Երևանում սեռական բռնության են ենթարկել տրանս անձի

22-07-2022

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում են տրանս անձանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր։ Բացառություն չէ նաև 2022 թվականը․ այս տարվա ընթացքում արդեն իսկ տեղի են ունեցել բազմաթիվ ոտնձգության և իրավախախտումների դեպքեր տրանս անձանց նկատմամբ։ Տրանս անձանց հանդեպ տեղի ունեցող բռնության դեպքերը տարբեր բնույթ ունեն՝ ընտանեկան բռնություն (ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և այլն), սոցիալական բռնություն, ինչպես նաև կոնկրետ սեքս աշխատանքով զբաղվող տրանս անձանց նկատմամբ բռնություն այս կամ այն անհատի կողմից։ Նշված վերջին բնույթի դեպքերը կտրուկ աճ են գրանցում, և, իհարկե, իրավապահ մարմինների կողմից այդ գործերը հավուր պատշաճի չեն քննվում և չեն արժանանում պատժի, ինչի պատճառով էլ նման դեպքերի թիվը գնալով աճում է։

Վերջերս արձանագրված բռնության դեպքերից մեկը մի տրանս անձի նկատմամբ կատարված սեռական բնույթի ոտնձգության դեպքն է, որը կատարվել է երկու ՀՀ քաղաքացիների կողմից։ Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Անգլիական այգում՝ 2022թ․ հուլիսի 13-ին։ Նշված օրը՝ գիշերը ժամը 06։00-ի սահմաններում, վերոնշյալ երկու տղամարդիկ մոտեցել են տրանս կնոջը՝ վերջինիս առաջարկելով իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ։ Երբ կինը հրաժարվել է, նրանցից մեկը փորձել է դանակով հարվածել տրանս անձին, սակայն հարվածը չի դիպել նրան, որից հետո, դանակով սպառնալիքներ հնչեցնելով և տուժողի կամքին հակառակ, մյուս քաղաքացու հետ միասին սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել տրանս անձի հանդեպ։

Տուժող կողմը նույն օրը դեպքի կապակցությամբ ոստիկանություն է ահազանգել և հաղորդում ներկայացրել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Ոստիկանության պարեկային ծառայության կողմից նշված դեպքի կապակցությամբ սառը զենք պահելու, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով հայտնաբերվել, ձերբակալվել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել Մ․Հ․-ն և Լ․Թ․-ն։

Դեպքի օրը տուժողը դիմել է նաև Փինք իրավապաշտպան ՀԿ՝ փաստաբանի հետ կապվելով թեժ գծի միջոցով։ Նա ներկայացրել է դեպքի մանրամասները, որից հետո Փինքի փաստաբանը նրան իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել։

Փինք իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբաններն ու փաստաբանները սույն քրեական գործով պաշտպանելու են տուժողի շահերը՝ որպես նրա ներկայացուցիչներ, և հետևողական են լինելու, որ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանտվության։

Տրանս անձանց նկատմամբ տեղի ունեցող հանցագործությունները շատ հաճախ պատշաճ կերպով չեն քննվում իրավապահ մարմինների կողմից, ինչի արդյունքում հանցագործները չեն պատժվում, իսկ քրեական գործերը սովորաբար կարճվում են։

Այնուամենայնիվ, տվյալ դեպքի մասով ներկայացված դիմումը դեռևս քննության փուլում է։ Տրանս անձանց նկատմամբ տեղի ունեցող հանցագործությունները պետք է հարկ եղած ձևով քննվեն, որի արդյունքում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն և համապատասխան պատիժ կրեն իրենց կատարած հանցագործությունների համար։