Իրավաբանական աջակցության և իրավախախտումների կիսամյակային ամփոփագիր

04-08-2022

2022 թ․ հունվարից հունիս ամիսների ընթացքում Փինքի իրավաբանները և փաստաբանները տրամադրել են 147 իրավաբանական խորհրդատվություն և արձանագրել են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված 22 իրավախախտում։

Փինքը կարևորում է ԼԳԲՏ համայնքի յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանվածությունը։ Այս նպատակով կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական օգնություն՝ խորհրդատվություններ իրավունքների մասին, տարբեր իրավական փաստաթղթերի կազմում, փաստաբանական ներկայացուցչություն ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատարաններում։

2022 թ․ հունվարից հունիս ամիսների ընթացքում կազմակերպության իրավաբանները և փաստաբանները իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել 147 անգամ՝ 89 անձի։ Ընդ որում՝ նշված անձանցից 63-ը իրավաբանական խորհրդատվությունից օգտվել է առաջին անգամ, ինչը նշանակում է, որ օրեցoր ԼԳԲՏ համայնքի ավելի շատ անդամներ են ցանկանում իրենց իրավունքներին քաջատեղյակ լինել։ Պետք է նշել, որ իրավաբանական խորհրդատվություն են ստացել ոչ միայն Երևանում բնակվող ԼԳԲՏ անձինք, այլ նաև Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։ Իրավաբանական խորհրդատվության համար կազմակերպությանն են դիմել սփյուռքում բնակվող հայերը, ինչպես նաև տարբեր օտարերկրացի ԼԳԲՏ անձինք՝ ռուսներ, իրանցիներ, ուկրաինացիներ։ Իրավաբանական աջակցությունը հասանելի է եղել նաև նրանց ծնողների, այլ հարազատների և ընկերների համար։

Իրավաբանական խորհրդատվության համար թեժ գծին են զանգահարել 42 անգամ։ Այնուամենայնիվ, իրավաբանական խորհրդատվությունների մեծամասնությունն իրականացվել է վստահորդների հետ դեմ առ դեմ հանդիպումների միջոցով, ինչը թույլ է տալիս մասնագետի և շահառուի միջև վստահության մթնոլորտ ձևավորել և աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել։

ԼԳԲՏ անձինք խորհրդատվություն են ստացել հետևյալ թեմաներով․

  • անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, դրա խախտումները և դրանց համար պատասխանատվությունը,
  • սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականության դրսևորումները,
  • ֆիզիկական, սեռական բռնության, խոշտանգումների դեպքեր,
  • ընտանեկան բռնություն, դրանից պաշտպանվելու իրավական եղանակները,
  • զինվորական ծառայության հետ կապված հարցեր,
  • ատելության խոսքի դրսևորումները,
  • անձնագիր, կացության կարգավիճակ, վիզա ստանալու վերաբերյալ հարցեր,
  • քրեական գործով անցնելիս տուժողի, մեղադրյալի, իրավապահ մարմինների իրավունքները և պարտականությունները,
  • ամուսնության, ամուսնալուծության, ալիմենտի հետ կապված հարցեր,
  • փախստականի կարգավիճակ ստանալը, իրավունքները և պարտականությունները,
  • տարբեր այլ իրավունքների հետ կապված հարցեր։

Խորհրդատվության ընթացքում սեռական կողմնորոշման և գենդերային արտահայտման նկատմամբ խտրականության դեպքերի բացահայտումից հետո կազմակերպությունը տրամադրում է անվճար փաստաբանական ներկայացուցչություն․ կազմակերպության փաստաբանները իրավախախտումներից տուժածների հետ այցելում են ոստիկանության և քննչական բաժիններ, դատարաններ, որպեսզի պաշտպանեն նրանց շահերը։

2022 թ․ ընթացքում կազմակերպության իրավաբանների և փաստաբանների կողմից ներկայացուցչություն է իրականացվել 23 անգամ։ Նրանք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկված անձանց հետ այցելել են իրավապահ մարմիններ և ներկայացրել են տուժածների շահերը՝ պաշտպանելով նրանց իրավունքները։

