ԼԳԲՏ անձանց ծնողների հետ աշխատանքի առանձնահատկությունները

22-06-2022

Ծնողը հաճախ երեխայի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության բացահայտումից հետո անցնում է մի փուլով, որտեղ բախվում են նրա՝ իր երեխայի մասին ունեցած սպասելիքները և իրականությունը։ Այստեղ մասնագետների դերն ու նշանակությունը առավել կարևոր են։

Հետազոտություններն իրենց հերթին ցույց են տալիս, որ վերապրման փուլերի տևողությունը կարող է տարբեր լինել, հետևաբար, հայրիկների և մայրիկների պարագայում ռեակցիաները ևս կարող են տարբեր լինել։ Ծնողների մոտ վերապրման փուլերը, ինչպես նաև նրանց արձագանքը տարբերվում են, երբ խոսքը գնում է, օր.՝ նույնասեռական աղջկա կամ տղայի մասին, և առավել սուր են արտահայտվում տրանս անձանց պարագայում։

Ներբեռնել ուղեցույցը

Այս ուղեցույցը նախատեսված է հոգեբանների, սոցիալական աշխատողների և հավասարը հավասարին մեթոդով խորհրդատվություն տրամադրող անձանց համար, ինչպես նաև կարող է օգտագործվել որպես ուղղորդող գործիք այլ մասնագետների համար, որոնք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում կաշխատեն ԼԳԲՏ անձանց ծնողների հետ։ Վերջիններս կյանքի տարբեր իրավիճակներում կարող են դիմել մասնագետներին աջակցության համար:

Ուղեցույցը նպատակ ունի նաև տրամադրել զգայուն և աջակցող ընտանեհեն (հիմնված ընտանիքի անդամների հետ աշխատանքի վրա) մոտեցման առանձնահատկությունները, որոնք օգտակար կլինեն մասնագետներին առօրյա աշխատանքների կառուցման համար:

Ուղեցույցի առաջին մասը ներառում է համապարփակ տեղեկատվություն սեռականության, սեռական կողմնորոշմանը, գենդերային ինքնության վերաբերյալ: Երկրորդ հատվածում ներկայացվում են մասնագիտական աջակցության տրամադրման առանձնահատկությունները, հիմնական սկզբունքները: Ուղեցույցը ներառում է նաև եզրույթների բառարան՝ ոլորտին վերաբերող համապատասխան սահմանումներով ու բացատրություններով:

Հեղինակների կողմից ներկայացված տեսական և գործնական մասերը հնարավոր կդարձնեն օգտագործել ստացած տեղեկությունը և պրակտիկ առաջարկները սոցիալական աշխատանքում, հոգեբանական խորհրդատվությունում և հավասարը հավասարին խորհրդատվություն/աջակցություն տրամադրելիս (հավասարը հավասարին խորհրդատվությունը չի ենթադրում մասնագիտական՝ հոգեբանական, սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրում. հավասարը հավասարին խորհրդատվություն տրամադրող անձը համապատասխան վերապատրաստում անցած անձ է, որը աջակցում է հույզերի և մտահոգությունների վերլուծության և, անհրաժեշտության դեպքում, ռեսուրսների տրամադրման հարցով, ինչպես նաև նպաստում ապահով միջավայրի ստեղծմանը): Այլ մասնագիտությունների պարագայում, ինչպիսին է՝ հոգեբուժությունը, մանկավարժությունը և սեքսոլոգիան, ուղեցույցը կարող է ուղղորդող նյութ կամ գործիք հանդիսանալ մասնագիտական աջակցությունը կառուցելու համար: