Լրամփոփ | հունվար 2023

30-01-2023

2022 թ.-ի ԼԳԲՏ+ համայնքի կարիքների գնահատման ամփոփում

2022 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում բնակվող ԼԳԲՏ+ համայնքի կարիքների գնահատում։

Հարցաթերթիկը լրացրել է 104 անձ, որոնց թվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, այլ նաև Հնդկաստանից, Լիբանանից, Իրանից, Սիրիայից ժամանած և ՀՀ-ում բնակվող անձինք։

Հարցվածների թվում են ցիսգենդեր կանայք և տղամարդիկ, ոչ բինար և տրանս անձինք։

Արդյունքները ցույց են տալիս, որ բազմաթիվ ԼԳԲՏ+ անձինք դեռևս շարունակում են խտրականության և բուլիինգի ենթարկվել կրթական և առողջապահական հաստատություններում, աշխատանք փնտրելիս կամ հենց աշխատավայրերում։

Հարցմանը մասնակցած բազմաթիվ ԼԳԲՏ+ անձինք օգտվում են մասնագիտական ծառայություններից՝ իրավաբանական խորհրդատվություն (խտրական վերաբերմունքի, ֆիզիկական բռնության, ատելության խոսքի, անձնական տվյալների բացահայտման խնդիրներով), սոցիալական աշխատողի ծառայություն և հոգեբանական աջակցություն։ Այնուամենայնիվ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ ծառայություններ, մասնավորապես՝ առողջապահական ծառայությունները և հոգեբանի ծառայությունը մեծամասամբ ֆինանսապես հասանելի չեն ԼԳԲՏ+ անձանց։ Հարցվածների մեծամասնությունը նախընտրում է մասնագիտական անվճար աջակցություն ստանալ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներում։ Սա պայմանավորված է նրանով, որ շատերը վախենում են ՍԿԳԻ հիմքով խտրականության ենթարկվելուց և վատ վերաբերմունքի արժանանալուց։ Մասնակիցների հիմնական մտահոգությունները և մտավախությունները որպես ՀՀ-ում բնակվող ԼԳԲՏ+ անձ հիմնականում կապված են ընտանիքի անդամների և հարազատների կողմից մերժված լինելու, իրենց անվտանգության, համայնքի բևեռացման և երկրում տիրող սոցիալ-քաղաքական և տնտեսական վիճակի հետ։ Հարցվածների որոշ մասին մտահոգում է Հայաստանում ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու անհնարինությունը։

ՀԻԳ աշխատանքային խմբի 2022 թ․ գործունեության արդյունքներ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» (ՀԻԳ) աշխատանքային խմբի 2022 թվականի գործունեության արդյունքում փոփոխվել են գործող սոցիալական և առողջապահական նշանակություն ունեցող խտրական իրավակարգավորումներից երկուսը։ Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ վերացվել են ՄԻԱՎ և ոչ մանրէազատ տուբերկուլոզ ունեցող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու նախկինում գործող հիմքերը։ Վերացվել է նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հրամանի այն խտրական դրույթը, որի համաձայն նույնասեռական լինելը հանդիսանում էր արյան դոնորության արգելք: Փոխարենը արյունատվության հակացուցումների ցանկում ներառվել է նոր կետ` վերջին 6 ամսվա ընթացքում սեռական հարաբերություններ ունենալը ոչ մշտական զուգընկերոջ հետ:

Ի դեպ, աշխատանքային խմբի նախագահն է հանդիսանում Փինքի հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը։

Տարեկան պլանավորում

2023 թ․ հունվարի 18-ից 21-ը Փինքի երևանյան և մարզային գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական տարեկան պլանավորումը։

Պլանավորման ընթացքում Փինքի աշխատակազմի կողմից քննարկվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող արդիական հարցերը։

Հետադարձ հայացք նետելով նախորդ տարվա ձեռքբերումներին և խնդիրներին՝ կատարեցինք 2023 թ․ տարեկան պլանավորումը, որը հիմնված է Փինքի ռազմավարական ուղղությունները զարգացնելու և բարելավելու վրա։ Տարեկան պլանավորումը կատարելիս աշխատակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել իրավիճակային ռիսկերին և հնարավորություններին, որոնց գնահատումն իրականացնելուց հետո միայն հնարավոր կլինեն հետագա գործողությունները։

Շուռնուխի գործը վերաբացվել է

2018 թ․ Շուռնուխ գյուղում հանգստացող մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ ատելությամբ զուգորդված բռնության պատճառով քրեական գործ էր հարուցվել, որը դեռևս հանգուցալուծում չի ստացել։ Գործը երկու անգամ կարճվել է, իսկ հանցագործների նկատմամբ համաներում է կիրառվել։ Երկրորդ անգամ գործը կարճվել էր 2021 թ․ փետրվարին՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Սակայն հետագայում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ նշել է, որ տուժողների իրավունքները խախտվել են, և գործը պետք է վերաբացվի ու քննվի։ Նշված որոշումը ուժի մեջ է թողնվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

2023 թ․ հունվարի 5-ին Սյունիքի մարզի դատախազությունը որոշում է կայացրել, որով նշվել է, որ վերացվում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության որոշումը, և այդպիսով հանձնարարվել է շարունակել նախաքննությունը և վերացնել տուժողների իրավունքների խախտումը։ Փաստացի, գործը կրկին վերաբացվել է մոտ երկու տարի անց։