ԼԳԲՏՔ մարզիկները 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում

25-02-2022

Հետևելով, թե ինչպես են աշխարհի մեծագույն մարզիկները մրցում ամենահին և ամենամեծ մարզական բեմում, հեշտ է զգալ նրանց հույզերը՝ հաջողություններն ու ձախողումները, վերելքներն ու անկումները, սակայն լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և քվիր անձանց համար այս ճանապարհը շատ ավելի բարդ է եղել, քանի որ այն միշտ ուղեկցվել է անարդար և կողմնակալ վերաբերմունքով։ ԼԳԲՏՔ օլիմպիականները երկար ժամանակ ստիպված են եղել թաքցնել իրենց ինքնությունը, որպեսզի կարողանան մասնակցել մրցումներին՝ չենթարկվելով որևէ խտրականության։ Սակայն վերջին մի քանի տարիները ցույց են տալիս, որ օլիմպիական խաղերը և ընդհանրապես սպորտը դարձել են ավելի ներառական։ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել են առնվազն 36 ԼԳԲՏՔ մարզիկներ, ինչը կրկնակի անգամ ավելին է, քան 2018 թվականի խաղերի մասնակիցների թիվը։

Տասնվեց տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակցեց գեղասահքի մրցույթին՝ Պեկինում տեղի ունեցող 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում։ Մեր երկիրը ներկայացրեց Թինա Կարապետյան-Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը։ Թինա Կարապետյանը կանադահայ գեղասահորդուհի է, որը 2014 թվականից հանդես է եկել միջազգային ասպարեզում՝ ներկայացնելով Հայաստանը։ Նա միշտ ընդգծել է իր հայկական արմատների կարևորությունն իր կյանքում և այն հպարտությունը, որով ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում․ «Մեծանալով՝ նկատում էի, որ մարդիկ դժվարանում են արտաբերել ազգանունս, քանի որ «-յան» վերջածանցը տարբերվող էր։ Բայց միջազգային մրցաշարերին մասնակցելու շնորհիվ իմ վախը՝ ասելու, որ հայ եմ, անունս լսելիս վերափոխվեց հպարտության։ Այնքան երջանիկ եմ, որ կարողանում եմ աշխարհին ցույց տալ՝ ովքեր են հայերը»։

2015 թվականին Թինան զույգ կազմեց Սիմոն Պրու-Սենեկալի հետ։ 30-ամյա Սիմոնը հայկական ծագում չունի, սակայն հայ մշակույթին և պատմությանը ծանոթանալուց հետո նա որոշել է ինքն իրեն հայ համարել․ «Հայերը շատ լավն են, հյուրընկալ և առատաձեռն, ընտանիքին նվիրված, նրանք միշտ ուզում են հոգ տանել քո մասին, ամենալավը տալ քեզ։ Ես իսկապես սիրահարվեցի Հայաստանին ու կապվեցի այդ երկրին»։ Սիմոնը բացահայտ կերպով խոսում է իր սեռականության մասին, նա ազնվացել է 2022 թվականի հունվարին՝ ինստագրամյան գրառման միջոցով։ Չնայած այն փաստին, որ վերջին տարիներին Չինաստանի կառավարությունը աշխատել է ԼԳԲՏՔ ակտիվիստների խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ մարզիկներ, այդ թվում՝ Սիմոն Պրու-Սենեկալը, անկեղծ են իրենց լսարանի հետ և հպարտ են իրենց ինքնությամբ։

Ներառականության աճը կարող է փոխակերպիչ ազդեցություն ունենալ ԼԳԲՏՔ երիտասարդների բարեկեցության և հոգեկան առողջության վրա։ Օլիմպիական խաղերը իսկապես նպատակ ունեն բացահայտել տաղանդավոր մարզիկներին և անել այնպես, որ բոլորը իրենց ողջունված զգան, մասնակցեն խաղերին և բարգավաճեն։

(Լուսանկարները՝ Սիմոն Պրու-Սենեկալի ֆեյսբուքյան էջից)