Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

01-10-2022

Ի՞նչ է ընտանեկան բռնությունը։ Ընտանեկան բռնությունը դաժան վերաբերմունքի ձև է ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ կամ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ։ Ընտանեկան բռնությունը կարող է լինել ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ, տնտեսական, հոգեբանական գործողություն, սպառնալիք կամ հարկադրանքի այլ ձև։

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը նշվում է 2010 թվականից ի վեր, երբ հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացավ Զարուհի Պետրոսյանը։ Իհարկե, սա ընտանեկան բռնության առաջին դեպքը չէր, սակայն այն նախադեպը չունեցող էր այնքանով, որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության՝ որպես կանանց նկատմամբ սիստեմիկ բռնության դրսևորման մասին բարձրաձայնմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգված 7 հասարակական կազմակերպություններ կամավորական սկզբունքներով ստեղծեցին «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան», որի պահանջներն էին՝ արդար դատավարություն եւ նման դեպքերի կանխում, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում: Փինքը որպես կոալիցիայի նախաձեռնող անդամ՝ կառույցի գործունեության շրջանակներում ջանում է պաշտպանել կանանց իրավունքները և վերջ տալ Հայաստանում ընտանեկան բռնությանը:

Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ: Այն ազգային, մարդու իրավունքների, հանրային առողջության, ինչպես նաև տնտեսական լուրջ խնդիր է: Մեր հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերը հանգեցնում են ընտանեկան բռնության: Վարքագիծը, որ տղամարդն իրավունք ունի կնոջ հետ վարվել այնպես, ինչպես կամենում է, մեր հասարակության մեջ համարվում է ընդունելի, իսկ կանայք չպետք է բարձրաձայնեն ընտանիքում տեղի ունեցած բռնությունների մասին, քանի որ դրանք ամոթալի են համարվում, կամ էլ բռնության ենթարկվելու մեղքն ի վերջո վերագրվում է հենց կանանց։

Հայաստանում ընտանեկան բռնության թիրախում գտնվում են նաև ԼԳԲՏ անձինք։ Չնայած այն փաստին, որ ընտանիքի անդամներն ըստ երևույթին պետք է որ ավելի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեն իրենց ԼԳԲՏ զավակների հանդեպ, միևնույն է, Հայաստանում ԼԳԲՏ անձինք շարունակում են բռնության ենթարկվել իրենց իսկ ընտանիքի անդամների կողմից։

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով բռնության դեպքերը պարբերաբար արձանագրվում են Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից։ Վերջերս Երևանում ևս մեկ ընտանեկան բռնության դեպք է արձանագրվել։

Նույնասեռական կնոջ ընտանիքի անդամները, տեղեկանալով այն մասին, որ նա ապրում է իր զուգընկերուհու հետ, պարբերաբար զանգահարել են նրան և սպառնացել, որ եթե նա չդադարեցնի բնակվել իր ընկերուհու հետ և տուն չվերադառնա, ապա նրանք ֆիզիկապես կոչնչացնեն, կմորթեն, կվնասեն տան տիրոջը, կհայտնեն նրան իրենց դստեր և նրա զուգընկերուհու սեռական կողմնորոշման մասին։ Տուժողի ծնողները կապ են հաստատել նաև նրա զուգընկերուհու ընտանիքի անդամների հետ, և ասել են, որ իրենց աղջիկը պետք է դիմողից հեռու մնա, հակառակ դեպքում վատ կլինի։ Ծնողները նաև սպառնացել են, որ տուժողի զուգընկերուհու ուսումնական հաստատությունում կպատմեն նրա սեռական կողմնորոշման մասին և կհասնեն նրան, որ զուգընկերուհուն հեռացնեն ուսումնական հաստատությունից։

Տվյալ գործով տուժողը չի դիմել իրավապահ մարմիններին իր իրավունքների պաշտպանության խնդրով, քանի որ նա չի վստահում իրավապահ մարմիններին և չի ցանկանում իր ընտանիքի անդմաների դեմ բողոք ներկայացնել։ Ցավոք, նմանատիպ դեպքերը շատ են։ ԼԳԲՏ անձինք խուսափում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ նրանք արդյունավետ չեն համարում իրավական պաշտպանության մեխանիզմները, նաև մտավախություն ունեն, որ իրենց նկատմամբ իրականացված հանցագործության, իրենց կողմնորոշման և ինքնության մասին տվյալները կհանրայնացվեն իրավապահ մարմինների կողմից, և, ի վերջո, իրենց պաշտպանված չեն զգում հանցավորներից և վախենում են նրանց հաշվեհարդարից։

Հիշեցնենք, որ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ստանալու համար կարող եք դիմել մեզ՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ՝ զանգահարելով 099522533 հեռախոսահամարով: