Լրամփոփ | մայիս 2023

05-06-2023

IDAHOBIT շաբաթը և Փինքի տարեկան զեկույցը

Մայիսի 15-ից 20-ը Փինքը նշեց IDAHOBIT շաբաթը` ուղղված Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան։ Այս տարի նախատեսել էինք իրականացնել առցանց արշավ և համայնքային միջոցառում։

Առցանց արշավի շրջանակներում հրապարակեցինք ԼԳԲՏ անձանց առնչվող թեմաներով տեսանյութեր, Փինքի Սեռականության գրքույկի թարմացված և վերախմբագրված տարբերակը, տեղեկատվական նյութեր, ինչպես նաև Փինքի «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022 թ․ ընթացքում» տարեկան զեկույցը, որում ամփոփված են կազմակերպության կողմից արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտումները։

IDAHOBIT շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ նաև «Միասնական` պայքարի և բազմազանության մեջ» խորագրով համայնքային միջոցառումը, որի ընթացքում Հայաստանի ԼԳԲՏ+ ակտիվիստները քննարկեցին ակտիվիզմին վերաբերող մի շարք հարցեր, կիսվեցին իրենց գաղափարներով և տեսլականով։ Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում ԼԳԲՏ+ շարժման ապագային և շարժումը զարգացնելու հնարավորություններին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը Նիդերլանդներում

Մայիսի 4-ին Նիդերլանդներում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը, իսկ այնուհետև նշվում է նաև Ազատագրման օրը՝ գերմանական օկուպացիայի ավարտը։

Հիշատակի օրը նշվեց Հաագայում՝ մի հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է անցյալում և ներկայում աշխարհի ցանկացած կետում իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով հալածված և ճնշված ԼԳԲՏԻ անձանց:

Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը։ Նա նշեց, որ չնայած այն բանին, որ եվրոպական մի շարք երկրներում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության հարցում առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, շատ այլ երկրներում ԼԳԲՏԻ անձինք դեռևս դժվարությունների ու խոչընդոտների են բախվում։

Մամիկոնն իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ոստիկանական բռնություններին և նշեց, որ ոստիկանությունը հրաժարվում է պատշաճ կերպով հետաքննել ատելության հիմքով հանցագործությունները՝ այդպիսով կրկնակի խտրականության ենթարկելով ԼԳԲՏԻ անձանց։

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաև Հաագայի փոխքաղաքապետը՝ կաևորելով քվիր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների դերը։

Իլգա-Եվրոպան հրապարակեց 2023թ․ Ծիածան քարտեզը

Մայիսի 11-ին Իլգա-Եվրոպան հրապարակեց իր «Ծիածան Եվրոպայի քարտեզը և ինդեքսը»։ Ծիածան քարտեզի և ինդեքսի նպատակն է գնահատել 49 եվրոպական երկրներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ կիրառվող իրավական և քաղաքական գործընթացները: Եվրոպայի Ծիածան քարտեզը բոլոր 49 եվրոպական երկրները դասակարգում է 0%-ից (մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն) մինչև 100% (մարդու իրավունքների պաշտպանություն, լիարժեք հավասարություն)։

Ըստ այս տարի հրապարակված տվյալների՝ տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությունը Եվրոպայում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակի դրական փոփոխության համար պայքարի առաջնագծում են։ Ըստ չափումների՝ վերջին 12 ամիսների ընթացքում ինտերսեքս անձանց սեռական օրգանների խեղման արգելքները նույնպես նպաստել են երկրների վարկանիշների բարձրացմանը։

Քարտեզի առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Մալթան՝ 89% ցուցանիշով, իսկ Հայաստանը շարունակում է զբաղեցնել սանդղակի վերջին հորիզոնականները՝ 8% ցուցանիշով։ Նշենք, որ Հայաստանն իր դիրքը բարձրացրել է մեկ կետով՝ չեղարկելով արյան դոնորության արգելքը նույնասեռական տղամարդկանց համար։

Փինքի նախագահը ելույթ ունեցավ Ժողովրդավարության հայկական ֆորումին

Մայիսի 31-ին Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Կարինե Աղաջանյանը մասնակցեց Ժողովրդավարության հայկական ֆորումին, որը կրում էր «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը ազգային անվտանգության մարտահրավերների պայմաններում» խորագիրը։ Ֆորումի նպատակն էր քննարկել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու մարտահրավերները:

«Անվտանգային բարդ միջավայրում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ Փինքի նախագահն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը խոչընդոտող օրենսդրական բացերին և իրավապահ մարմինների կողմից խտրական մոտեցմանը։ Նա մասնավորապես ընդգծեց այն փաստը, որ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը ՀՀ օրենսդրության մեջ չեն նշվում որպես պաշտպանվող հատկանիշ, որի պատճառով դժվարանում է ատելության հիմքով հանցագործությունների քննությունն ու խտրականության դեպքերի արձանագրումն ու կանխումը։

Ֆորումը Հայաստանում անցկացվեց արդեն երկրորդ անգամ։ Մասնակիցների ցանկում էին ՀՀ վարչապետը, ՀՀ նախահագը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև դեսպաններ, նախարարներ, քաղաքական և պետական այլ գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության կառույցների անդամներ։