Խոսում են ակտիվիստները․ Արտակ Ադամ

28-06-2023

Հպարտության ամսվա առցանց արշավի մյուս հյուրը Արտակ Ադամն է, ով աշխատում է «Բազմազանություն» սոցիալ-մշակութային իրավապաշտպան ՀԿ-ում որպես կազմակերպության զարգացման պատասխանատու։

Արտակն ի սկզբանե իր ինքնարտահայտվելու և ինքնադրսևորվելու կարիք է ունեցել, սակայն չի ունեցել դրա հնարավորությունը։ Ինքնադրսևորման և ինքնաիրացման հենց այդ կարիքն էլ նրան ստիպեց ներգրավվել ակտիվիզմի մեջ։ Արտակն ակտիվիզմը դիտարկում է որպես հնարավորություն կամ հնարավորությունների ստեղծում, որոնք հիմնված են որոշակի կարիքների վրա։

Որպես ակտիվիստ Արտակը կարևորում է մարդու իրավունքների մասին բարձրաձայնելը թե՛ մասնագիտական, թե՛ սոցիալական մակարդակներում։ Արտակի ակտիվիստական արժեհամակարգը ձևավորված է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա, այնպես որ, նրա համար շատ կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների մասին բարձրաձայնելը։

Արտակի նպատակը մի մեծ հարթակ ստեղծելն է, որտեղ բազում ակտիվիստներ կկարողանան ինքնադրսևորվել ու ինքնաիրացվել, ինչպես և ինքն է ներգրավվել այլ ակտիվիստական հարթակներում իր կարիերայի սկզբում։ Նա նաև ցանկանում է, որ լինեն այնպիսի հարթակներ, որոնք կներգրավեն երիտասարդներին կամ ԼԳԲՏ անձանց ակտիվիզմի մեջ, իսկ այդ հարթակները պետք է հիմնված լինեն մարդու հիմնարար ազատությունների վրա։

Իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելիս Արտակը կարևորում է փորձի փոխանակումը․ խոսքը վերաբերում է ոչ միայն անհատական կամ աշխատանքային փորձի փոխանակմանը, այլև կենսափորձի փոխանակմանը, իրազեկմանն ու լուսաբանմանը, որը նա բազմիցս կիրառում է ԼԳԲՏ անձանց համար աշխատելիս։ Նա կարծում է, որ կենսափորձի մասին իրազեկումն այլոց հնարավորություն է տալիս ճանաչել ԼԳԲՏ անձանց ու ծանոթանալ քվիր գաղափարախոսությանը։

Արտակը բազմիցս ենթարկվել է բռնության և խտրականացված վերաբերմունքի, քանի որ հասարակությունը շատ հաճախ իրազեկված չէ մարդու իրավունքների կամ ԼԳԲՏ անձանց մասին, սակայն դա չի կոտրել նրա ակտիվիստական եռանդը, և նա շարունակել է հասարակությանն իրազեկել քվիր անձանց ու քվիր գաղափարախոսության մասին։ Ակտիվիզմով զբաղվելիս Արտակի համար ամենամեծ մարտահրավերներից է այն, որ երբեմն հենց ոստիկանական ու պետական մարմիններին իրազեկելն է դժվար, սակայն, այնուամենայնիվ, նա մեթոդներ է կիրառում իրավակիրառ մարմիններին նույնպես ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին իրազեկելու ուղղությամբ։

Յուրաքանչյուր ակտիվիստ իր գործունեության ընթացքում հասնում է որոշակի հաջողությունների՝ չնայած մշտապես առաջ եկող մարտահրավերներին։ Իր ակտիվիստական գործունեության հաջողություններից Արտակը նշում է այն, որ արդեն շատերն իրեն ճանաչում են որպես ակտիվիստ և որպես իրավապաշտպան, ինչն իրեն թույլ է տալիս գիտակցել, որ նա կարողացել է հնարավորություններ ստեղծել մարդկանց համար, ինչն է՛լ ավելի է մոտիվացնում նրան։

Արտակն իրեն համարում է փոփոխություններ բերող անձ, ինչն ուղղակիորեն կապված է իր ակտիվիստ լինելու հետ։ Ակտիվիզմն Արտակի համար շատ հոգեհարազատ բնագավառ է, որի միջոցով նա կարող է բարձրաձայնել տարբեր խնդիրների մասին և ստեղծել հնարավորություններ դրանց կարիքն ունեցող անձանց համար։