2022 թ․ հունվարից հուլիս ամիսների ընթացքում կազմակերպության կողմից արձանագրվել է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված 22 իրավախախտում։ Պետք է նշել, որ այդ թիվը չի արտացոլում Հայաստանում ԼԳԲՏ անձնանց նկատմամբ բռնության դեպքերի ամբողջական պատկերը։ Այն ներառում է միայն Փինքի կողմից արձանագրված դեպքերը, քանի որ բռնության բախված ԼԳԲՏ անձինք հաճախ չեն բարձրաձայնում այդ դեպքերի մասին կամ երբեմն տեղյակ չեն լինում կազմակերպության գործունեության մասին, ուստի դեպքերի մեծամասնությանը կազմակերպությունը, հնարավոր է, տեղյակ չի լինում։ Պատահում է նաև, որ կազմակերպությունը սահմանափակ տեղեկատվություն է ստանում որոշ իրավախախտումների մասին, սակայն դեպքերի մանրամասները պարզել հնարավոր չի լինում, ուստի այդ դեպքերը չեն արձանագրվում և հրապարակվում՝ կազմակերպության վիճակագրությունների արժանահավատությունը ապահովելու համար։

Ֆիզիկական բռնության դեպքեր

Կազմակերպության կողմից հայտնաբերվել են ֆիզիկական բռնության բազմաթիվ դեպքեր։

2022 թ․ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը մոտ 2-ի շրջանում, 2 տրանս կանայք գտնվել են սեռական ծառայություններ մատուցող տրանս կանանց հավաքատեղի համարվող տարածքում։ Նրանց են մոտեցել 23-28 տարեկան 3 երիտասարդ տղաներ, որոնցից մեկը դիմողների նախկին զուգընկերն է եղել, իսկ 2 երիտասարդները եղել են անծանոթ։ Դիմողներից մեկի խոսքերով՝ նրանք գտնվել են հարբած վիճակում։ Տղաները տրանս կանանց ասել են՝ «դավայ եղեք ստեղից», սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին, վիրավորանքներ են հնչեցրել ՍԿԳԻ և նրանց աշխատանքի հետ կապված։ Տղաները սկսել են քաշքշել կանանց՝ մարմնից, պայուսակից, պոկել են նրանցից մեկի արհեստականորեն երկարեցված մազերը, քաշել են մատը, որը վնասվել է։ Կինը թողել է բարձրակրունկները և վազելով անցել փողոցը։ Այդ ընթացքում մեքենաներից մեկը փորձել է նրան վրաերթի ենթարկել՝ վարելով նրա հետևից։ Տղաները ապտակել են նաև մյուս տրանս կնոջը, որը բարձրակրունկներով է եղել և վայր է ընկել։ Այնուհետև սկսել են ոտքերով հարվածել վերջինիս, նրա վրա ծխածոտ են նետել և թքել են։ Դիմողները փորձել են կանգնեցնել ոստիկանության՝ այդտեղով ընթացող մեքենան, որը չի կանգնել, ինչից հետո բռնարարները ասել են՝ «տեսե՛ք, անգամ ոստիկանությունը ձեզ չի օգնում»։

Բռնության հետևանքով վնասվել են կանանցից մեկի կոշիկները, պոկվել են մազերը։ Վերջինս ստիպված է եղել ամբողջությամբ հանել մազերը, հեռացնել եղունգները և թարթիչները՝ վախենալով կրկին բռնության ենթարկվելուց։ Մյուս կինը ստացել է մարմնական բազմաթիվ վնասվածքներ, քերծվել է նրա ոտքը, իսկ հետագայում որովայնի շրջանում ցավեր է ունեցել։

Կանայք ոստիկանություն են զանգահարել։ Ոստիկանությունը դիմողի խոսքերով ժամանել է 1 ժամ անց։ Նրանց և բռնարարներին ոստիկանության բաժին են տարել։ Այդ բաժնում ևս բռնարարները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել կանանց նկատմամբ, ասելով՝ «թողե՛ք, սրանց պիտի մորթենք, սրանց պիտի վերացնենք»։ Ոստիկանները քայլեր չեն ձեռնարկել հնչող բռնության կոչերը կանխելու համար, միայն ասել են՝ «եկե՛ք, սրանք շառ են»՝ նկատի ունենալով տրանս կանանց։

