Գիրք մեր ծնողների համար

19-02-2023

Բեռնել գիրքը

Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։ Այս օրը մտերիմ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և այդպիսով տարեցտարի զարգացնում գիրք նվիրելու ավանդույթը։ Օրը նաև հիանալի հնարավորություն է խթանելու սերն ընթերցանության ու գրքի նկատմամբ, ինչպես նաև նոր սերունդներին հաղորդակից դարձնելու գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։

Այս տարի գիրք նվիրելու օրվան ընդառաջ Փինքը հրապարակում է «Հասկանալով երեխայիս» ձեռնարկը, որը նախատեսված է ԼԳԲՏ անձանց ծնողների համար։ Ձեռնարկը կարող է օգտակար լինել այն ծնողներին, որոնց երեխան լեսբի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդեր է, և որոնք կարիք ունեն հասկանալու և ընդունելու իրենց երեխային այնպիսին, ինչպիսին նա կա։ Ձեռնարկի մշակման գործում ներգրավվել են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, իրավապաշտպաններ և ԼԳԲՏ անձանց ծնողներ։

Փինքն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է ԼԳԲՏ անձանց ծնողների հետ համագործակցությունը, ինչի արդյունքում ձևավորվել է ԼԳԲՏ անձանց ծնողների նախաձեռնություն։ Այժմ ԼԳԲՏ անձանց ծնողները սերտորեն համագործակցում են թե ՛ միմյանց հետ, թե ՛ Փինքի հետ։ Այս ընթացքում Փինքը ԼԳԲՏ անձանց ծնողների համար կազմակերպել է դասընթացներ և վերապատրաստումներ, հզորացրել նախաձեռնող խմբի կարողությունները, մշակել մասնագիտական ուղեցույցներ՝ ուղղված ԼԳԲՏ անձանց ու նրանց ծնողների հետ աշխատանքին։ Վերջերս իրականացրել ենք նաև մեկ այլ կարևոր քայլ՝ պատրաստելով «Հասկանալով երեխայիս» ձեռնարկը հենց ԼԳԲՏ անձանց ծնողների համար, որի միջոցով ծնողները կարող են նախ և առաջ հասկանալ իրենք իրենց՝ որպես ԼԳԲՏ անձանց ծնողներ, իսկ այնուհետև հասկանալ նաև իրենց երեխաներին։

Գիրք նվիրելու օրը հիանալի առիթ է կարևորելու տարատեսակ հետազոտահեն տեղեկատվական և ուսուցողական ուղեցույցների առկայությունը, քանի որ դրանք ուղղված են հասարակության մտահորիզոնի ընդլայնմանն ու կարողությունների զարգացմանը։