Լրամփոփ | հուլիս 2026
Փորձի փոխանակման երկօրյա աշխատաժողով Gay Alliance Ukraine-ի հետ

Հուլիսի 1-ին և 2-ին մեր գործընկեր և Արևելյան Եվրոպայում ԼԳԲՏ+ հավասարության կոալիցիայի անդամ՝ Gay Alliance Ukraine-ի հետ անցկացրինք փորձի փոխանակման երկօրյա աշխատաժողով։
Քննարկեցինք տարածաշրջանային համերաշխությունը, Հայաստանի իրավական դաշտը, սոցիալական աշխատանքը, համայնքների զարգացումը և միջսահմանային շահերի պաշտպանությունը։ Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ միասին մարդու իրավունքների և ԼԳԲՏ+ հավասարության համար պայքարելու ճանապարհին։
«Քվիր Քաղաքացի» հանդիպումների վերջնաբանը
Հուլիսի 3-ին ամփոփեցինք «Քվիր քաղաքացու» հանդիպումների հերթական շարքը, որի շրջանակում փետրվարից հուլիս անցկացվել է 12 հանդիպում՝ նվիրված ժողովրդավարությանը, ընտրություններին մասնակցությանը, ԼԳԲՏ+ մարդու իրավունքներին, մեդիա մանիպուլյացիաներին և դրանց ազդեցությանը։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքական ուժերի դիրքորոշումները ԼԳԲՏ+ մարդու իրավունքների վերաբերյալ, վերլուծել մեդիա մանիպուլյացիաները և ընտրություններից հետո անդրադարձել հետագա քայլերին։ Հանդիպումների ավարտին մասնակիցներին նվիրել ենք Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին» գիրքը՝ որպես քաղաքացիական և քաղաքական գործընթացներում կողմնորոշվելու օգտակար ուղեցույց։



Երկօրյա մարզային պլանավորում. «Մերոնցով» ֆորումի շարունակությունը
Հուլիսի 11-12-ը Փինք իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպեց երկօրյա հանդիպում, որը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 25 ԼԳԲՏ+ մասնակցի։
Հանդիպման նպատակն էր ստեղծել անվտանգ տարածք՝ մարզերում ապրող ԼԳԲՏ+ անձանց համար՝ միասին քննարկելու իրենց համայնքներում առկա մարտահրավերները, բացահայտելու առկա ռեսուրսներն ու պատկերացնելու այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել անվտանգ, տեսանելի և արժանապատիվ կյանքով։






Փինքի կիսամյակային ռազմավարական պլանավորում

Հուլիսին տեղի ունեցավ Փինքի կիսամյակային ռազմավարական պլանավորման և գնահատման հանդիպումը՝ վերանայելու իրականացված աշխատանքը, ամփոփելու ձեռքբերումներն ու մարտահրավերները և նախանշելու առաջիկա ռազմավարական ուղղությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև թիմային համագործակցությանը, ասերտիվ հաղորդակցման հմտությունների զարգացմանը և ինքնախնամքի կարևորությանը՝ որպես առողջ և աջակցող աշխատանքային միջավայրի կարևոր բաղադրիչների։