Մեկ այլ դեպքում բռնության են բախվել բիսեքսուալ կինը և նրա զուգընկերուհին։

2022 թ․ ապրիլին դիմողը՝ բիսեքսուալ կին, Կասկադով անցնելիս է եղել զուգընկերուհու հետ՝ վերջինիս ձեռքը բռնած։ Շրջադարձի ժամանակ պատահաբար հայտնվել է անծանոթ մի տղա, որը կլիներ մոտ 22 տարեկան, քաշքշել է դիմողին և զուգընկերուհուն, 3 անգամ բռունցքով հարվածել է դիմողի դեմքի աջ կողմին՝ աչքի հատվածում։ Երիտասարդը նաև պայուսակով հարվածել է դիմողի գլխին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին։ Տղամարդն ասել է՝ «ես բանակ չեմ գնում ծառայում, որ քո նմանները հանգիստ քայլեն երկրում»։ Դիմողի խոսքերով՝ երիտասարդը պատահաբար չէր հայտնվել այդ տարածքում, այլ դարանակալել էր և սպասում էր իրենց, քանի որ ինքը ամեն օր առավոտյան ժամերին անցել է նույն տարածքով։ Իսկ երիտասարդի գործողությունները կապված են եղել դիմողի սեռական կողմնորոշման և արտահայտման հետ, մասնավորապես՝ դիմողը հաճախ զուգընկերուհու ձեռքը բռնած է անցել այդ տարածքով, ինչպես նաև ունի հայկական հանրության համար տարբերվող արտաքին՝ թևերին դաջվածքներ են, մազերի մի մասը սափրած է։

Չնայած տարածքում բազմաթիվ անցորդներ են եղել, սակայն նրանք սկզբում չեն միջամտել։ Կռվի ընթացքում ոմանք միջամտել են, սակայն մեղադրել են դիմողին։ Տարածքի անվտանգության աշխատակիցները բռնությունից որոշ ժամանակ անց ևս միջամտել են և կրկին մեղադրել դիմողին՝ իրեն «ոչ ճիշտ» պահելու համար։

Դեպքեր պետական և իրավապահ մարմիններում

ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ապօրինի գործողությունների դեպքեր են հայտնաբերվել նաև պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից։

Տրանս կինը նոր անձնագիր ստանալու համար ստիպված է եղել գնալ տարածքային զինկոմիսարիատ՝ զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ տեղեկանք ձեռք բերելու համար։ Զինկոմիսարիատում անձին ծաղրել են, անվանել «ապեր»։ Ծառայողները հրաժարվել են դիմողին ծառայության վերաբերյալ տեղեկանք տրամադրել այն պատճառաբանությամբ, որ նրա արտաքինը կնոջ արտաքին է, և իրենք չեն կարող նույնականացնել անձին, չնայած նրան, որ անձը ցույց է տվել իր նախկին անձնագրի լուսանկարը։

2022 թ․ փետրվարի սկզբին պարեկային ծառայողները ոտնահարել են գեյ զույգի իրավունքները։ Դիմողը և նրա զուգընկերը դիմողի մեքենայի մեջ ֆիլմ դիտելիս են եղել, երբ նրանց են մոտեցել պարեկային ծառայության 2 աշխատակիցներ։ Աշխատակիցները պահանջել են ցույց տալ դիմողի պայուսակի պարունակությունը, խուզարկել են մեքենայի սրահը և այլ հատվածներ՝ առանց որևէ որոշում ցույց տալու։ Պարեկային ծառայողները, հասկանալով, որ անձինք նույնասեռական են, սկսել են քամահրաբար վերաբերվել դիմողին և զուգընկերոջը՝ ասելով՝ «ձեզանից ո՞վ է աղջիկ», «քո ընկերուհին ․․․», «չե՞ս ուզում սեռափոխվես», «համ աղջիկների հետ ես, համ տղաների՞»։ Պարեկները նշել են, որ դիմողները հակաօրինական արարք են գործում՝ հանրային վայրում սեռական գործողություններով են զբաղվում, ինչի համար նրանց պետք է տուգանեն։ Նշել են նաև, որ դիմողները պետք է իրենց գումար վճարեն, քանի որ իրենք կանխել են հանցագործությունը։ Նրանք յուրաքանչյուրից պահանջել են 20․000-ական դրամ։ Դիմողը կարողացել է համոզել պարեկներին, որ իրենք հակաօրինական արարք չէին գործում, և չեն վճարել պարեկների պահանջած գումարը։

Մասնագիտական ծառայության ոլորտ

ԼԳԲՏ անձինք խտրականության են ենթարկվում նաև տարբեր մասնագետների կողմից՝ նրանցից ծառայություն ստանալու ընթացքում։

Կազմակերպությանը դիմողը տրանս կին է, որը ցանկանում է սեռափոխության վիրահատություն անցնել։ 2022 թ․ մարտին նա կապ է հաստատել իր նախընտրելի պլաստիկ վիրաբույժի հետ՝ դեմքի պլաստիկա կատարելու համար։ Նրանք որոշ հարցեր են քննարկել միասին, այնուհետև վիրաբույժը ցանկացել է տեսնել անձի լուսանկարները։ Դիմողը ուղարկել է իր լուսանկարները և իր սոցիալական կայքի էջը։ Դրանից հետո դիմողը և վիրաբույժը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ դիմողը հայտնել է, որ ինքը տրանս անձ է և ցանկանում է սեռափոխվել։ Բժիշկը սկսել է կոպիտ խոսել նրա հետ, խտրական արտահայտություններ է արել։ Զանգից հետո, երբ դիմողը փորձել է կրկին կապ հաստատել բժշկի հետ, վերջինս չի պատասխանել նրա զանգերին և նամակներին։

