Դեկտեմբերը Փինքում

24-12-2021

Փինքը դեկտեմբեր ամսվա ընթացքում նույնպես մի քանի միջոցառում է իրականացրել։ Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն էր, ինչի կապակցությամբ հավաքվել էինք մեր նախկին ու ներկա կամավորների հետ` նշելու և նորից արժևորելու կամավորի դերը։

Մասնակիցները և կամավորները պատմեցին իրենց կատարած աշխատանքի մասին, կիսվեցին իրենց փորձառությամբ և քննարկեցին կամավորության անհրաժեշտության հարցը։ Եվս մեկ անգամ վերհիշեցինք նրանց տրամադրած օգնությունը և դրա արդյունքներն ու միասին տոնեցինք այդ խորհրդանշական օրը։ Ներկայացրինք նաև, թե հետագայում կամավորության ինչ հնարավորություններ կլինեն Փինքում։

Բացի այդ, Փինքը «Ծիածան» ֆորումի շրջանակներում կազմակերպվեց ներքնայնացված ԼԳԲՏ-ֆոբիայի վերաբերյալ միջոցառում։ Այս թեման մեզ համար կարևոր է, քանի որ ներքնայնացված վախերը՝ ներքնայնացված հոմոֆոբիան, տրանսֆոբիան, բիֆոբիան, ռասիզմը, այլատյացությունը մեր առօրյայի մասն են կազմում, և կարող են խանգարել թե՛ մեզ, թե՛ շրջապատող մարդկանց, վնասել համայնքի համախմբմանը և շարժման զորեղացմանը։

Այսպիսով՝ թեման քննարկեցինք երկօրյա ճամբարի ընթացքում, որի ժամանակ անդրադարձանք այլատյացության տարբեր ձևերին ու դրանց դրսևորումներին՝ պատմական ակնարկի և ուսումնասիրությունների ներկայացման միջոցով, ինչպես նաև հատուկ աշխատարաններով հոգեբան-մասնագետի ներգրավմամբ։ Ներքնայնացված վախերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների միջոցով փորձեցինք նաև հասկանալ դրանց ձևավորման պատճառները թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։ Ճամբարը անցկացվեց ոչ ֆորմալ և անմիջական մթնոլորտում, որի ընթացքում տարածք տրվեց մասնակիցներին՝ խոսելու և կիսվելու իրենց կարծիքներով։

Մեկ այլ հանդիպումներ կազմակերպվեց «Գենդերի իրավական ճանաչմանն ուղղված քայլերը և մոտեցումները» թեմայով, որը տեղի ունեցավ 2021թ․ դեկտեմբերի 17-ին։ Ներկա էին «Փինք» և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչները, տրանս, ոչ բինար անձինք և այլ շահագրգիռ կողմեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել է գենդերի իրավական ճանաչման խնդիրը օրենսդրական և պրակտիկ մակարդակներում, ինչպես նաև կարգավորման մեխանիզմների ներդրման ուղղությամբ հասարակական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքն ու հետագա պլանները։

Հանդիպման արդյունքով ձևավորվեց աշխատանքային խումբ, որն այս պահին բաղկացած է «Փինք»-ի և «Իրավունքի կողմ»-ի մի քանի աշխատակիցներից և անհատ տրանս անձանցից։ Աշխատանքային խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ գործընթացի մեջ ներգրավելով վերոնշյալ խնդրով հետաքրքրված ավելի շատ մարդկանց։

Դեկտեմբեր ամիսը ևս ակտիվ է անցել Փինքում․ ունեցել ենք տարատեսակ այլ միջոցառումներ, կազմակերպել քննարկումներ և հանդիպումներ։