի զեկույց, որը 2021թ․ իրականացրել է «Նոր Լույս» մենթորինգ կենտրոնը Գյումրիում։ Ըստ զեկույցի՝ հարցված երեխաների 24%-ը նշել է, որ խտրականության է ենթարկվել իրենց արտաքին տեսքի, ինչպիսին լինելու, խոսքի առանձնահատկությունների հիմքով։ Զեկույցում հղում է արվում Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի վերաբերյալ հետազոտությանը, որում նշվում է, որ երիտասարդների մոտավորապես 26․5%-ի մոտ առկա է դեպրեսիա, անզորության զգացում և խնդիրներ լուծելու անկարողություն։ Ոստիկանության հայտնած դեպքերից տեղեկանում ենք, որ բուլիինգի ենթարկվող անձինք ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու կամ դրա փորձն անելու․ վերջին 5 տարիների ընթացքում ինքնասպանության փորձ է արել 108 երեխա, որոնցից 25-ին հնարավոր չի եղել փրկել։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԼԳԲՏ անձինք բուլիինգի ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ են, որ տարիների ընթացքում բուլիինգի դեպքերի թիվն աճել է, և որ զգալի տարբերություն կա բուլիինգին ականատես եղած անձանց ու բուլիինգի ենթարկված անձանց հայտնած տվյալների միջև։