Ընտանեկան բռնություն

2022 թ․ առաջին կիսամյակում արձանագրվել է ընտանեկան բռնության 4 դեպք։ Պետք է նշել, որ նախորդ տարիների համեմատ այս շրջանում ընտանեկան բռնության ավելի քիչ դեպքեր են արձանագրվել։ Օրինակ՝ 2021 թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է ընտանեկան բռնության 11 դեպք, իսկ 2020 թ․ հունվար-հունիսին՝ 12 դեպք։

Դիմողի՝ նույնասեռական կնոջ ընտանիքի անդամները տեղեկացել են նրա սեռական կողմնորոշման մասին, այդ պատճառով փորձել են տանը փակի տակ պահել՝ որոշ ժամանակով սահմանափակելով նրա ազատությունը, ինչպես նաև փորձել են նրան զրկել կապի միջոցներից։ Սակայն վերջինս փախել է տնից և ընկերուհիների հետ գնացել Անգլիական այգի։ 2022 թ․ հունիսի 9-ին տուժողի հայրը գնացել է Անգլիական այգի՝ փորձելով աղջկան ուժի գործադրմամբ տանել տուն, սակայն վերջինս դիմադրել է և չի ցանկացել իր հոր հետ գնալ։ Հայրը, բռնություն գործադրելով, հարվածելով անձի դեմքին, պարանոցին և ողնաշարին, վերջինիս քաշելով տարել է մեքենայի մոտ, հայհոյանքներ է հնչեցրել տուժողի ընկերուհիների հասցեին, որոնք այդ պահին այդտեղ էին։ Այդտեղ են եղել նաև դիմողի քույրը և հորաքույրը, որոնք դիմողի հորն օգնել են դստերը ստիպողաբար մեքենայի մեջ նստեցնել։ Տուժողի հայրը բռնություն է գործադրել նաև տուժողի ընկերուհիների նկատմամբ, որոնք փորձել են տուժողին օգնել։ Հայրը հարվածել է ընկերուհիներից մեկին, որի բերանը սկսել է արյունահոսել։ Այնուհետև տուժողը կարողացել է հոր ձեռքերից փախչել, իսկ ընկերուհիներից մեկը ահազանգել է ոստիկանություն։ Դիմողը նաև հայտնում է, որ իր կյանքում բազմիցս ֆիզիկական բռնության է ենթարկվել մոր և հոր կողմից, մարմնի վրա ունեցել է վնասվածքներ, և այդ վիճակով նաև դպրոց է հաճախել։

Ամփոփում

Անդրադառնալով իրավապահ մարմիններին դիմելու և իրավապահների վերաբերմունքի խնդրին՝ ԼԳԲՏ անձինք այս տարի ևս խուսափում են դիմել իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, քանի որ մտավախություն ունեն, որ կենթարկվեն խտրականության, կամ այնպես է ստացվել, որ նախկինում ենթարկվել են խտրականության իրավապահների կողմից, կամ էլ ծանոթ են իրենց այն ընկերների պատմություններին, որոնք ևս ենթարկվել են խտրականության։ Այլ կերպ ասած՝ ԼԳԲՏ անձինք չեն հավատում, որ ոստիկանները և քննիչները կպաշտպանեն իրենց իրավունքները, և որ հանցավորները պատժի կենթարկվեն։

Առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրված 22 դեպքից միայն 10-ով է դիմում ներկայացվել։ Ներկայացված դիմումների քննությունը միշտ ձգձվել է, և տուժածներին չեն տրամադրվել իրենց հասանելիք փաստաթղթերը։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում դեռևս շարունակվում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման հիմքով խտրականության, բռնության դեպքերը, և չնայած նրան, որ կազմակերպությունը ապահովում է համայնքի իրավական տեղեկացվածությունը և իրականացնում է տուժածների ներկայացուցչությունը, այնուամենայնիվ, խտրականության կանխարգելման հարցում համակարգային փոփոխությունները հնարավոր են միայն պետության ձեռնարկած արդյունավետ քայլերի միջոցով, ինչպիսիք են համապարփակ օրենսդրության ընդունումը և դրա անխտրական կիրառումը։

Հիշեցնենք, որ կարող եք իրավաբանական խորհրդատվություն ստանալ՝ այցելելով կազմակերպություն կամ զանգահարելով մեր իրավաբանական թեժ գծին (099-522-533)։