ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տվյալները 2022 թ-ի ընթացքում Հայաստանում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ

16-11-2023

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (այսուհետ` ԵԱՀԿ) Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը (այսուհետ` ԺՀՄԻԳ) ամեն տարի հրապարակում է անդամ պետությունների, ներառյալ` քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված ատելության հիմքով հանցացործությունների տվյալներ։ Զեկույցը, մասնավորապես, արտացոլում է խոցելի խմբերի իրավիճակը` անձնական կամ սոցիալական որևէ հատկանիշի նկատմամբ ատելության և կողմնակալության շարժառիթով կատարված քրեական իրավախախտումների վերլուծության հիման վրա։

Զեկույցը հրապարակվել է նոյեմբերի 16-ին։ Արձանագրված ատելության հիմքով հանցագործությունների քանակը կրկին մտահոգիչ է։ Մասնավորապես, քաղաքացիական հասարակության կողմից փաստագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 53, որից 50-ը ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված հանցագործություններն են` նրանց սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության և/կամ արտահայտման պատճառով (այսուհետ` ՍԿԳԿ)։

Անդրադառնալով երկրում վերջին օրենսդրական կարգավորումներին` ԺՀՄԻԳ-ը, այնուամենայնիվ, նշել է, որ իրավակիրառ մարմինները չեն արձանագրում հանցագործի կողմնակալ շարժառիթները, ինչը նշանակում է, որ քննությունը չի կարող լինել պատշաճ և բազմակողմանի։ ԺՀՄԻԳ-ը նաև շեշտել է քաղաքացիական հասարակության և պետության միջև համագործակցության կարևորությունն ու կարիքը ատելության հիմքով հանցագործությունների, ներառյալ` տուժողների աջակցության մեխանիզմների կիրառման առումով։ Հարկ է նշել, որ երկրում չկան ատելության հիմքով հանցագործություններից տուժողների աջակցության մեխանիզմեր կամ որևէ աջակցություն կամ զգայուն վերաբերմունք ցուցաբերելու պրակտիկա։

ԺՀՄԻԳ-ը ճանաչում էր Հայաստանի կողմից ցուցաբերված ջանքերը` օրենսդրական փոփոխությունների և դատախազների, դատավորների, ոստիկանների համար ԺՀՄԻԳ-ի վերապատրաստման ծրագրերի կատարման առումով (PAHCT և THCLE)։ Այնուամենայնիվ, Փինքի արձանագրած տվյալների համաձայն, այս ծրագրերի իրականացումը, որը ենթադրում էր իրավակիրառ մարմինների ներկայացուցիչների կասկադաձև վերապատրաստում, կասեցվել է։

ԺՀՄԻԳ-ը ևս մեկ անգամ պետությանը հիշեցնում է Նախարարական խորհրդի 9/09 և 13/06 որոշումների հիման վրա ստանձնած պարտավորությունները, ըստ որոնց, պետք է ապահովի ատելության հիմքով հանցագործությունների պատշաճ քննություն` ապահովելու ատելության շարժառիթի գնահատումը, ինչպես նաև ակտիվ և ներառական մոտեցում ցուցաբերի քաղաքացիական հասարակության նկատմամբ` որպես կարևոր դերակատար։ Փինքը շարունակում է ատելության հիմքով հանցագործությունների արձանագրումն ու փաստագրումը, ինչպես նաև սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործություններից տուժած անձանց տարբեր տիպի մասնագիտական աջակցության տրամադրումը։

Փինքի կողմից զեկուցված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավակիրառ մարմինները ոչ միայն հրաժարվում են հաշվի առնել ատելության հիմքով հանցագործությունները` որպես այդպիսին, և տալ իրավական որակում, այլ նաև շարունակում են կրկնազոհացման, զոհին մեղադրելու, ատելության հիմքով հանցագործությունների արդարացնելու պրակտիկան, ինչը տրավմատիկ է ոչ միայն տուժողի, այլ նաև համայնքի համար, և նվազեցնում է իրավակիրառ մարմինների նկատմամբ վստահությունն ու ոստիկանությանը դիմումների քանակը։

Կոչ ենք անում Արդարադատության նախարարությանը ներդնել ատելության հիմքով հանցագործությունների տուժողների աջակցության մեխանիզմ` նախաձեռնելով օրենսդրական կարգավորումներ` խուսափելու համար նրանց նկատմամբ վատ վերաբերմունքից և ապահովելու համար զգայուն և պատշաճ մոտեցում։ Խրախուսվում է իրավակիրառ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիմելը` ֆինանսական կամ մասնագիտական ռեսուրսի բացակայության դեպքում։

Կոչ ենք անում իրավակիրառ մարմիններին արձանագրել ատելության հիմքով հանցագործությունները` որպես այդպիսին, ներառյալ` հանցագործների ատելության շարժառիթը։