Իլգա-Եվրոպայի տարեկան դիտարկումը

15-02-2022

Համաձայն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների կարգավիճակի մասին Իլգա-Եվրոպայի կատարած տարեկան դիտարկման՝ 2021թ․ քաղաքական գործիչների և այլ ուժերի կողմից ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ հանրային խոսքի կտրուկ աճ է գրանցվել, որի պատճառով տարածաշրջանի երկրներում գրանցվել են ատելության հիմքով բռնության դեպքեր։ Ի պատասխան՝ շատ երկրներ որոշել են վճռականորեն պայքարել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության և հասարակությունից օտարման դեմ։

Բեռնել զեկույցը (անգլերեն)

Անցած տարվա ընթացքում Եվրոպական երկրների քաղաքական գործիչները շարունակել են ԼԳԲՏԻ անձանց ներկայացնել բացասական լույսի ներքո, ինչը հանգեցրել է ԼԳԲՏԻ անձանց վրա հարձակումների աճի: Միևնույն ժամանակ, հակագենդերային և հակատրանս հռետորաբանությունը շարունակեց լայնորեն տարածվել՝ հիմնականում ուղղված լինելով երիտասարդներին։ Տրանս անձանց և կանանց իրավունքներն այս տարի ևս հակադրվեցին, և այս համատքեստում գենդերի իրավական ճանաչմանն ուղղված բարեփոխում իրականացնելու հնարավորությունը շատ երկրներում նվազեց:

Հայաստանին նվիրված բաժնում մատնանշվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, կողմնակալությամբ պայմանավորված ելույթներն ու բռնությունները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, առողջության իրավունքն ու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը։ 2021 թվականին գրանցվել է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության 27 փաստագրված դեպք, այդ թվում՝ ծեծ, դանակահարություն և այլ լուրջ հարձակումներ։ Արձանագրվել է ընտանեկան բռնության 18 դեպք, որոնցից երեքում տուժողներն անչափահասներ են եղել:

Ակնհայտ է, որ հոմոֆոբիան և տրանսֆոբիան, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մշտական խտրականությունն ու ատելության հիմքով հանցագործությունները, դեռևս տարածված են ամբողջ աշխարհում: ԼԳԲՏԻ հարցերով զբաղվող ՀԿ-ների և պետական կառույցների համագործակցության շնորհիվ է, որ կարող ենք ակնկալել խտրականության նվազեցում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Դրա շնորհիվ կբարձրաձայնվեն ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության խնդիրները, ինչպես նաև կարևորություն կտրվի պետական հատվածի աշխատողների վերապատրաստման և իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը, որպեսզի նրանք կարողանան համապատասխան օգնություն ցուցաբերել ԼԳԲՏԻ անձանց: