Ընտանեկան բռնության դեպք Երեւանում

04-08-2022

Հայաստանում ԼԳԲՏ անձինք շարունակում են բռնության ենթարկվել հասարակական տարբեր ոլորտներում՝ ներառյալ ընտանիքում, կրթական հաստատություններում, աշխատավայրում, մինչև իսկ փողոցում։ Չնայած նրան, որ ենթադրելի է, որ ընտանիքի անդամները պետք է որ ավելի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեն իրենց ԼԳԲՏ զավակների հանդեպ, այնուամենայնիվ, ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճ է գրանցում ճիշտ այնպես, ինչպես սոցիալական այլ ոլորտներում։

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով բռնության դեպքերը պարբերաբար արձանագրվում են Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից։ Բացառություն չէ վերջերս Երևանում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքը, որը ծանր հետևանքներ է ունեցել տուժողի համար։

2022թ․ հունիսի 9-ին Երևանի Անգլիական այգում հայրը բռնության է ենթարկել դստերը` բազմաթիվ հարվածներ հասցնելով դեմքի և պարանոցի շրջանում՝ նրան ֆիզիկական վնասվածքներ և ցավ պատճառելով, և միաժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Դեպքի առթիվ տուժողը՝ Ս․Մ․-ն 2022թ․ հունիսի 10-ին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա նաև նշել է, որ տարիներ շարունակ իր սեռական կողմնորոշման համար հոր և մոր կողմից ենթարկվել է ընտանեկան բռնության։

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն ստանձնել է տուժողի շահերի պաշտպանությունը։ Կազմակերպության փաստաբանը տուժողին ուղեկցել է ոստիկանության բաժին, որտեղ վերջինս հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։

2022թ․ հունիսի 20-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 137․1 հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հատկանշական է, որ տուժողը քրեական գործի հարուցման մասին որոշումը ստացել է միայն ՀՀ գլխավոր դատախազին բողոք ներկայացնելուց հետո՝ 2022թ․ հուլիսի 25-ին, այսինքն՝ քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց։ Սակայն դա քրեադատավարական խախտում է, քանի որ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո տուժողին պետք է ուղարկվեր քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշումը։

Զարմանալին այն է, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ որևէ մատնանշում չկա այն մասին, որ տուժողն ընտանեկան բռնության է ենթարկվել հոր և մոր կողմից։ Քրեական գործը հարուցվել է ոչ թե ընտանեկան բռնության ենթարկվելու փաստով, այլ ծեծի և ծանր վիրավորանք հասցնելու հոդվածներով։ Հետաքննիչն ամենաթեթև հոդվածներով է քրեական գործը հարուցել, որպեսզի բռնարար հայրը և մայրը հետագայում վաղեմության ժամկետի սպառման հիմքով ազատվեն քրեական պատասխանատվությունից։

Գործը գտնվում է քննության փուլում։ Երբ հետաքննությունից հետո գործը փոխանցվել է Կենտրոնի քննչական բաժին, քննիչը տուժողին չի կանչել հարցաքննության և նրան տուժող չի ճանաչել, և, ի վերջո, տուժող կողմի համար պարզ չէ, թե ինչ քննություն է կատարվում։

Սա առաջին դեպքը չէ, երբ քննչական մարմինը արարքի քրեաիրավական որակում տալիս խուսափում է նշել բռնության գլխավոր դրդապատճառը, այն է՝ տուժողի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը, և փոխարենը տեղի ունեցած դեպքը ներկայացնում է մեղմ հանգամանքների լույսի ներքո։ Մյուս կողմից հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ բռնարարը տուժողի ընտանիքի անդամն է, և որ արարքն ըստ էության հանդիսանում է ընտանեկան բռնություն՝ դրանից բխող վտանգավոր ու արատավոր հետևանքներով։ Այստեղից էլ հետևում են քրեադատավարական խախտումները, և, իհարկե, այն, որ ՍԿԳԻ հիմքով տեղի ունեցած բռնության դեպքերով վարվող քրեական գործերը քննչական մարմինների կողմից չեն քննվում բազմակողմանի, արդյունավետ, արդար և անաչառ կերպով։